HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Էլիտար» շենքի շինարարությունն ապօրինի է

Վանաձորի նախկին «Ֆոտոէտյուդի» շենքի տարածքում փորված «էլիտար փոսում» շինարարական աշխատանքներ են սկսվել, ինչպես պարզվում է, առանց շինարարության համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերի: Նոյեմբերի վերջին «Հետքի»` «էլիտար շենքի» քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ հարցմանն ի պատասխան` Վանաձորի քաղաքապետարանը տրամադրել էր շինարարության թույլտվության ժամկետանց փաստաթուղթ, որի իսկությունն ընդհանրապես կասկածելի դարձավ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Թումանյանի հետ զրույցից հետո, երբ վերջինս նախ զարմացավ նման փաստաթղթի գոյությամբ, ապա հայտնեց, որ ինքը մինչեւ փաստաթղթի մեջ նշված ժամկետի ավարտը (2009 թ. հոկտեմբերի 12) նույն թվականի մայիսի 22-ին հարցում էր արել այդ նույն փաստաթղթի մասին, որը, սակայն, նրան չէր տրամադրվել, քանի որ նման փաստաթուղթ չկար: Եթե շինարարության թույլտվությունն է կասկածելի, ճարտարապետաշինարարական մյուս փաստաթղթերի գոյության եւ իսկության մասին խոսելն ավելորդ է, քանի որ շինթույլտվությունը տրվում է դրանց հիման վրա: «Հետքին» տրամադրված շինթույլտվության կասկածելի փաստաթուղթը երկու տարի ժամկետով էր: Ժամկետը լրացել է 2009-ին: Այդ ընթացքում կառուցապատողը պետք է ավարտին հասցներ շենքի շինարարությունը եւ բնակարաններով ապահովեր նախկին «Ֆոտոէտյուդի» շենքի բնակիչներին` 12 ընտանիքի: «Ճգնաժամ սկսվեց, շինանյութերը թանկացան ահագին, ուրիշ խանգարող հանգամանքներ,- պատճառաբանում է կառուցապատող «Վիմպերգի» տնօրեն Արթուր Վարդանյանը,- էլի աշխատանքներ արվել ա, որ ասենք կանգնած ենք էղել, չէ. նյութերի ձեռքբերում ա արվել, տարածքի ցանկապատն ա արվել, հողային աշխատանքներն ա արվել»: Այսինքն` կասկածելի փաստաթղթով սահմանված ժամկետում կառուցապատողը հազիվ «էլիտար փոսն» է փորել: Շինթույլտվության ժամկետը լրանալուց հետո մեկ տարի ընդմիջումով էլ սկսել է շինարարությունը: Տեղեկանալով «էլիտար փոսում» սկսված շինարարության մասին` օրերս  «Հետքը» շենքի քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ կրկնակի հարցում արեց Վանաձորի քաղաքապետարանին: Քաղաքապետարանը տրամադրեց նույն ժամկետանց շինթույլտվությունը եւ մի նոր կասկածելի փաստաթուղթ` շինթույլտվության ժամկետը երկարաձգելու մասին: Վերջինը, որն իբր տրված է 2010 թ. նոյեմբերի 15-ին Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանի կողմից «Վիմպերգ» ՍՊԸ-ին, եւ որով շինթույլտվության ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2011 թվականի հոկտեմբերի 12-ը, ոչ ստորագրություն ունի, ոչ կնիք: Հետաքրքիր է, որ նոյեմբերի վերջին «Հետքի» առաջին հարցմանը պատասխանելով` քաղաքապետարանն այս փաստաթուղթը չէր տրամադրել այն դեպքում, երբ, ըստ ամսաթվի, նոյեմբերի 15-ից այն արդեն գոյություն է ունեցել: Ինչ վերաբերում է գրության մեջ պաշտոնական տարբերանշանների` կնիքի եւ ստորագրության բացակայությանը, Վանաձորի քաղաքապետարանում բացատրում են, որ դրանք պարտադիր չեն, քանի որ մեզ տրամադրվածը կրկնօրինակ է, իսկ բնօրինակում, որն իբր ուղարկվել է կառուցապատողին, ստորագրություն էլ կա, կնիք էլ: «Վիմպերգի» տնօրեն Արթուր Վարդանյանը, սակայն, ում իբր տրվել է ժամկետի երկարաձգման մասին որոշումը, դրա վերաբերյալ ոչ մի հստակ բան չգիտի. «Երկարացրել ենք թույլտվությունը դիմումով: Ամսաթիվ չեմ հիշում, երկու ամիս առաջ էր, մի ամիս առաջ էր, չեմ կարա կոնկրետ հիշեմ: Էնքան գործերի մեջ ծանրաբեռնված եմ, էդքան թվերը չեմ հիշում»: Ի դեպ, Արթուր Վարդանյանը ուրիշ կարեւոր թվեր էլ չի հիշում, օրինակ` այն, որ 1710 քմ մակերեսով նախկին «Ֆոտոէտյուդի» տարածքն ինքը աճուրդով գնել է 10 մլն 56 հազար 800 դրամով: «Կոնկրետ թիվ չեմ կարա ասեմ` 13 մլն-ի կարգի, ինչքան հիշում եմ»,- ասում է տարածքի սեփականատերը: Քաղաքաշինական փաստաթղթերի մասին Աթուր Վարդանյանը հավաստիացնում է. «Ոնց կարող ա չըլնի. բոլորը կա: Փաստաթղթերը լրիվ նորմալ ա, շինարարությունը լրիվ նորմալ ա գնում»: Այնինչ Քաղաքաշինական պետական տեսչությունն էլ «Հետքին» նույն ժամկետանց փաստաթղթերն է տրամադրել, ինչ որ քաղաքապետարանը: Միայն դրանց մի ժամկետանց փաստաթուղթ էլ է ավելացել` N5 ձեւը` տեղեկանք շենքի շինարարության վերաբերյալ, որ համայնքի ղեկավարը պետական տեսչությանն է ուղարկել է 2007 թվականի դեկտեմբերի 12-ին: Իսկ նոր սկսված շինարարության մասին պետական տեսչությունը պաշտոնապես տեղեկացված չէ. նոր N5 ձեւ չկա: ՀՀ Կառավարության` «Շինարարության թույլտվության եւ քանդման կարգը հաստատելու մասին» 1997 թ. նոյեմբերի 29-ի N 544 որոշմամբ համայնքի ղեկավարը թույլտվության մասին եռօրյա ժամկետում պետք է իրազեկի մարզպետին եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությանը եւ համապատասխան հարկային մարմիններին` ներկայացնելով թուլտվության պատճենը: Քաղաքաշինական պետական տեսչությունում, սակայն, նույն` «Հետքին» տրամադրված անստորագիր ու առանց կնիքի կասկածելի փաստաթուղթն է` շինթույլտվության ժամկետի երկարաձգման վերաբերյալ: Իսկ ըստ «Քաղաքաշինության մասին» օրենքի` առանց շինարարության թույլտվության կառուցապատողը իրավունք չունի շինարարական գործունեություն իրականացնել: Եթե ընդունենք նույնիսկ, որ տրվել է շինթույլտվության ժամկետը երկարաձգելու մասին որոշում, ապա երկարաձգման գործընթացը դարձյալ օրինական չէ, քանի որ ժամկետը երկարաձգելու մասին որոշումը, ըստ փաստաթղթի մեջ նշված ամսաթվի` տրվել է շինթույլտվության ժամկետը լրանալուց 13 ամիս անց (ժամկետը լրացել է 2009 թ. հոկտեմբերի 12-ին, իսկ երկարաձգման մասին որոշումը տրված է 2010 թ. նոյեմբերի 15-ին): Այնինչ ըստ «Քաղաքաշինության մասին» օրենքի` կառուցապատողը պարտավոր է կառուցապատումն ավարտել շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում: Նախատեսված ժամկետներում կառուցապատումը չավարտելու դեպքում շինարարության թույլտվություն տվող մարմինը (համայնքի ղեկավարը) գրավոր նախազգուշացնում է կառուցապատողին շինարարության թույլտվության սահմանված ժամկետը երկարաձգելու կամ քաղաքաշինական գործունեության օբյեկտը օտարելու վերաբերյալ: Նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության: Փաստորեն, Վանաձորի քաղաքապետը չի կատարել օրենքով նախատեսված իր վերահսկողական գործառույթը եւ այժմ էլ չի կասեցնում ինքնակամ շինարարությունը: Իսկ «Քաղաքաշինության մասին» օրենքով` քաղաքաշինական օրենսդրությունը խախտելու համար քաղաքաշինական գործունեության սուբյեկտները կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter