
Օձունի և նրա ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը համարում է, որ Օձունը եղել և մնում է Հայաստանի եկեղեցասեր ու աստվածասեր գյուղերից մեկը: Օձունի հարևանությամբ գտնվող 9 գյուղում կա 20 եկեղեցի և մատուռ: Տեր Վրթանեսն ասաց, որ բոլոր գյուղերում հոգևոր վիճակը հավասար բարձրության վրա է, սակայն Օձունի եկեղեցուց հետո պատարագ հնարավոր է մատուցել միայն Արդվու եկեղեցում: Մնացածը կիսաքանդ վիճակում են: Եկեղեցին խորհրդային տարիներին ծառայել է որպես ցորենի պահեստ:
«Տեր Ստեփանոս քահանա Աթաբեկյանին 1937թ. պարտադրել են, որ քահանայությունից հրաժարվի: Դիմադրել է: Ծեծելով կուրացրել են քահանային: Եվ դրանից հետո եկեղեցին վերածվել է ցորենի պահեստի»,- պատմում է Տեր Վրթանեսը:
Օձունի եկեղեցու հետխորհրդային տարիների զարթոնքը սկսվել է 1995թ.-ին եկեղեցու արդեն 3-րդ վերաօծումից հետո, որը կատարել է Գարեգին Առաջին կաթողիկոսը: Վերաօծումից հետո եկեղեցին վերաբացվել է: Նշանակվել են հովիվներ: 2006թ. Օձունի և նրա ենթաշրջանի հոգևոր հովիվ է նշանակվել Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

Տեր Վրթանեսի հետ զրուցեցինք Ս. Ծնունդ Աստվածահայտնության և Նոր տարվա տոների խորհդի հետ կապված արարողությունների մասին: Քահանան դժգոհեց, որ թեև Նոր տարին համընկնում է Ս. Ծննդյան պահքի հետ, սակայն Օձունում շատերը խորհրդային շրջանի ազդեցությամբ պահք չեն պահում:
«Դեկտեմբերի 30-ից սկսած` մենք պետք է պահք պահենք: Այսինքն` պետք է չուտենք ձկնեղեն, մսեղեն, կաթնեղեն և կենդանական ծագում ունեցող սնունդ: Նոր տարվա սեղաններին մեր նախնիները չեն դրել խոզի բուդ, գոճի, հնդկահավ և նմանատիպ ուտելիքներ: Լոռիում, մանավանդ Օձունում Նոր տարին նշել են պահքով, սեղաններն էլ զարդարել են պահոց կերակուրները` պասուց տոլման, տարբեր չորացրած բանջարեղեններից պատրաստված սալաթներ, ընկույզ, չամիչ և բուսական յուղով պատրաստված ուտեստներ: Սեղանին դրվել են չրեր, հատկապես հարգի են եղել ծիրանի և սալորի չրերը»,- ասաց քահանան:
Նոր տարուց հետո` հունվարի 5-ի երեկոյան, եկեղեցում կմատուցվի ճրագալույցի պատարագ: Հունվարի 6-ին կմատուցվի Ս. Ծննդյան պատարագ, որից հետո լինելու է ջրօրհնեքի արարողություն, ընտրվելու է նաև խաչքավոր: Ծննդյան պատարագից հետո` ութօրհնեքի տոներին, տնօրհնեք է լինելու: Տեր Վրթանեսը գյուղացիների հրավերով այցելելու է նրանց տները և օրհնելու է հիմնական բարիքները` աղը, հացը, ջուրը, տունը և բնակիչներին:
«Այս տարվա դեկտեմբերի 31-ի երեկոյան` ժամը 23-ին, որոշել ենք եկեղեցում պատարագ մատուցել»,- հավելեց Տեր Վրթանեսը: Նա ասաց, որ տաղավար տոներին եկեղեցում մատուցված պատարագներին ենթաշրջանի ավելի քան 500 գյուղացի է մասնակցում: Եկեղեցու «Երիտասարդ միության» անդամաների կեսը` թվով 15 երիտասարդ, դեկտեմբերի 30-ից պահք է պահելու:
Պատարագի ժամանակ հատկապես տարեցների համար 1,5-2 ժամ ոտքի վրա կանգնելը խնդիր է եղել: Հունաստանում բնակվող բարեգործ, օձնեցի Արամ Ասրյանը եկեղեցուն շուրջ 300 հազար դրամի նվիրատվություն է կատարել` նստարաններ տեղադրելու համար: Նստարաններն արդեն պատրաստ են, և 50 մարդ նստած է մասնակցում պատարագներին:
Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով երեխաների ու մեծերի հետ Տեր Վրթանեսը շփվում է անձամբ: Տարվա ընթացքում եկեղեցի է այցելում 25-30 հաշմանդամ: Նրանց ազատ մուտք ունենալու համար եկեղեցու գլխավոր մուտքի 2 ավելորդ աստիճանները հեռացվել են: Քահանան ցանկանում է եկեղեցու 3 մուտքից մեկը հաշմանդամների անվասայլակներին հարմարեցնել:
Օձունի եկեղեցու երեխաների երգչախմբում ընդգրկված է գյուղի 2 դպրոցի շուրջ 200 աշակերտ: Մեծերի երգչախմբում երգում է 35 պրոֆեսիոնալ երգիչ:

Տեր Վրթանեսն անդրադարձավ նաև Օձունում տուրիզմի զարգացման խոչընդոտներին: Ալավերդի-Վանաձոր ճանապարհից դեպի Օձուն թեքվող շրջադարձում մեծ տուրիստական ավտոբուսները Օձունի եկեղեցի գալիս խնդիրներ են ունենում և զբոսաշրջիկներին Օձունի սրբավայր տանելու փոխարեն այլ եկեղեցիներ տանում: Քահանան ակնկալում էր, որ Լոռու մարզպետարանը 2011թ. ֆինանսական միջոցներ կգտնի շրջադարձը լայնացնելու համար:
«Տեղեկացել եմ, որ հատկացումներ են եղել նախագծային աշխատանքների համար, և 2011թ. կսկսվի եկեղեցու ճարտարապետական լուրջ արժեք ունեցող գավիթի վերականգնումը»,- ասաց Տեր Վրթանեսը:
Օձունը սոցիալապես անապահով գյուղ է: Տեր Վրթանեսը հնարքներ է գտել, որ եկեղեցին օգնի ծայրահեղ աղքատ գյուղացիներին: «Ամռանը եկեղեցու բակում ստեղծում ենք բակային ճամբար: Երեխաներին շուրջ 680 հազար դրամի սնունդ ենք տալիս: Մենք որևէ օձնեցու օգնության խնդրանք չենք մերժում: Երբեմն գալիս են խնդրում, թե 100 հազար դրամ է պետք, բայց այդ 100 հազար դրամը մենք չենք ունենում, որ աջակցենք: Եթե 50 հազար ունենք, 50 հազարով ենք աջակցում, եթե 50 հազար էլ չենք ունենում, այլ ունենում ենք 5 հազար դրամ, այդ 5 հազար դրամով օգնում ենք և ասում` հաջորդ մեկից ուզելիս 95 հազար ուզիր: Օգնելիս ես ասում եմ` կարող ես դրամը չվերադարձնել, բայց Օձունում 80 տոկոսը վերադարձնում է»,- ասում է Տեր Վրթանեսը:
Եկեղեցում այդ գումարները առաջանում են պսակի և կնունքի արարողություններից և հարուստ օձնեցիների նվիրատվություններից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել