Գեղամ Մանուկյան. «ԶԼՄ-ները կոռումպացված հասարակության մասն են»
Հայաստանյան լրատվամիջոցներում առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին մեր հարցերին պատասխանում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը:
Պրն Մանուկյան, ըստ Ձեզ` հայաստանյան լրատվամիջոցներն ինչքանո՞վ են ազատ եւ անկախ:
Հայաստանում ազատ եւ անկախ զանգվածային լրատվական միջոց (ԶԼՄ) չկա: Անկախ են այնքանով, որքանով գործում են այս կամ այն պատվիրատուի (կամ տիրոջ) շահերից ելնելով: Շատ թերթեր եւ լրատվամիջոցներ (հեռուստաընկերությունները (հ/ը) մի փոքր այլ թեմա է) հանդես են գալիս որպես անկախ: Բայց իրենք իրականում գործում են իբրեւ քարոզչամիջոց եւ իրականացնում տոտալ քարոզչություն: Այո, հ/ը-ներում չկա բազմակարծություն:
Բայց ես չեմ հավատում, որ թերթերում կա: Թերթերից մեկը, որ հանդես է գալիս իբրեւ ամենաօբյեկտիվն ու անկախը, այնուամենայնիվ, շատ գեղեցիկ խոսք է գրում մի նախարարի մասին, որի շուրջ Հայաստանում երկար տարիներ եղել են բազում խոսակցություններ: Նախարար, ով զբաղվել է բիզնեսով եւ ունի անհավատալի մեծ հարստություն: Սակայն նրա մասին թերթը շատ գեղեցիկ լուր է տպագրում, որովհետեւ տվյալ անձը ֆինանսավորել է այդ թերթը:
Կբնորոշե՞ք այսօր ԶԼՄ-ների առջեւ ծառացած հիմնական խնդիրները, եւ ի՞նչ հեռանկար եք տեսում լրատվամիջոցների համար: Կոնկրետ «Երկիր Մեդիա» հ/ը ի՞նչ խնդիրներ ունի:
Կարելի է ասել` մեր խնդիրները միշտ եղել են նույնը: Մեզ համար ամենից կարեւորը Հայաստանի շարքային քաղաքացին է: Եվ ամեն անգամ ես շատ ուրախանում եմ, երբ կարողանում ենք աջակցել որեւէ մարդու պրոբլեմի լուծմանը: Ես շատ ուրախ եմ եղել, ասենք, Խարբերդի ամառանոցների բնակիչների համար, որոնք 1,5 տարվա ընդմիջումից հետո վերջապես կարողացել են ջուր ստանալ: Ուրախ եմ եղել մեր հ/ը հարեւանությամբ ապրող մի տատիկի համար, որի տան ջրագիծը մոտ երկու շաբաթ չէր աշխատում, բայց հետո սկսեց գործել: Ես ուրախացել եմ ՀՀ շարքային, պարզ քաղաքացու համար, որը հավաստի տեղեկություն է ստացել:
Ինչ վերաբերում է հեռանկարին, ապա մեր լրատվամիջոցներում շարունակվելու է այն վիճակը, ինչն այսօր կա: Իսկ այսօր մեր ԶԼՄ-ները նույն կոռումպացված հասարակության մասն են: Լրատվամիջոցները սեւ աշխատավարձ են տալիս, պետությունից թաքցնում են իրենց եկամուտները, թաքնված գովազդ են անում, գովերգում են այս կամ այն օլիգարխին, բիզնեսմենին` չասելով` գիտե՞ք, սիրելի հայրենակիցներ, այս ամենը ես կատարում եմ վճարովի հիմունքներով: Այսօր Հայաստանի ԶԼՄ-ներում գործում է հետեւյալ համակարգը` չեն օրինականացնում այն գումարները, որ ստանում են, բայց խոսում են այդ ամենի մասին` որպես դատապարտելի երեւույթ:
Կգնահատե՞ք ԶԼՄ-ների, մասնավորապես «Երկիր Մեդիայի» գործունեությունը նախընտրական, հետընտրական շրջանում եւ արտակարգ դրության ժամանակ:
Մեր գործելաոճը որեւէ փոփոխության չի ենթարկվել: Ես շատ ուրախ եմ «Երկիր Մեդիայի» համար մեկ պարզ պատճառով: Այն այլանդակ սուտը, որ տարածվեց ընդդիմության կողմից, թե իբր մի քանի մարդ Մյասնիկյանի արձանի մոտ մեքենայի տակ են ընկել, «Երկիր Մեդիա»-ի ցուցադրած կադրերի արդյունքում հերքվեց: Պարզվեց, որ այդպիսի բան չի եղել:
Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում հայտնի իրադարձությունների ժամանակ «Երկիր Մեդիա» հ/ը տեսաերիզը խլեցին: Խնդրում եմ` մեկնաբանեք այդ երեւույթը եւ ասեք, թե ի՞նչ քայլեր եք ձեռնարկել տեսաերիզը վերադարձնելու համար:
Մարտի 1-ին առավոտյան ժամը 7-ին զանգահարել են ինձ եւ ասել, որ Օպերայի հրապարակում ցուցարարներին ցրել են: Միանգամից լրագրողին եւ օպերատորին ուղարկել եմ դեպքի վայր: Հիմա մեծ գաղտնիք եմ բացահայտելու, որն առաջին անգամ «Հետքին» եմ ասում: Արման Մուսինյանն այդ ժամանակ հայտարարում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն Օպերայի հրապարակում է: Մեր լրագրողը նույն պահին կանգնած էր հրապարակում, բայց Տեր-Պետրոսյանն այնտեղ չէր: Հետո հասկացա, թե որն էր գաղտնիքը: Այդպես էր ասվում, որպեսզի ժողովուրդը շարունակի հավաքվել Ազատության հրապարակում:
Մերոնք նկարել են, երբ արդեն նստացույցը ցրված էր: Նկարել են Օպերայի շրջապատված հրապարակը, եւ հետաքրքիրն այն է, որ հնարավորություն էին ունեցել մտնել հենց հրապարակ: Իրականում, երբ նկարագրում են, թե արյան գետեր են եղել, այդպիսի բան չի եղել: Մեր աշխատակիցները նկարահանել էին մինչեւ ցույցի սկսվելը, բայց ոստիկանները տեսաերիզը խլել էին: Դե, վիճակն արտակարգ էր, որի ժամանակ որեւէ մեկը չի հասկանում, թե ինչ է անում: Մի մասն, իհարկե, հասկանում է, թե ինչ պրովակացիա է անում: Մյուս մասն էլ ուղղակի չի հասկանում, թե ինչ է անում:
Տեսաերիզը վերադարձնելու համար մի քանի անգամ խոսեցինք, բայց հետո մոռացանք այդ մասին, որովհետեւ ամբողջ օրն այնքան նյութ ցուցադրեցինք, որ այլեւս այդ տեսաերիզի կարիքը չկար:
Ես ուզում եմ նկատել, որ Ձեր նշած ժամանակահատվածում «Ազատություն» ռադիոկայանը հենց Ազատության հրապարակում Լ. Տեր-Պետրոսյանից հարցազրույց էր վերցրել: Բացի այդ, թերթերը տպագրել էին Տեր-Պետրոսյանի լուսանկարները` մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում նստարանին նստած:
Ես չգիտեմ, թե հարցազրույցը կամ լուսանկարը որ ժամին է արվել: Բայց իմ նշած ժամին Տեր-Պետրոսյանն այդտեղ չէր: Այստեղ մեծ խաղ կա: Կրկնում եմ` իրենք դա անում էին, որպեսզի մարդկանց բերեն հրապարակ:
Վերադառնանք ԶԼՄ-ին: Ստեղծված իրավիճակում մեր լրատվամիջոցները պատասխանատվության, մեղքի բաժին ունե՞ն:
Այո, պատասխանատվություն ունեին: Մարտիմեկյան որոշ իրադարձությունների ժամանակ հասկացա, որ այդ պատասխանատվությունն ավելի վտանգավոր է: Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավորը կարող էր հայտարարել, թե ավտովթար է տեղի ունեցել, եւ բազմաթիվ մարդիկ ընկել են մեքենայի տակ: Հետո ստիպված ինձանից կադրերը վերցրին եւ տեսան, որ մեքենայի տակ մարդ չի ճզմվել, ինչպես հայտարարվում էր խորհրդարանում:
Հիմա շատ անկեղծ եմ խոսում: Պատասխանատվությունը հետեւյալն է` պետք է ասել ճշմարտությունը: Հաճախ լրատվամիջոցներն ուղղակի ընկնում են ազդեցության տակ եւ վախենում են դա անել: Իսկ ես ուզում եմ ասել ճշմարտությունը: Ճիշտ է` մարդիկ ավելի հետաքրքիր եւ սուր նյութեր են ուզում, եւ հաճախ ընկնում ես այդ հեւքի տակ: Բայց հետո, երբ ավելի սառն ես դատում, հասկանում ես, որ արդար չէ, որովհետեւ ճիշտը չասեցիր, այլ հեւքի մեջ էիր:
Իսկ այս վիճակից դուրս գալու համար ի՞նչ դեր կարող են ստանձնել ԶԼՄ-ները:
Չեմ կարող պատասխանել: Իրոք, չեմ կարող:
Ի՞նչ տեղ ունեն մեր լրատվամիջոցներում գրաքննությունը եւ ինքնագրաքննությունը:
Իրականում գրաքննություն չկա: Բերեմ կոնկրետ օրինակ: «Հայկական ժամանակ» օրաթերթում աշխատում էր մի տղա, որը Դաշնակցության անդամ էր: Նա 1998 թ. կուսակցությունից հրաժարվելու դիմում էր գրել եւ նշել` «Հաշվի առնելով, որ ես աշխատում եմ հակադաշնակցական թերթում, խնդրում եմ ինձ հեռացնել կուսակցության շարքերից»: Այս ձեւակերպումը` «հակադաշնակցական թերթ», արդեն շատ խոսուն է:
Շատ կենտրոնացա Լ. Տեր-Պետրոսյանի վրա, բայց ստիպված եմ: Երբ ասում են, թե Տեր-Պետրոսյանին արգելել են եթերում երեւալ, դա ուղղակի այլանդակ սուտ է: Այս մասին դեռ հունվարին ասել եմ ԵԱՀԿ դիտորդներին: Սեպտեմբերի 21-ից սկսած` «Երկիր Մեդիա» հ/ը պաշտոնապես Լ. Տեր-Պետրոսյանին հրավիրել է ուղիղ եթերի: Առանց որեւէ խմբագրման` նա կարող էր խոսել ցանկացած հարցի շուրջ: Մինչեւ այսօր Տեր-Պետրոսյանը որեւէ հ/ը չի այցելել:
Գրաքննություն (ես «Երկիր Մեդիայի» համար եմ ասում) իրականում չկա: Կա մեծ քաղաքական խաղ, որն անում է ե՛ւ Լ. Տեր-Պետրոսյանը, ե՛ւ իշխանությունը: Արդյունքում տուժում է շարքային քաղաքացին:
Ինքնագրաքննության առումով դարձյալ կխոսեմ կոնկրետ մեր հ/ը օրինակով: Օրերս «Երկիր Մեդիան» նյութ հեռարձակեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի դեմ: Մինչ այդ լրագրողը մտածում էր` կտա՞ն եթեր, թե՞ ոչ: Ինքնագրաքննությունը կախված է յուրաքանչյուրի ազատության գիտակցությունից: Կարծում եմ, որ շատ կարեւոր է, երբ ամեն ինչ արվում է գիտակցորեն: Ոչ թե պահի, էմոցիայի ազդեցության կամ ամբոխային տրամադրության տակ: Այդ ամբոխային տրամադրությունն էր, երբ մի ամբողջ հրապարակ լցված ժողովուրդ կարծում էր, թե 12 տարեկան երեխային ոստիկանները դուբինկաներով ջարդելով սպանել են: Բոլորն աղոթում էին, ինչ-որ արարողություն էին անում, բայց վերջում պարզվեց, որ դա մեծ, այլանդակ սուտ էր, որը հորինել էր Հայաստանի քաղաքական կառույցներից մեկը: Ընդդիմությու՞ն, թե՞ իշխանություն, այլեւս էական չէ:
Մեր ԶԼՄ-ներում հերքման ինստիտուտն ինչքանո՞վ է կայացած:
Կայացած չէ: «Երկիր Մեդիայում» կա ոսկե օրենք. լրագրողը միշտ գիտակցում է, որ եթե որեւէ լուր է հաղորդում, պատասխանատուն Գեղամ Մանուկյանն է: Ես մինչեւ վերջ պատրաստ եմ կռիվ տալու տվյալ լրագրողի եւ նրա հրապարակած լուրի համար: Բայց լուրը պետք է լինի հավաստի: Եթե ինչ-որ բան հերքենք, ապա միայն դատարանով: Մինչեւ հիմա ես որեւէ հերքման առիթ չեմ ունեցել: Եղել են դեպքեր, երբ զանգել ու հայտարարել են` դուք սուտ եք ասում եւ այլն: Պատասխանում եմ` դիմեք դատարան: Որովհետեւ վստահ եմ եղել, որ ճիշտ եմ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել