HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Երեւանցիները չգիտեն, թե ի՞նչ կյանքով ենք ապրում այստեղ»

65-ամյա մանկավարժ Զինաիդա Մկրտչյանն ապրում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում որդու, հարսի եւ թոռնիկների հետ: Տիկին Զինաիդան 35 տարի դասավանդել է Ճամբարակի միջնակարգ դպրոցում, որից 20 տարին եղել է դպրոցի տնօրենը:

Դպրոցների օպտիմալացման ժամանակ նրան ազատեցին աշխատանքից, բայց սա խթան եղավ նոր գործունեություն ծավալելու համար. նրա ջանքերով եւ նախաձեռնությամբ Ճամբարակում բացվեց Ռուս - հայկական ժամանակակից հումանիտար ակադեմիան: Դասերն առայժմ անց են կացվում սովորական բնակելի շենքի երեք սենյականոց մի բնակարանում, բայց Զինաիդա Մկրտչյանը հուսով է, որ դա երկար չի տեւի, եւ հարմար լսարաններ կգտնվեն: Նրա խոսքերով` այս քաղաքն ամենաաղքատներից մեկն է Հայաստանում, եւ եթե այսօր Ճամբարակում մեկը կարողանում է հացի փող վաստակել, ասում են` լավ է ապրում:

«Ինձ մտահոգում է այս համալսարանի վաղվա օրը: Մտածում եմ, թե ինչպե՞ս անեմ, որ նորմալ տարածք ունենանք: Հետո կուզեի ուսանողներիս համար հովանավորներ գտնել, որ մի քիչ թեթեւացնեմ նրանց ընտանիքների բեռը: Մեզ բոլորիս այստեղ շատ է մտահոգում խմելու ջրի խնդիրը, խմելու ջուր չունենք, աղբյուրներից ենք բերում: Ձմռանը բոլոր խողովակները սառչում են, իսկ աղբյուրների մոտ կիլոմետրերով հերթեր են լինում: Ամառվա ամիսներին տղամարդիկ հեռանում են քաղաքից` մայրաքաղաքում կամ Ռուսաստանում փող աշխատելու համար: Իմ որդին էլ է այդ ճանապարհը բռնել, ճար չունենք, այստեղ գործ չկա: Իմ ուսանողներից ոչ մեկի ծնողն իր երեխայի ուսման վարձն աշխատավարձից չի տալիս. մեկի հայրը Ռուսաստանում է, մյուսի պապը հորթ է մեծացնում, երրորդը վարկ է վերցրել: 

Երբ լսում էի Երեւանում ցույցերի մասին, անընդհատ դիմացի սարին էի նայում: Վախենում էի, որ հանկարծ ադրբեջանցիները, օգտվելով պահից, կհարձակվեն մեզ վրա: Մի օր դասախոսը Երեւանից եկավ, տեսավ գույնս գցած նստած եմգ Երեւանցիները չգիտեն, թե ի՞նչ ապրումներ մենք ունեցանք այստեղ, ի՞նչ կյանքով ենք ապրում այստեղ: Առաջին վտանգն ինձ համար արտաքին թշնամին է, երկրորդ վտանգը` ներքին անկայունությունը:Արտաքին վտանգի մասին ոչ մի րոպե չեմ կարող մոռանալ` սկսած հակամարտության առաջին իսկ օրից:

Մինչեւ Հայաստանում աշխատատեղեր չլինեն, որ ամեն մեկն իր ընտանիքը պահի, մարդիկ դուրս են գնալու երկրից: Չարչիության ենք սովորում: Գործազրկությունն, իմ կարծիքով, ամենամեծ սպառնալիքներից մեկն է եւ՛ իմ ընտանիքի, եւ՛ երկրի համար: Սպառնալիք է չլուծված հակամարտությունը: Սահմանի վրա ապրող մարդկանց համար Ղարաբաղի հարցը համար առաջին սպառնալիքն է:

Ամենամեծ սպառնալիքն Ադրբեջանն է, որովհետեւ կարող է մեկն այնտեղից հարբած կրակի, մեր կողմից էլ պատասխանեն, եւ պատերազմ սկսվի: Հետո ընդդիմադիր ուժերի հաղորդած այդ ալիքը ինձ շատ անհանգստացրեց: Երբ Երեւանում սկսվեցին այդ լարված իրադարձությունները, ես տղայիս ասացի, որ մեքենայի մեջ բենզին պահի, եթե հանկարծ ադրբեջանցիները հարձակվեին, որ կարողանայինք երեխաներին դուրս հանել քաղաքից: 

Ես կարծում եմ, որ նոր իշխանությունները պետք է եւ կարող են լուծել բնակչության անվտանգության հարցը: Սերժ Սարգսյանը նորեկ չի այս գործում, եւ ես շատ հուսով եմ, որ հակամարտության հարցում նա կերաշխավորի անվտանգություն: Իսկ ներքին անվտանգության խնդիրների լուծումը բարդ կլինի նրա համար, մի քիչ կասկածում եմ: Ինչու՞ ամեն ինչ թանկացավ: Դրությունը վտանգավոր կմնա, եթե մարդիկ էսպես չքավոր մնան, եթե ոչինչ չարվի նրանց ապրուստը բարելավելու, հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:

Ղարաբաղյան հակամարտությունը շատ է ազդում մեզ վրա: Եթե իրավիճակը սրվի, որդուս ընտանիքը երեւի կհեռանա այստեղից: Ես միշտ դեմ եմ եղել շրջանից դուրս գալուն, բայց ուզում եմ ջահելներս լավ ապրեն: Ես չեմ հեռանա, բայց կմնամ մենակ: Հետո այստեղ հարցը մենակ հացի համար գումար վաստակելը չէ. ուզում ենք հանգիստ ապրել, իմանալ, որ մեր ընտանիքներին վտանգ չի սպառնում: Այստեղ հենց լույսերը հանգում են, սպասում ենք կրակոցների: Հայաստանի համար էլ է վատ հակամարտության չլուծված լինելը. չի կարելի անընդհատ կիսապատերազմի մեջ լինել: Դա շատ է խանգարում երկրի զարգացմանը:

Այսօր իմ բարեկամների մեծ մասն ապրում է Մոսկվայում եւ Եվրոպայում, ու ոչ մեկը չի ուզում Հայաստան վերադառնալ: Մտածում եմ, որ եթե չեն գալիս, ուրեմն լավ են ապրում այնտեղ: Փոքր տղաս էլ Մոսկվայում բիզնես սկսեց, խնդրեցի, որ ռիսկի չդիմի, ի՞նչ իմանաս, ուրիշ երկիր է: Չեմ կարող ասել, թե որտեղ է ավելի վտանգավոր ապրելը: Ամբողջ աշխարհն է վտանգավոր դարձել: Բայց հայերի համար ամենից վտանգավորը Թուրքիան եւ Ադրբեջանն են: 

Ոչ մեկին էլ թշնամի չեմ համարում: Նույնիսկ ինձ վնասողների մասին մտածում եմ, որ մարդիկ պարզապես իրենց շահերն ունեն: Իսկ ադրբեջանցիների հետ մենք հարեւաններ ենք եղել, լավ ապրել ենք, շուկա ենք ունեցել, նրանցից միրգ ենք գնել, իրենք էլ մեզանից` կաթնամթերք: Կատակով մտածում ենք, որ պետք է մի հատ միջանցք բացել եւ նրանց հետ վերականգնել առեւտուրը: Մի բան էլ ասեմ. Կիպրոսում սեմինարի ժամանակ մի ադրբեջանցու հանդիպեցի, պատերազմի ժամանակ մի աչքը կորցրել էր: Ասում էր, որ եթե հիմա հրացան էլ բռնեն ճակատին, չի կրակի, որովհետեւ տեսել է, թե ի՞նչ է պատերազմը, ու չի ուզում իր երեխայի համար այդպիսի կյանք:

Ես այս տարի շինարարության մի քիչ աշխուժացում եմ նկատում, ու դա ինձ ուրախացնում է: Եթե գներն այսքան թանկ չլինեն, գուցե այդքան շատ չնեղվեինք: Թե չէ աշխատավարձը ստանում ենք, մտնում ենք խանութ, ոչ ձեռքներիս է փող մնում, ոչ էլ մթերք` պայուսակում: Բայց լավատես եմ, մտածում եմ` լավ կլինի: 

ԶԼՄ-ներին չեմ հավատում, եղել են դեպքեր, որ ականատես եմ եղել մի բանի, բայց ուրիշ բան են հաղորդել: Վերջին շրջանում ԶԼՄ-ները շատ գցեցին իրենց վարկը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter