HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աիդան» կընդգրկվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում

Դեկտեմբերի 23-ին, 25-ին և 26-ին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Աիդա» օպերայի պրեմիերան` իտալացի ռեժիսոր Մարիո Կոռադիի բեմականացմամբ: 2010 թ. ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեցին Ջ.Վերդիի «Աիդա» օպերայի բեմադրման նախապատրաստական աշխատանքները: Իտալական օպերային արվեստի գլուխգործոց համարվող «Աիդան» Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1941թ. և եղել է Ալ.Սպենդիարյանի անվ. օպերային թատրոնի խաղացանկում մինչև 90-ականների սկիզբը: 20 տարվա ընդմիջումից հետո հայաստանյան բեմում «Աիդան» բեմադրելու համար ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիի առաջարկով մշակույթի նախարարությունը Հայաստան հրավիրեց իտալացի ռեժիսոր Մարիո Կոռադին: Առաջին անգամ Կոռադին Երևան ժամանեց օգոստոս ամսին, կայացան մի շարք աշխատանքային հանդիպումներ, որոնց արդյունքում ուրվագծվեց նախագծի իրականացման հետագա ընթացքը: Բեմադրության մեջ ընդգրկված է 300 դերակատար, այդ թվում` Ոստիկանական ակադեմիայի ուսանողները` մասսայական տեսարաններում: Ներկայացման բեմադրող նկարիչ Ավետիս Բարսեղյանի էսքիզներով պատրաստվել են փարավոնների ժամանակաշրջանին բնորոշ դեկորացիաներ և ավելի քան 400 կոստյում: Իտալիայից հրավիրվել է նաև լուսային ռեժիսոր Անդրեա Բորելլիին, ով յուրահատուկ մոտեցում է առաջարկել «Աիդա» օպերայի լուսային ձևավորման հարցում: Հատուկ այս ներկայացման համար Իտալիայից բերվել են լուսային նորագույն սարքավորումներ, ինչպես նաև էկրանային համակարգ, որը ծառայելու է որոշ տեսարաններում բնապատկերներ ստանալու համար: Դեկտեմբերի 23-ին Աիդայի դերերգով հանդես կգա միջազգային ճանաչում ունեցող սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, ով բնակվում է Ավստրիայում և Հայաստանում է հատուկ այս ներկայացմանը մասնակցելու համար: Նույն օրը Ռադամեսի դերում հանդես կգա Մյունխենի օպերային թատրոնի մեներգիչ, ազգությամբ վրացի, տենոր Գեորգի Օնիանին: «Աիդա» օպերայի երաժշտական մասի ղեկավարն ու դիրիժորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Դուրգարյանը: Այսուհետև Վերդիի «Աիդան» Մ.Կոռադիի բեմականացմամբ կընդգրկվի Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում: Եգիպտացի զորավարի և ստրկուհու սիրո դրամատիկ պատմությունը կներկայացնեն օպերային թատրոնի մեներգիչներ Մարինե Դեինյանը, Մագդա Մկրտչյանը, Աննա Մնացականյանը, Լիլիթ Սողոմոնյանը (Աիդայի դերակատարներ), Ռուբեն Նուրիջանյանը, Սարգիս Աղամալյանը (Ռադամեսի դերակատարներ), Քրիսթինա Սահակյանը, Նարինե Անանիկյանը, Գոհար Ազիզյանը (Ամներիսի դերակատարներ), Գևորգ Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը (Ամոնասրոյի դերակատարներ) և այլք: «Աիդա» օպերայի պրեմիերան Հայաստանում ներկայացնում են ՀՀ մշակույթի նախարարությունը, ծրագրի գլխավոր գործընկեր ՎիվաՍելլ-ՄՏՍը, Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և ԱրտԹիմ պրոդյուսերական կենտրոնը: Նախագծի հովանավորներն են Հայաստանի Էլեկտրական ցանցերը, Ռոսգոսստրախ-Արմենիան, Կոնվերսբանկը: Նախագծին աջակցում է ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter