HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի քան 59 տոկոսով աճել է հանցագործությունների թիվը

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը ուսումնասիրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում եւ անչափահասների դաստիարակչական հսկողություն իրականացնող հաստատություններում 2008-2009թթ. կատարված հանցագործություններով հետաքննության եւ նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության վիճակը, հանցավորության պատճառներ: Ուսումնասիրությունների արդյունքում մասնավորապես պարզվել է, որ 2008թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում եւ անչափահասների դաստիարակչական հսկողություն իրականացնող հաստատություններում արձանագրվել է հանցագործությունների 116 դեպք 135 անձի կողմից, այդ թվում՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության՝ 1, ՔԿՀ-ից փախուստի՝ 2, փախուստի փորձի՝ 4, առողջությանը միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու՝ 1, թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության 73 (որից 43-ը՝ թմրամիջոցների իրացման, իսկ 30-ը՝ առանց իրացնելու նպատակի), ինքնասպանության հասցնելու՝ 10, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4, պատիժն ի կատար ածող հիմնարկի գործունեությունը խոչընդոտելու՝ 3, գողության՝ 2, պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 2, խուլիգանության՝ 2, կեղծ փաստաթուղթ կազմելու եւ օգտագործելու՝ 2, ինչպես նաեւ՝ առողջության կարճատեւ քայքայումով մարմնական վնասվածք պատճառելու, ծեծի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ ներկայացնելու, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, խարդախության, ապօրինի կերպով սառը զենք կրելու, ավտովթարի, պաշտոնեական անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ ազատազրկման ձեւով պատիժը կրելուց խուսափելու 1-ական դեպքեր: Արձանագրված 116 դեպքերը կազմել են Հայաստանի Հանրապետությունում 2008թ. ընդամենը գրանցված 9273 հանցագործությունների դեպքերի 1,25%-ը: 2008թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությանը ենթակա ստորաբաժանումներում կատարվել են հանցագործությունների 110 դեպք: Արձանագրված մյուս 6 դեպքերից 4-ը կատարվել են անչափահասների դաստիարակչական հսկողություն իրականացնող մանկատներում, իսկ 2-ը՝ հոգեբուժական հաստատություններում: 2008թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական  հիմնարկներում ձեւավորված հանցավորության վիճակի վերլուծության արդյունքները վկայում են, որ առավել անբարենպաստ եւ մտահոգիչ վիճակ է տիրել հատկապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Նշված ՔԿՀ-ում արձանագրվել է հանցագործությունների 36 դեպք, որը կազմել է նույն ժամանակաշրջանում բոլոր ՔԿՀ-ներում արձանագրված 110 հանցագործության դեպքերի 32,7 %-ը կամ գրեթե 1/3-ը: 2009թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հիմնարկներում եւ անչափահասների դաստիարակչական  հսկողություն իրականացնող հաստատություններում արձանագրվել է հանցագործությունների 185 դեպք 235 անձի կողմից, այդ թվում՝ թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության 140 (որից 102-ը՝ թմրամիջոցների իրացման, իսկ 38-ը՝ առանց իրացնելու նպատակի), պաշտոնեական անփութության՝ 7, ինքնասպանության հասցնելու՝ 6, խարդախության՝ 5, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4, առողջությանը թեթեւ վնաս պատճառելու՝ 3, ծեծի՝ 3, փախուստի՝ 3, բժշկական օգնություն իրականացնողների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու՝ 2, ինչպես նաեւ մահվան ելքով առողջությանը ծանր վնաս պատճառելու, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, հոգեբուժական հիվանդանոցում  ապօրինի տեղավորելու, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ ազատազրկման ձեւով  պատժի կրումից խուսափելու 1-ական դեպքեր: Արձանագրված 185 դեպքերը կազմել են Հայստանի Հանրապետությունում 2009թ. ընթացքում ընդամենը գրանցված 14339 հանցագործությունների դեպքերի 1,2 %-ը: 2009թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությանը ենթակա ստորաբաժանումներում կատարվել է  հանցագործությունների 117 դեպք: Արձանագրված մյուս 8 դեպքերից 4-ը կատարվել են անչափահասների դաստիարակչական հսկողություն իրականացնող հաստատություններում, իսկ 4-ը՝ հոգեբուժական հաստատություններում: Մասնավորապես՝ Երեւանի թիվ 1 գիշերօթիկ դպրոց ՊՈԱԿ-ում, Երեւանի «Զատիկ» եւ «Մարի Իզմիրյանի անվան» մանկատներում արձանագրվել է պաշտոնեական անփութության 1-ական դեպք, իսկ երեխաների աջակցության կենտրոնում՝ բռնի սեքսուալ բնույթի գործողություն կատարելու 1 դեպք: Այսպիսով՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ 2009թ. ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ուսումնասիրվող բնագավառում արձանագրվել է հանցագործությունների դեպքերի աննախադեպ աճ, որի արդյունքում որոշակի, իսկ առանձին դեպքերում նաեւ էական փոփոխությունների է ենթարկվել հատկապես քրեակատարողական հիմնարկներում ձեւավորված հանցավորության կառուցվածքն ու շարժընթացը: Մասնավորապես՝ նախորդ տարվա 116 դեպքի դիմաց 2009թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում, անչափահասների դաստիարակչական հսկողություն իրականացնող հիմնարկներում եւ հոգեբուժական հաստատություններում արձանագրվել է հանցագործությունների 185 դեպք, այսինքն՝ դեպքերն աճել են 69-ով կամ 59,4%-ով: Հանցագործությունների դեպքերի աննախադեպ աճի պայմաններում աճել է նաեւ քրեակատարողական հիմնարկների  մասնաբաժինը 2009թ. ընթացքում ձեւավորված հանցավորության հաշվեկշռում: Այսպես՝ եթե 2008թ. ընթացքում գրանցված հանցագործությունների 116 դեպքերից 110-ը կամ 94,8%-ն էին կատարվել քրեակատարողական հիմնարկներում, ապա 2009թ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներում են կատարվել 185 դեպքերից 177-ը կամ 95,6%-ը: Վերլուծությունները ցույց են տալիս, որ 2009թ. ընթացքում ուսումնասիրվող բնագավառում հանցավորության աճը գերազանցապես տեղի է ունեցել ի հաշիվ ընդհանուր բնույթի հանցագործությունների եւ հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աննախադեպ աճի: 2008-2009թթ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում, անչափահասների դաստիարակչական հսկողություն իրականացնող հիմարկներում եւ հոգեբուժական հաստատություններում գրանցված հանցագործությունների դեպքերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ 2009թ. ընթացքում 59-ով աճել են թմրամիջոցների իրացման (43-102), 8-ով՝ թմրամիջոցներ պահելու (30-38), 6-ով պաշտոնեական անփութության (1-7), 1-ով՝ խարդախության (4-5), 2-ով՝ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու (1-3), 2-ով՝ ծեծի (1-3), 2-ով բժշկական օգնություն իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու (0-2), 1-ով՝ մահվան ելքով ծանր վնաս պատճառելու (0-1) դեպքերը: Դրա հետ մեկտեղ 4-ով նվազել են ինքնասպանությունների (10-6), 2-ով՝ գողությունների (2-0), 3-ով՝  փախուստի եւ դրա փորձի (6-3), 1-ով խուլիգանության (2-1), 1-ով՝ պաշտոնեական լիազորությունները անցնելու (2-1), 1-ով ՝ փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու (1-0), 1-ով՝ ապօրինի սառը զենք կրելու (1-0) եւ 1-ով՝  դիտավորյալ սպանությունների (1-) դեպքերը: Նույն ժամանակաշրջանում չեն աճել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (4-4), քրեակատարողական հիմնարկի գործունեությունը խոչընդոտելու (3-3), միջին ծանրության վնաս պատճառելու (1-1), սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու (1-1),  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու (1-1) եւ ազատազրկման ձեւով պատիժը կրելուց խուսափելու (1-1) դեպքերը: 2008թ ընթացքում թվով 8 քրեակատարողական հիմնարկներում գրանցված այդ բնույթի 73 դեպքերի դիմաց 2009թ. ընթացքում գրանցվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 140 դեպք, որոնք կատարվել են 9 քրեակատարողական հիմնարկներում: Փաստորեն՝ այդ բնույթի դեպքերն աճել են 67-ով կամ 91б7 %-ով: Ընդ որում՝ իրացման դեպքերն աճել են 59-ով (43-102) կամ շուրջ 1,4 անգամ, իսկ դրանք  պահելու դեպքերը ՝ 8-ով (38-38) կամ 26, 6%-ով: Հատկանշական է, որ 2009թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում  արձանագրված թմրամիջոցների  ապօրինի շրջանառության 140 դեպքերը կազմում են  ընդամենը նույն ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված այդ բնույթի 1229 դեպքերի 11,3 %-ը: Ինչպես եւ 2008թ., այդ առումով անբարենպաստ ու մտահոգիչ է եղել վիճակը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ արձանագրվել է 63 դեպք (որից 46-ը՝ իրացում, 17-ը՝ թմրամիջոց պահելու դեպքեր), որը կազմել է նույն ժամանակաշրջանում արձանագրված այդ բնույթի 140 դեպքերի 45%-ը: Փախուստի վերաբերյալ քննված  քրեական գործերի վերլուծությունը ցույց է տալիս, որ քրեակատարողական հիմնարկներից փախուստի կատարումը պայմանավորված է եղել հիմանակնում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ռեժիմային թույլ հսկողությամբ՝ արգելապատերի, վանդակաճաղերի տեխնիկական զննության ոչ պատշաճ կատարմամբ, հայտնաբերված թերությունները ժամանակի չվերացնելու, նրանց դրսեւորած անփութությունը ծառայության նկատմամբ: Քրեա կատարողական հիմնարկներում թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վերաբերող հանցագործությունների կատարմանը նպաստում է ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով արգելված բջջային հեռախոսների առկայությունը պատիժը կրող դատապարտյալների մոտ, որոնք գտնվելով պատժի կրման վայրում՝ բջջային հեռախոսների միջոցով ղեկավարում եւ կազմակերպում են թմրամիջոցների ապօրինի մոտքը քրեակատարողական հիմնարկներ, իսկ թմրանյութերը հայտնաբերելու դեպքում էլ նույն եղանակով խոչընդոտում են քննությանը՝ ապօրինի ազդեցություն ունենալով վկաների վրա, ուղղորդում նրանց ցուցմունքները, որը լուրջ դժվարություն է առաջացնում հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքում: 2008-2009թթ. ընթացքում ՔԿՀ-ների աշխատակիցները որոշակի աշխատանքներ են կատարել դատապարտյալների մոտ ապօրինի պահվող բջջային հեռախոսները հայտնաբերելու եւ առգրավելու ուղղությամբ: Եթե 2008թ. հայտնաբերվել է եւ առգրավվել է ընդամենը 1240 բջջային հեռախոս, ապա 2009թ.՝ կրկնակի անգամ շատ՝ 2558: Մի կողմից այն դրական աշխատանքի հետեւանք է, մյուս կողմից՝ այն բավարար համարել չի կարելի այն առումով, որ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը գործնական միջոցներ չեն ձեռնարկել՝ պարզելու դատապարտյալների օգտագործման համար արգելված իրերի ներթափանցման ուղիները, մեղավոր անձանց հայտնաբերելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Որոշ քրեական գործերի նյութերի վերլուծությունը ցույց է տալիս, որ քրեական գործերով անցնող մի շարք դատապարտյալներ օրվա 24 ժամն անընդմեջ բջջային հեռախոսներով կապ են հաստատում արտաքին աշխարհի հետ, որպիսի հանգամանքը խոսում է այն մասին, որ նրանց պահման խցերում կամ խուզարկություններ չեն կատարվում, կամ դրանց կատարումը կրում է ձեւական բնույթ: 2009թ. արձանագրված խարդախության 5 դեպքն էլ կատարվել են դատապարտյալների կողմից բջջային հեռախոսների օգտագործմամբ /խաբեությամբ վերալիցքավորել են  իրենց իսկ կողմից օգտագործվող բջջային հեռախոսները կամ գումար են հափշտակել/: Ուսումնասիրությունների արդյունքները վկայում են նաեւ, որ ՔԿՀ-ները, որպես հետաքննության մարմիններ, իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն, որը սահմանափակվում է ՔԿՀ-ի տարածքում, մինչդեռ կատարված հանցագործությունների բացահայտման պարտականությունը եւ դրա պատասխանատվությունը կրում է ոստիկանության տարածքային բաժինը: Հանցագործության բացահայտման տոկոսը, որպես կատարված դրական աշխատանքի ցուցանիշ, ՔԿՀ-ների աշխատանքները գնահատելիս համապատասխան վերաբերմունքի չի արժանանում, որպիսի հարցը այլ կերպ է քննարկվում ոստիկանության տարածքային բաժինների աշխատանքները գնահատելիս: Ստեղծված այդպիսի իրավիճակի արդյունքում հետաքննության երկու մարմինները գործում են մասնատված, ոչ համագործակցված, որի հետեւանքով չեն ձեռնարկվում համատեղ օպերատիվ-հետախուզական լիարժեք միջոցառումներ, անհրաժեշտ ինֆորմացիայի փոխանակում չի կատարվում: Արդյունքում՝ բազմաթիվ դեպքեր տաք հետքերով չեն բացահայտվում, չեն ձեռնարկվում անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցներ եւ դատավարական գործողություններ /խուզարկություններ, առգրավումներ եւ այլն/, որից օգտվելով՝ հանցագործություն կատարած անձինք կամ մնում են չբացահայտված, կամ էլ շեղելով քննությունը՝ կարողանում են խուսափել քրեական պատասխանատվությունից: Ասվածը մեծամասամբ վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված դեպքերով կատարված հետաքննությանն ու նախաքննությանը: Ուսումնասիրություններով պարզվել է նաեւ, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում սահմանված չէ իրավախախտումների գրանցման, քննարկման եւ հաշվառման միասնական կարգ: ՔԿՀ-ներում այդ նպատակով վարվում են ոչ միասնական ձեւի մատյաններ, գրասենյակային գրքեր: Բացթողումներով է կատարվում իրավախախտումների հաշվառումը: Շատ դեպքերում իրավախախտումները գրանցվում են  տարբեր մատյաններում կամ նյութեր են նախապատրաստվում՝ առանց որեւէ գրքում կամ մատյանում դրանք հաշվառելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter