
Այսօր «Օջախ» ռեստորանում «մեկնարկում» է ՀՀԿ-ականների` ամանորյա «քեֆերի» շարքը: Ժամը 18:00-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ռեստորանում հավաքվելու են ՀՀԿ-ականները: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հրավերով «քեֆին» կմասնակցեն նաեւ «կոալիցիոն գործընկերները»: Հրավիրյալների շարքում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ եւս կմասնակցեն հավաքին. բացառված չէ, որ ՀՅԴ խմբակցության վերնախավը եւս կընդունի հրավերը: Երեկ ԱԺ-ում խոսակցություններ էին շրջանառվում, համաձայն որոնց` «քեֆի սեղանների» շուրջ հստակ կլուծվի ԲՀԿ-ՀՀԿ համագործակցության կամ չհամագործակցության հարցը:
Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանը պնդելու է իր առաջարկը` ուղղված գագիկ Ծառուկյանին, այն է` ՀՀ առողջապահության նախարարի պորտֆելը հանձնել ՀՀԿ-ին եւ դրա փոխարեն վերցնել այլ նախարարության պորտֆել: Սերժ Սարգսյանի շրջապատից եկող խոսակցությունների համաձայն` Սարգսյանն ամեն գնով ուզում է ԲՀԿ-ից «հետ կորզել» ՀՀ առողջապահության նախարարի աթոռը եւ այնտեղ Հարություն Քուշկյանի փոխարեն նշանակել մեկ ուրիշին:
Խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանն այդպես էլ չի կարողանում Քուշկյանին ընկալել որպես Ռոբերտ Քոչարյանից «տարանջատված» ֆիգուր: Եթե դեպքերը զարգանան այնպես, որ ԲՀԿ-ն «զիջի» առողջապահության նախարարի պորտֆելը, ապա բացառված չէ, որ ՀՀ կրթության եւ գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը նշանակվի առողջապահության նախարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել