Կապանի համատիրությունները ավելորդ կառույցներ են
Կապանում մոտ 200 բազմաբնակարան շենքերի տանիքներ նորոգման կարիք ունեն: Դրանցից 70-ի տանիքները շտապ պետք է վերանորոգել: 1996 թ.-ից Կապանում ստեղծվել են համատիրություններ, որոնց գործառույթի մեջ է մտնում համատիրության մեջ ընդգրկված բազմաբնակարան շենքերի պահպանությունը: Սակայն 14 տարվա պատմություն ունեցող այս կառույցներն ի վիճակի չեն ոչ տանիք, ոչ վերելակներ վերանորոգել, ոչ էլ բնակելի շենքերի մուտքերը բարեկարգել:
«Գումարներ չկան»,- սա է համատիրությունների նախագահների միակ պատասխանը: Նրանք ասում են, որ բնակիչները համատիրություններին գումարներ չեն վճարում, որպեսզի հավաքագրված գումարներով կարողանան աշխատանքներ իրականացնել:
«10 տարի է` ես աշխատում եմ որպես համատիրության նախագահ, էս ընթացքում 21-22 մլն դրամի պարտք է կուտակվել: Ամսական 400-420 դրամ գումար պետք է վճարեն ամեն մի բնակարանի համար, չեն վճարել, էսքան պարտք է հավաքվել: Էնքան գործ կա անելու, վերելակների, տանիքների նորոգման անհրաժեշտություն կա, գնամ ու՞մ ասեմ` շիֆեր տուր, շենքիս տանիքը սարքեմ, հետո էդ գումարը որտեղի՞ց եմ վճարելու: Հարկայինին էլ էինք պարտք, բայց դե մի կերպ էդ պարտքը փակեցինք»,- ասում է «Դավիթ Բեկ» համատիրության նախագահ Էդիկ Սիմոնյանը:
Տիկին Մարիետան Դավիթ Բեկ թաղամասում է բնակվում, ասում է, որ համատիրության կողմից ոչ մի գործ չի արվում իրենց շենքերի համար, ուստի գումար չեն վճարում:
«Հենց այնպես գումար ինչի՞ պիտի վճարենք: Եթե տեսնեինք, որ համատիրությունը մտածում է մեր մասին, ինչ-որ աշխատանքներ է իրականացնում, ու աննպատակ չեն մեր վճարումները, այդ ժամանակ մեծ սիրով ամեն ամիս նախատեսված գումարը կվճարեինք»,- ասում է տիկին Մարիետան:
Ռաֆայել Մինասյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչ Աշոտը մեզ հետ ունեցած զրույցում նշում է, որ շենքի բնակիչները համատիրության հետ հույս չեն կապում, եւ ծագած խնդիրները շենքի բնակիչներով են լուծում:
«Հարյուր անգամ լիֆտը փչացել է, քանի անգամ է մեջը մարդ մնացել: Շենքի բնակիչներով ենք փող հավաքել մատորի, տարբեր մասերի համար, մասնագետ ենք կանչել, բերել սարքել, մեր գլխի ճարը տեսել»,- ասում է Աշոտը:
Մինչդեռ տարբեր համատիրությունների նախագահները շարունակում են պնդել, որ իրենք անհրաժեշտ գումարի բացակայության պատճառով են, որ աշխատանքներ չեն անում:
Կապանի Շահումյան փողոցի 27 բազմաբնակարան շենքերը սպասարկող «Աջափնյակ» համատիրության նախագահ Հենրիկ Գեւորգյանը 12 տարի է, որ զբաղեցնում է իր պաշտոնը, ասում է` ամսական 60 հազար գումար հազիվ է հավաքագրվում, դա էլ նույնիսկ չի հերիքում` համատիրության 2 աշխատողների աշխատավարձի եւգրասենյակի վարձակալության վճարի համար:
«Եթե քաղաքապետարանը տանիքների համար շիֆեր, բան է հատկացնում, անում ենք, թե չէ մենք ոչինչ չենք կարողանում անել հավաքված գումարով»,- ասում է Հենրիկ Գեւորգյանը:
Պատկերը նույնն է քաղաքի երկու տասնյակի հասնող բոլոր համատիրություններում: Ընթացիկ տարում Կապանի քաղաքապետարանը տեղական բյուջեի միջոցներով քաղաքի Բաղաբերդ, Ձորք եւ Հալիձոր թաղամասերում հիմնանորոգվել է բազմաբնակարան շենքերի հինգ հարթ եւ երեք լանջավոր տանիքներ` Շահումյան, Հարությունյան եւ Պապյան փողոցներում, որոնց համար համայնքային բյուջեից հատկացվել է 44 մլն 133 հազար դրամ:
Սակայն եկող տարվա համար այդ նպատակով 2011 թ.-ի բյուջեով նախատեսված է ավելի քիչ գումար` 12 մլն 240 հազար դրամ:
Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը եկող տարվանից նախատեսել է այլ ձեւով մոտենալ հարցի լուծմանը: Քաղաքապետարնն արդեն աջակցողի դերում հանդես կգա, եւ բնակելի շենքերի տանիքների նորոգման ժամանակ պետք է ներդրումներ անեն նաեւ սեփականատեր հանդիսացող տվյալ շենքի բնակիչները:
«Քաղաքապետարանի բյուջեն հնարավորություն չունի լիովին իրականացնելու քաղաքի բազմաբնակարան շենքերի պահպանությունը` հոգ տանելու շենքերի տանիքների, վերելակների, մուտքերի դռների, լուսամուտների պահպանման եւ նորոգման ու բարեկարգման համար, համատիրություններն էլ չեն կարողանում անհրաժեշտ գումար հավաքեն»,- տեղեկացնում է Ա. Աթայանը:
Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Վիլեն Բադալյանին վրդովվեցնում է այն փաստը, որ իրենց կատարված աշխատանքները բնակչության կողմից շատ ժամանակ անշնորհակալ վերաբերմունքի են արժանանում:
«Հաջորդ տարի մենք այլ մոտեցում ենք ցուցաբերելու: Եթե շենքի բնակչության կողմից պահանջվող գումարի գոնե 20 տոկոսը հավաքագրվի` սեփականության պահպանման համար, մենք կմտածենք տանիքի վերանորոգման համար: Մենք 2 կոպեկ փող ենք հավաքում` մանակապարտեզ պահելու համար, փողոց նորոգելու, քաղաքի աղբահանությունը ապահովելու, ուրիշի սեփականության շենքերի տանիքներին ենք էդ գումարներից հատկացնում, մի հատ էլ դժգոհում են բնակիչները, գրություններ են ուղարկում, դժգոհում են, թե քաղաքապետարանը լավ չի անում կամ չի անում, մեզ են մեղադրում, հայհոյանքներով ասում են, թե մեր տանիքը չեք վերանորոգում: Կառավարությանը դիմում ենք, ասում ենք` գումար տվեք, տանիքները նորոգենք, ասում են` դուք ի՞նչ կապ ունենք տանիքների հետ, դրանք համատիրությունների պարտականությունն են: Մինչեւ հիմա Կառավարությունը գումար չի տվել` տանիքների նորոգման համար: Միայն գումար է հատկացրել` քամիների հետեւանքները վերացնելու համար: Իսկ համատիրություններն իրականում չեն գործում. ձեւական թղթախաղությամբ են զբաղվում: Բնակիչները չեն վճարում, ուրեմն էդ կառույցը չի գործում, նրանք պարտավոր են բնակչին համոզեն, որպեսզի վճարումներ անեն, ցույց տան, որ այդ գումարը ներդրվել է այսինչ գործի համար: Հազիվ հավաքված գումարը աշխատավարձին է բավականեցնում, այդ դեպքում ինչի՞ համար է համատիրությունը, եթե իր առաքելությունը չի կարողանում իրականացնել»,- նշում է Վիլեն Բադալյանը:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել