HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ինչպես փոխել սեփական ճակատագիրը Նոր տարում

Իսկ ե՞րբ է իսկական Նոր տարին

Գուրգեն Հովհաննիսյանը թեև հունվարի 1-ին կուրախանա Նոր տարին տոնող բոլորի հետ, բայց համոզված է, որ այդ օրը ոչ մի հատուկ բան տեղի չի ունենում, այլ ընդամենը թիվն է փոխվում, իսկ իսկական Նոր տարին մարտի 21-ին է, քանի որ այդ օրն է փոխվում զոդիակային նշանը: Հետևաբար, բոլոր ազդեցությունները, որոնք 2011-ին կլինեն և մարդու, և երկրի կյանքում, կսկսվեն մարտի 21-ից հետո:

Գուրգենը աստղաբան-էզոթերիկ է («էզոթերիկա» նշանակում է գաղտնի գիտելիքներ): Նրա խոսքերով` շատ երկրներ մեծ ուշադրություն են դարձրել աստղաբաններին: Ֆ.Միտերանը և Ն.Խրուշչովը գրեթե ոչ մի հարց չեն լուծել` առանց աստղաբանի հետ խորհրդակցելու: «Ես հավաստի տվյալներով գիտեմ, որ հենց այսօր Կրեմլում 5 աստղաբան կա, որոնք նախագահ Մեդվեդևին խորհուրդ են տալիս»,- ասում է նա: Գուրգեն Հովհաննիսյանը աստղաբանություն ինքնուրույն է սովորել, քանի որ թե Հայաստանում, թե արտասահմանում աստղաբանություն սովորեցնող դպրոց չկա: Մինչև 17-րդ դար այս գիտությունը սովորեցնում էին Եվրոպայի համալսարաններում, սակայն հետո այդ գիտելիքները կորան, և հիմա պետք է հայթայթել դրանք: «Սրանք ուղղակի ներքին կարողություններ են, որ արտահայտվում են, ինչպես էքստրասենսի մոտ, միայն` ավելի խորը ձևով»,- ասում է Գուրգենը: Նա կրթությամբ նկարիչ է և հաճախ նկարում է աստղաբանության թեմաներով` աստղեր, մոլորակներ: Գուրգենն ասում է, որ մարտի 21-ը` որպես Նոր տարի, հայերը նշել են հեթանոսությունից մինչև քրիստոնեության վաղ փուլ: Հետագայում այս գիտելիքը կորել է, և որպես Նոր տարի սկսել են նշել օգոստոսի 11-ը` Նավասարդը: Սակայն Նավասարդը ոչ այնքան Նոր տարի է, որքան Հայկ Նահապետի տոնը. այդ օրն է Հայկը հաղթել Բելին: Մարտի 21-ին նախորդող մի քանի օրերը անցումային շրջան են համարվում: Աստղաբանն ասում է, որ այդ օրերին երկիրը փոխելով` մարդը կարող է փոփոխություն մտցնել իր ճակատագրի մեջ: Օրինակ` եթե մոլորակների դիրքն այնպիսին է, որ տվյալ մարդուն մեծ վտանգ է սպասում, աստղաբանները նրան խորհուրդ կտան Նոր տարուն այլ երկիր գնալ: «Նույնիսկ եթե մարդուն նախատեսված է մահ, որոշակի օրենքներ հաշվի առնելով, փոխելով երկիրը` նա կարող է խուսափել մահվանից, և հակառակը, կարող է նույնիսկ հիվանդանալ»,- ասում է Գուրգենը: Սակայն միայն երկիրը փոխելը դեռ բավական չէ. մարդ պետք է իմանա, թե ինչպիսի երկիր է գնում: Ամեն երկիր գտնվում է որոշակի ազդեցության տակ: Ըստ Գուրգեն Հովհաննիսյանի` Հայաստանը Ձկների համաստեղության տակ է, իսկ, օրինակ, Ռուսաստանը` Ջրհոսի: «Այսինքն` գնալով Ռուսաստան` ինքն իր ստանալիք հոսանքներն էլ է փոխում ու կարողանում է ինչ-որ փոփոխություն մտցնել իր ճակատագրի մեջ»,- ասում է նա: Որպեսզի տվյալ մարդն իմանա` արժե՞ արդյոք Նոր տարուն փոխել երկիրը, պետք է աստղաբանին ասի իր ծննդյան տարեթիվը, ամիսը, օրն ու ժամը: Ըստ այս տվյալների` աստղաբանը գծում է մարդու ծննդյան քարտեզը և մոլորակների շարժման արագությունների հետհաշվարկով պարզում, թե ինչպիսին է եղել մոլորակների փոխդասավորությունը այդ մարդու ծնվելու ժամանակ. Յուպիտերը, ենթադրենք, Առյուծի համաստեղության մեջ է եղել, Սատուրնը` Այծեղջյուրի: «Այստեղից որոշվում է մարդու ճակատագիրը` ինչպիսի վտանգներ, ինչպիսի հաջողություններ են սպասվում, ինչպիսի ուժ ունի, իր որ հատկությունից օգտվի, որը ուժեղացնի, որը ճնշի իր մեջ, որպեսզի հաջողակ լինի, հնարավորինս սխալներ չգործի: Գուշակության տեղ չկա այստեղ. հնագույն, ազնվագույն գիտություն է: Եվ այն մարդիկ, որոնք փորձում են գուշակության վերածել, շատ խիստ ձևով կպատժվեն հենց գերագույն ուժերի կողմից»,- ասում է Գուրգենը: Մեկ մարդու ճակատագիրը կանխատեսելու համար նրան միջինը մեկ շաբաթ է պետք: Աստղաբանի խոսքերով` թեև մարդու ճակատագիրը նախօրոք որոշված է, սակայն մարդը միշտ ընտրության իրավունք ունի և կարող է փոխել իր ճակատագիրը` իր ամեն մի մտքով, գործով, խոսքով, քանի որ մարդու ամեն քայլ ունի հետևանք: Հատկապես Նոր տարուն ճակատագիրը փոխելու ավելի մեծ հնարավորություն կա, քանի որ դա անցումային փուլ է, և մարդու դերն ավելի նշանակալից է դառնում: «Օրինակ` հունվարի 4-ին Արևի և Յուպիտերի դրական կոնֆիգուրացիա կա. եթե հունվարի 4-ին ընտանիքի հետ լինեք, լավ անցկացնեք, ամբողջ տարվա վրա դրական կազդի»,- ասում է աստղաբանը: Առհասարակ նա առաջնային նշանակություն է տալիս լավ տրամադրությանը, ոչ թե Նոր տարվա սեղանների ճոխությանը: Իսկ առատ սեղան գցելու համար պարտք վերցնելը նշանակում է տարին դիմավորել ոչ թե առատ սեղանով, այլ պարտքով: Ըստ հայկական արեգակնային տոմարի` 2011 թ. մարտի 21-ին տարին կանցնի Երկվորյակի նշանի տակ: 2011-ը կլինի Վեներա մոլորակի տարի: Քանի որ Վեներան սիրո աստվածուհին է և ընտանիքի պահապանը, 2011-ը շատ լավ շրջան է ընտանիք կազմելու համար: Սակայն աստղաբանը զգուշացնում է, որ ամուսնությունները պետք է հիմնված լինեն ոչ թե հաշվարկի, այլ սիրո վրա. հակառակ դեպքում կփլուզվեն 2 տարվա ընթացքում: 2011-ի մարտի 21-ին կուժեղանա նաև Մերկուրիի ազդեցությունը, քանի որ Երկվորյակը Մերկուրիի ազդեցության տակ է: «Մերկուրիի դեպքում կլինեն ճանապարհորդություններ, ինֆորմացիայի տարածում, բիզնես ոլորտը մեծ թափ կունենա, ԶԼՄ-ները նույնպես մեծ առաջընթաց կապրեն, եթե կարողանան նոր վիճակին հարմարվել»,- ասում է Գուրգեն Հովհաննիսյանը: Վեներան ու Մերկուրին խոստանում են, որ փոփոխություններ կլինեն նաև քաղաքական դաշտում: Շատ հիմնավոր հարցեր, որոնք երկար ժամանակ լուծում չեն գտել, կարող են վերջնական լուծում ստանալ: Մինչև մարտի 21-ը տարին դեռ Ցլի նշանի տակ է: Ցուլը հողի տարերքն է: «Ինչպես տեսանք, ամբողջ տարվա ընթացքում երկրաշարժերը և սողանքները, հողի հետ կապված նմանատիպ խնդիրները շատ արդիական դարձան: Սա կշարունակվի: Իսկ եկող տարի ավելի կգերակշռի, փաստորեն, ջրային տարերքը` ցունամիներ, ջրհեղեղներ, որոշակի փոփոխություններ, որովհետև տարերքները շատ են աղտոտված, էկոլոգիական խնդիրները շատ մեծ հասունություն են ապրել, և բնությունը կարծես պատասխան է տալիս մարդու այդ չմտածված արարքներին»,- ասում է Գուրգենը: Ցլի տարում ևս Վեներան է գերիշխում, քանի որ այն մեր արեգակնային համակարգ է եկել Ցլի համաստեղությունից: Սակայն աստղաբանն ասում է, որ եկող տարին ավելի լավ կլինի, քան 2010-ը, որովհետև 2011-ին Վեներան իր բնականոն ընթացքը չի շեղի: «Երբ համաստեղությունը շարժվում է, կա պահ, որ փոխում է իր ընթացքը: Այդ ժամանակ շատ մեծ կործանումներ են լինում: Տվյալ դեպքում սա եղավ 2010 թ. նոյեմբերի 7-ից մինչև 29: Ընթացքը փոխեց, և շատ բաներ վերանայվեցին, և ազդեցությունները մենք տեսանք, նույնիսկ քաղաքական ոլորտում: Այդ շրջանում ընդհանրապես խորհուրդ չի տրվում ոչ մի կարևոր որոշում կայացնել: 2011-ին Վեներան ընդհանրապես իր ընթացքը չի փոխի` այդ բացասական ազդեցությամբ չի գնա»,- ասում է Գուրգեն Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter