
Նախորդ տարիների համեմատ` այս տարի տարեմուտի տոնական սեղանները Ալավերդիում ավելի աղքատ կլինեն սննդամթերքի աննախադեպ բարձր գների պատճառով: Այս պահին Ալավերդու շուկաներում տավարի 1 կգ փափուկ միսն արժե 2800 դրամ, խոզի և տավարի ոսկրոտ մսերի 1 կգ-ը` 2200 դրամ: Ալավերդու Հայպետշին թաղամասի շուկայի մսավաճառ Արմեն Գալստյանի կարծիքով` տավարի փափուկ մսի 1 կգ-ի գինը դեկտեմբերի վերջին օրերին կհասնի մինչև 3500 դրամի: «Այս պահին բնակչության գնողունակությունը շատ ցածր է,սակայն հեռատես բնակիչների մի մասը դեկտեմբերի մեկից նոր տարվա սեղանների համար միս է գնում»,- ասում է մսավաճառը:
Նոր տարվա սեղանների ուտեստները Ալավերդիում հատկապես անհասանելի կլինեն սոցիալապես անապահով շերտերի համար, ովքեր ամեն օր շրջում են խանութներում և շուկայում, սակայն այդպես էլ ոչինչ չեն գնում:
Ալավերդին դեռևս տոնականորեն զարդարված չէ: Նախկին տարիներին ալավերդցիները դժգոհում էին քաղաքի տոնածառի անշուք տեսքից: Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը հայտնեց, որ Ալավերդին տոնական տեսք կստանա դեկտեմբերի 25-ից հետո, իսկ տոնածառը կտեղադրվի տոնական միջոցառումների նախօրեին, այսինքն` դեկտեմբերի 30-ին:
«Նախ` մեզ մոտ չկա տոնածառը և քաղաքը հատուկ զարդարող ծառայություն: Եթե մենք փորձենք այդպիսի ծառայության հրավիրել Վանաձորից կամ Երևանից, դա մեզ համար շատ թանկ հաճույք կլինի: Վերջին երկու տարիներին մեր քաղաքի տոնածառը զարդարելու աշխատանքները հանձնարարում ենք մեր մշակույթի պալատին: Զարդարված տոնածառը ինձ դուր է գալիս առաջին 2 ժամը: Նրանից հետո տոնածառի բոլոր խաղալիքները, որին մարդու ձեռք կարող է հասնել, գողանում են` սկսած լույսերից, վերջացրած խաղալիքներով: Միջոցառման օրը մի կերպ փորձում ենք պահպանել այդ տեսքը, միջոցառումից հետո տոնածառն անմիջապես մերկանում է»,- բացատրում է քաղաքապետը:
Տոնածառը «մերկացնողները» քաղաքի անապահով ընտանիքների երեխաներն են: «Նրանք ուզում են իրենց տան տոնածառները գեղեցիկ տեսնել, դրա համար էլ գողանում են քաղաքի տոնածառի խաղալիքներն ու լույսերը` մոռանալով, որ մեր կողմից տեղադրված գեղեցիկ տոնածառը իրենց մեծ տան տոնածառն է»,- ավելացնում է Ա. Նալբանդյանը:
Նա հավատացնում է, որ տոնածառը կարող է տեղադրել հենց այս պահին, սակայն այն զարդարելը բյուջեի վրա նստում է 100-150 հազար դրամ, ուստի կրկնակի ծախսեր չանելու պատճառով տոնածառը պետք է զարդարեն նոր տարվա նախօրեին:
Քաղաքապետարանի կողմից Նոր տարին մեծ շուքով չի նշվի ֆինանսական ծանր վիճակի պատճառով: Այս տարի Ալավերդի համայնքի շուրջ 300 մլն դրամ բյուջեից 800 000 դրամ է նախատեսված տարեմուտի տոնական միջոցառումների համար: Արթուր Նալբանդյանն ասում է, որ այս գումարին կավելացվի նաև 2010 թ.-ի բյուջեի այլ տողերի խնայողություններից 150.000 դրամ: Նախորդ տարիներին «Մանես» հիմնադրամը Նոր տարվա նախօրեին հանրապետության աստղերին հրավիրել է Ալավերդի` տոնական համերգի, կազմակերպել է նաև հրավառություններ, որը այս տարի չի լինի:
Քաղաքպետն ասում է, որ դրա փոխարեն տոնական միջոցառումներ կանցկացվեն քաղաքապետարանի բոլոր ենթակառուցվածքներում: Տոնական միջոցառումներ կկազմակերպվեն քաղաքի 6 մանկապարտեզներում: Ընդհանուր թվով 600 նվերներ են պատրաստելու, որից 410-ը կնվիրվեն մանկապարտեզների երեխաներին: Նվերներ կստանան նաև զոհված ազատամարտիկների և քաղաքի ներառական դպրոցում ընդգրկված հաշմանդամ երեխաները:
Ներառական դպրոցում չընդգրկված հաշմանդամ երեխաների հաշվառում քաղաքապետարանի կողմից չի կատարվել, այդ պատճառով էլ նրանք չեն ստանա տոնական նվերներ: Ակներ գյուղական թաղամասի թատրոնի կոլեկտիվը տոնական ներկայացումներ է պատրաստում գյուղի մեծահասակների և երեխաների համար: Ամանօրյա համերգների ծրագիր է մշակվում նաև Ալավերդու մշակույթի պալատը:
Արթուր Նալբանդյանը չի կարծում, թե սոցիալական ծանր վիճակի պատճառով կլինեն տոնական սեղաններ չպատրաստող ալավերդցիներ. «Շատ լավ հասկանում եմ, որ այս տարվա Նոր տարին ալավերդցիների համար հեշտ չի լինելու: Գիտեմ նաև, որ մանավանդ փոքր երեխաներ ունեցող ընտանիքները պատրաստ են նոր տարին դիմավորելու համար վարկ վերցնել, որը ամբողջ տարվա ընթացքում մի կերպ փակելու են: Դժվար է լինելու, միանշանակ դժվար է»:
Նալբանդյանի տեղակցամամբ` կենսաթոշակառուներին և հաշմանդամներին կբաժանվի բյուջեի սոցիալական օգնության համար նախատեսված գումարների դեռևս չծախսված 200.000 դրամը: Քաղաքապետը 2010 թ.-ը Ալավերդու համար գնահատեց ոչ շատ հեշտ, որ դժվար տարի. «Ուղղակի ճգնաժամից հետո Ալավերդին դարձավ բացարձակ սոցիալապես անապահով քաղաք: Աշխատատեղերը մեր քաղաքի ամենալուրջ հիմնախնդիրն են»
Վերջինիս տվյալներով` Ալավերդիում գործազուրկ է աշխատունակ բնակչության շուրջ 30 տոկոսը: Բնակչության արտագաղթի հետ կապված ուսումնասիրություններ Ալավերդու քաղաքապետարանում առ այսօր չեն կատարվել:
«Տարին ավարտվելուց հետո առաջին 2 ամսում այդ հաշվարկը կունենանք, սակայն արտագաղթը այս տարի Ալավերդիում նկատվում է»,- երբեմնի 25,5 հազար բնակչություն ունեցող քաղաքի մասին ասում է քաղաքապետն ու որպես վերջաբան շնորհավորում է հանրապետության տարբեր բնակավայրերում և աշխարհով սփռված ալավերդցիների Ամանորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել