Արգիճի գետի վրա անօրինական շինություն կառուցելը լճի էկոհամակարգին վնաս չի պատճառե՞լ
Գեղարքունիքի մարզի դատախազությունն անհրաժեշտ չի համարում հետաքննել «Զանգեզուր Էքսիմպ» ընկերության գործողությունները: Ի պատասխան «ԷկոԼուր»-ի պահանջի` հետաքննել Սեւանա լճի էկոհամակարգին եւ Գայլաձոր վտակի հետ Արգիճի գետին ընկերության հասցրած վնասը, դատախազությունը հղում է կատարել այն բանի վրա, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը որեւէ վնաս չի հայտնաբերել:
«ԷկոԼուր»-ին ուղղված` Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վ.Տ. Մարգարյանի ստորագրությամբ (կատարող` Վ. Լազարյան) 03.12.2010թ. թիվ 61-137դ պատասխան նամակում նշված է, որ Բնապահպանության նախարարությունը դատախազությանն ուղղված իր նամակով տեղեկացրել է. «Սեւանա լճի էկոհմակարգին եւ Գայլաձոր վտակի սնուցմանը վնաս չի պատճառվել… ապօրինի կառուցված խրամուղու ամբողջ երկարության վրա որեւիցե աղբյուր գոյություն չունի:
Նշված խրամուղի լցվող ջրերն առաջացել են ՀՀ Վայոց ձորի Աղնջաձոր համայնքին ոռոգման ջրեր ապահովող ջրագծի վրա առկա վթարներից»: Եւ ապա. «Արգիճի գետի Գայլաձոր վտակում ծովի մակերեւույթից 2300մ բարձրության վրա առաջացել է կողակ ձկնատեսակի տեղային պոպուլյացիա, որն ապրում, զարգանում, վերարտադրվում է գետում եւ չի խառնվում Սեւանա լճի պոպուլյացիաների հետ… Ձկների անկում, որը կարող է հիմք հանդիսանալ վնասի հաշվարկման համար, չի հայտնաբերվել»:
Տրամադրված բացատրության առնչությամբ «Էկոլուրը» ՀՀ բնապահպանության նախարարությանը խնդրում է տեղեկացնել, թե կոնկրետ երբ են բնապահպանական պետական տեսչության կողմից անցկացվել տվյալ ստուգումները: Դրանց մասնակցելու հրավիրվե՞լ են Գեղարքունիքի մարզպետարանի եւ S.O.S Արգիճի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները, ովքե՞ր եւ նկատել են տվյալ խախտումները եւ կարող էին ցույց տալ կոնկրետ տեղերը: Ինչպե՞ս նաեւ խնդրում ենք տրամադրել տեսչության ստուգումների ակտի կրկնօրինակը, որին հղում է անում նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել