Տոնական միջոցառումներ կլինեն նաև բոլոր վարչական շրջաններում
Դեկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի, Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետերը ներկայացրեցին ամանորյա միջոցառումների ծրագիրն ու մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքները: Մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղեկացմամբ, Երևանի քաղաքապետարանի ծրագրով մայրաքաղաքում նախատեսվում է անցկացնել ամանորի տոնական մի շարք միջոցառումներ. «Ամանորյա միջոցառումներ կլինեն նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Դեկտեմբերի 27, 28 և 29-ից վարչական շրջանների կենտրոններից կտրվի տոնական միջոցառումների մեկնարկը, որը հետո կշարունակվի մայրաքաղաքի կենտրոնում»:
Դեկտեմբերի 31-ին` ժ. 13:00-ից, Հանրապետության հրապարակում կմեկնարկի տոնական համերգը` մանկական համույթների և պարային խմբերի, հեքիաթների հերոսների մասնակցությամբ։ Սիրված հեքիաթների հերոսների մասնակցությամբ կկազմակերպվեն նաև մանկական խաղեր, կլինեն տարբեր մրցույթներ և վիկտորինաներ։
Երեկոյան ժ. 23.00-ից կսկսվի տոնական համերգը` էստրադայի աստղերի, պարային խմբերի մասնակցությամբ, որը ժ. 24:00-ին կուղեկցվի հրավառությամբ: Համերգը կշարունակվի մինչև ուշ գիշեր։
Հունվարի 1-6-ը Հանրապետության հրապարակում կանցկացվեն ցերեկային միջոցառումներ` հեքիաթների հերոսների մասնակցությամբ: Այդ օրերին` երեկոյան ժ. 18:00-ից 22:00-ը, Dj-ները կանցկացնեն տոնական համերգային դիսկոտեկ։
Մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղեկացմամբ դեկտեմբերի 6-ից տոնական միջոցառումներն արդեն մեկնարկել են Ազատության հրապարակում: Ժ. 15:00-ից 18:00-ն այստեղ անցկացվում են ցերեկային համերգային ծրագրեր` մանկական համույթների, պարային խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ։ Տոնական միջոցառումներն Ազատության հրապարակում կշարունակվեն մինչև հունվարի 6-ը:
Այս տարի հագեցած կլինեն նաև միջոցառումները սահադաշտի վերածված Կարապի լճում: Այստեղ դեկտեմբերի 30-ից մինչև 2011թ. հունվարի 6-ը կանցկացվեն գեղասահքի ցուցադրական ելույթներ` Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ։ Նախատեսվում են խմբակային պարեր հայ և արտասահմանյան կոմպոզիտորների երաժշտությունների ուղեկցությամբ, մենապարեր, զուգապարեր, «Բուրատինո» հեքիաթ-պար` գեղասահքի մարզադպրոցի սաների մասնակցությամբ։
Սահադաշտում օրական 30 րոպե տևողությամբ կանցկացվի նաև հոկեյի մրցաշար:
Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում կազմակերպված բոլոր միջոցառումներին կմասնակցեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի խոսքով, դեկտեմբերի 17-ին արդեն ավարտվել են մայրաքաղաքի տոնական ձևավորման և գեղարվեստական լուսավորության աշխատանքները: Հանրապետության գլխավոր տոնածառն այս տարի ունի 31 մետր բարձրություն: Այն զարդարվել է 72 աստղիկներով և 4000 տարբեր գույների խաղալիքներով: Տոնածառը զարդարում են նաև 32000 լուսադիոդային լամպերը: Մայր տոնածառը հավաքվել է եղևնու բնական 6000 ճյուղերով, որոնք բերվել են սանիտարական հատումից հետո: «Վարչական բոլոր շրջաններում նույնպես տեղադրվել են տոնածառեր: Այս տարի նոր ծրագրավորմամբ է իրականացված մայրաքաղաքի տոնական լուսավորությունը: Գիշերային տոնական լույսերով են զարդարված ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնը, այլև վարչական մյուս շրջանները»,-ասաց Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը:
Բնակչության տրանսպորտային սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով տոնական օրերին որոշակի փոփոխություններ կլինեն նաև ներքաղաքային տրանսպորտի երթևեկության կազմակերպման առումով:
2010թ.-ի դեկտեմբերի 31-ին կերկարացվի Երևանի մետրոպոլիտենի և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի աշխատանքի տևողությունը. մինչև հունվարի 1-ը Երևանի մետրոպոլիտենը և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտը կաշխատեն մինչև ժամը 1.00-ն: 2011թ.-ի հունվարի 1-ից մինչև 9-ը ներառյալ ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը կավարտվի ժամը 24.00-ին: 2011թ.-ի հունվարի 10-ից ներքաղաքային հասարակական տրանսպորտը կաշխատի ամենօրյա գրաֆիկով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել