Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ
Հանրապետության ղեկավարն այցելել է Գորիսի հիմնանորոգված բժշկական կենտրոն, որը մարզային հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում հագեցվել է նաև բժշկական ժամանակակից սարքավորումներով ու գույքով: Կենտրոնում աշխատանքներ են իրականացվել ղեկավար անձնակազմի վերապատրաստման, հիվանդանոցի կառավարման ժամանակակից սկզբունքների և համակարգերի ներդրման ուղղությամբ:
Համաշխարհային բանկի վարկային ծրագրով այս բուժհաստատությունում ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 1.078.602.000.0 դրամ (շուրջ 2 մլն 900 հազար ԱՄՆ դոլար): 2009 թ. դեկտեմբերից մինչ այժմ արդիականացման աշխատանքներ են իրականացվել ևս չորս մարզային` Հրազդանի, Իջևանի, Արմավիրի, Արարատի բժշկական կենտրոններում` նպատակ ունենալով նպաստել հիվանդանոցային բուժօգնության մատչելիության աճին` տեղում բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցմամբ նվազեցնելով մարզերից Երևան հիվանդների հոսքը: Գորիսի բժշկական կենտրոնում Հանրապետության ղեկավարը ծանոթացել է իրականացված աշխատանքին և դրա արդյունքում բուժհաստատությունում ստեղծված պայմաններին, օպտիմալացման ու ներդրումային ծրագրերին: Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նաև «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի հանքաքարի վերամշակման հարստացուցիչ ֆաբրիկա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել