Սամվել Նիկոյանը կարծում է, որ Կառավարությունը նախագծերը չի «սղացնում»
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ արտահերթ նստաշրջանով Կառավարությունը փորձում է օրենքի ուժ տալ այն նախագծերին, որոնց վերաբերյալ լուրջ քննարկումներ չեն եղել:
«Անկեղծ ասած` այդ գնահատականը` շտապողականություն, ճիշտ չեմ համարում: Նախագծերի 70 տոկոսը ծանոթ նախագծեր են, առաջին ընթերցմամբ քննարկված, նույնիսկ նախագծեր կան, որոնց հետ կապված լսումներ են եղել: Բոլորն այդ նախագծերի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնել են: Իհարկե, կան նաեւ նոր նախագծեր: Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի քննարկման արդյունքում որոշ նախագծեր հետ վերցվեցին: Ամեն դեպքում Կառավարությունն օգտագործում է իր սահմանադրական իրավունքը եւ այն նախագծերը, որոնք պետք է հունվարից կիրառման մեջ լինեն, Կառավարությունը փորձում է իրականացնել»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Սամվել Նիկոյանը:
Իսկ ընդդիմադիր պատգամավորների այն դժգոհությանը, թե առանց քննարկման բերում նախագծերը «սղացնում» են, Ս. Նիկոյանը համամիտ չէ: «Նույնիսկ այն օրենքը (նկատի ունի «Լեզվի մասին» օրենքը,- հեղ.), որ բավական երկար ժամանակ քննարկվել է, երկու անգամ լսումներ է անցել, հանձնաժողովի դրական եզրակացությունը կա, դրա հետ կապված միտինգներ, ցույցեր, երթեր են եղել, էլի դժգոհում են»,- ավելացրեց Սամվել Նիկոյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել