2011-ին Արցախում նախատեսվում է ՀՆԱ-ի 9 % աճ
ԼՂՀ վարչապետը ամփոփել է անցնող տարին
Երեկ տեղի է ունեցել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը: Կառավարության ղեկավարը նախ հակիրճ ներկայացրել է անցնող տարում հանրապետության սոցիալ-տնտեսական, քաղաքական ու հասարակական կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, այնուհետև պատասխանել լրագրողների` հասարակական հնչողություն ունեցող տարաբնույթ հարցերի:
Վարչապետը, պատասխանելով ապրանքների գնաճի վերաբերյալ հարցին, նշել է, որ սոցիալական լարվածությունը հիմնականում առաջանում է պարենային զամբյուղի թանկացմամբ: Մինչդեռ առաջին անհրաժեշտության մթերքները հնարավոր է արտադրել մեր հանրապետությունում: «Կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը հենց դրան է ուղղված»,- հայտարարել է Ա. Հարությունյանը:
Նա ավելացրել է, որ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից դիտարկումներ կանցկացվեն` ամանորյա նախաշեմին սովորաբար արձանագրվող գների մեծ տատանումները կանխելու համար:
Կառավարության ղեկավարի խոսքով` 2011 թվականին կառավարության թիրախային ծրագրերն են լինելու պարենային անվտանգությունն ու էներգետիկ անկախությունը: Գալիք տարում շեշտակի քայլեր են ձեռնարկվելու մեծ քանակությամբ ցորենի, բուսական յուղի արտադրության, գյուղմթերքների վերամշակման, ինչպես նաև անասնաբուծության զարգացման ուղղությամբ: Նախատեսվում է ՀՆԱ-ի 9 տոկոս աճ:
Հանրապետության Էներգետիկ անկախությունը ապահովվելու է գործող և կառուցվող ՀԷԿ-երի միջոցով: Վարչապետը մեծ ակնկալիքներ ունի նաև բիոէներգետիկ ճյուղից, որի զարգացման համար Արցախը ունի հսկայական պաշարներ: Այն թույլ կտա մի քանի տարվա ընթացքում ամբողջությամբ լուծել ջեռուցման հարցը: Փորձեր արդեն իսկ կատարվում են, որոնցից կարելի է եզրակացնել, որ բիոէներգետիկան կարող է արտահանման համար լուրջ ճյուղ հանդիսանալ` ասել է Ա. Հարությունյանը:
Խոսելով վերաբնակեցման ծրագրի մասին` Ա. Հարությունյանը նշել է, որ անցած տարի միայն Քաշաթաղի շրջանում 200-ից ավելի ընտանիքներ են վերաբնակեցվել: Կառավարությունը շարունակելու է այդ ծրագիրը, որի արդյունավետությունը հիմնականում պայմանավորված կլինի շրջանների ենթակառուցվածքների վերականգնմամբ: Արցախում վերաբնակվել ցանկացողներին կտրվեն արտոնյալ վարկեր, շինանյութեր, կփոխհատուցվեն փոխադրամիջոցների համար պահանջվող գումարները:
Արտաքին քաղաքականության բնագավառում, ըստ ԼՂՀ վարչապետի, շոշափելի արդյունքներ չեն արձանագրվել: Շարունակվում են բանակցությունները, գնալով Արցախն աշխարհին ավելի ճանաչելի է դառնում: Արա Հարությունյանը համոզված է. «Ժամանակը աշխատում է մեր օգտին»: Արցախի ճանաչման հարցերով հատուկ հանձնախմբի ստեղծումը և նմանատիպ յուրաքանչյուր այլ քայլ արտաքին աշխարհին ներկայանալու գործընթացում կունենա դրական ազդեցություն:
«Ազատ հայրենիք» կուսակցության անցնող տարվա գործունեությունը, որպես կուսակցության առաջնորդ, Ա. Հարությունյանը գնահատում է բավարար: Նա համոզված է, որ քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունենալու համար անհրաժեշտ է լինել կայուն ուժ, իսկ դրա համար տասնյակ տարիներ են պետք:
Լրագրողները շոշափոցին հանրապետության համար ռազմավարական նշանակության` էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարմամբ զբաղվող ընկերությունների` մասնավոր կառավարման համակարգին անցնելու նպատակահարմարությանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարի հավաստամամբ, քայլն արվում է այդ ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով: Դրանք վստահվելու են երկար տարիների փորձ ունեցող մասնավոր ընկերություններին, որոնց գործունեությունը գտնվելու է կառավարության անմիջական վերահսկողության ներքո:
Անդրադառնալով Հայաստանում և Արցախում սկսված ավտոմեքենաների պետական պարտադիր ապահովագրման գործընթացին` Ա. Հարությունյանը այն կարևորեց որպես անհրաժեշտություն` քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար: Գիտության զարգացման գործում կառավարության ղեկավարը կարևորում է նաև Սփյուռքի ներդրումը: Այդ ուղղությամբ մեծ անելիքներ ունի Արցախի գիտական կենտրոնը` ընդգծել է նա:
Լրագորղների հարցերին պատասխանելով` Ա. Հարությունյանը խոսել է նաև փախստականների բնակարանային խնդիրների լուծման, 2011 թվականին զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարանով ապահովման ծրագրի ավարտի, մայրաքաղաքում իրականացվող տարբեր ծրագրերի, հարկային քաղաքականության և այլնի մասին:
Հանդիպման վերջում կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց լրագրողներին հետաքրքիր և հրատապ հարցեր բարձրացնելու համար: Կառավարության հետագա գործունեության առավել թափանցիկությանը, Ա. Հարությունյանի խոսքով` կնպաստեն կառավարության կայքէջում գալիք տարում նախատեսվող փոփոխությունները:
Շնորհավորելով լրագրողներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ` Ա. Հարությունյանը մաղթեց, որ Արցախի հզորացման և ճանաչման ճանապարհին 2011 թվականը լինի բեկումնային տարի: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել