HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովի 8 «ճագարները»

Պատգամավորներ Արթուր Աղաբեկյանը, Հրայր Կարապետյանը, Ռուբեն Հայրապետյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Կարեն Սարիբեկյանը, Արա Սիմոնյանը և Արայիկ Գրիգորյանը, ըստ արևելյան 12 տարվա կենդանական ցիկլի, ծնվել են սպիտակ ճագարի (կատվի կամ նապաստակի) տարում: 2011 թ. հենց նրանց տարին է:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանին օրեր առաջ կինն է տեղեկացրել, որ գալիք տարին իր տարին է: Պատգամավորն ասում է, որ չի հավատում աստղագուշակությանը, սակայն նապաստակի տարուց մեծ սպասելիքներ ունի: «Այս տարի մեծ որդիս ամուսնացավ, և ինձ համար անձնական ձեռքբերում էր: Սպասում եմ, որ նապաստակի տարում ինձ թոռ կպարգևեն: Դա է իմ հիմնական սպասելիքը: Բոլորն էլ սպասելիքներ ունենում են, ես էլ բացառություն չեմ, թեև չեմ հավատում, որ իմ տարին է և դրա հետ ինչ-որ բաներ կապեմ»,- ասում է Հրայր Կարապետյանը: Արևելյան օրացույցի համաձայն` նապաստակը իրեն կարող է հիանալի դրսևորել կառավարական միջին օղակներում: Կառավարչի դերը նրա համար չէ, քանի որ նապաստակը չի սիրում որոշումներ կայացնել, վախենում է պատասխանատվությունից: Բացի դրանից` նապաստակը համարվում է վախկոտ կենդանի և չափազանց զգուշավոր է: Հրայր Կարապետյանն այս իմաստով իրեն «նապաստակ» չի համարում և փորձում է ապացուցել, որ բնավորությամբ ուրիշ է: «Աստղագուշակով առյուծ եմ, բայց ծնվել եմ ճագարի տարում: Այս առումով իմ աստղակերպը հակակշռում է նապաստակին: Զգուշավորությունը վատ բան չէ, եթե բանը վախկոտության չի հասնում: Վախկոտությունն ատում եմ: Վախկոտ մարդը չի կարող լինել հայրենասեր»,- ավելացնում է պատգամավորը: Անդրադառնալով Ամանորին` Հ. Կարապետյանն ասաց, որ տոնը միշտ նշել է ընտանիքում և համարում է, որ Նոր տարին այդպես դիմավորելն է ճիշտ: Պատգամավորը տեղյակ չէր, թե ինչ գնումներ պիտի արվեն. այդ հարցով զբաղվում են կինն ու միջնեկ որդին: Ասում է, որ ծախսերը կտեղավորի աշխատավարձի շրջանակներում: «Վատն այն է, որ տոներն անցնում են, ու իրականության մեջ ես հայտնվում, իսկ հաջորդ աշխատավարձն ուշ է լինում»,- ավելացնում է Հ. Կարապետյանը: Դավիթ Հարությունյանը չգիտեր էլ, որ ինքը նապաստակի տարում է ծնվել: «Հաստատ նապաստակի տարո՞ւմ եմ ծնվել... հա էլի, ճիշտ ես ասում, չէի մտածել»,- արձագանքեց պատգամավորը: Նա չի էլ մտածել, թե ինչ ընդհանրություն ունի նապաստակի հետ: «Ճիշտն ասած` ձեզնից իմացա, որ նապաստակի տարում եմ ծնվել, երբևէ չեմ էլ մտածել` բնավորությամբ նմա՞ն եմ նապաստակի և նրա հետ որևէ ընդհանրություն ունե՞մ, թե՞ ոչ»,- ավելացրեց Դ. Հարությունյանը: Նա Ամանորը նշելու է ընտանիքի հետ` ընկերական միջավայրում: Պարզվում է` Դ. Հարությունյանը որոշ չափով սնահավատ է: Նա նապաստակի տարվա հետ կապված իր անձնական սպասելիքների մասին նախընտրեց չխոսել` ասելով, թե «լավ նշան չի»: Սակայն խոսեց ընդհանուր սպասելիքներից` կապված Հայաստանի հետ: «Հուսով եմ, որ 2011 թ. կանցնենք ավելի պատշաճ մակարդակով: Կառավարությունը խոստանում է, որ 2011 թ. լինելու է ավելի հաջող տարի. կհարթվեն այն հիմնական խնդիրները, որ առկա են եղել 2010-ին: Միաժամանակ նախընտրական տարի է, և հուսով եմ` կունենանք քաղաքակիրթ, քաղաքական տարրեր պարունակող տարի»,- ավելացրեց պատգամավորը: Ինչպե՞ս են տոնը նշում «ոչ ճագարները» ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը նույնպես նախընտրում է Ամանորը նշել ընտանիքում: Ասում է` դա ընտանեկան տոն է, իրենց ընտանիքում էլ հավաքվելու ավանդույթը կա, և երբեք չի նախընտրում Նոր տարին դիմավորել հյուրանոցում կամ ռեստորանում: Գ. Մինասյանն էլ հեռու է մնում գնումներից, սակայն համոզված է, որ Ամանորին ծախսելու են միջին հայ ընտանիքի ծախսածի չափով: «Մեր ընտանեկան բյուջեն ձևավորվում է իմ ու տիկնոջս աշխատավարձերից: Իմ աշխատավարձը պահումներից հետո 240 հազար դրամ է: Այդ շրջանակներում էլ գնումները կանենք»,- նշում է պատգամավորը: Գնումներ չի կարողանում անել ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Ուստի, նրան ընտանիքում չեն վստահում նաև Ամանորի գնումների պատասխանատու գործը: «Չգիտեմ, թե Նոր տարվա հետ կապված ինչքան գումար է ծախսվելու. առևտուրը կինս է անում: Շնորհակալություն նրան ինձ այդ հոգսից ազատելու համար»,- ասում է Ս. Նիկոյանը: ԱԺ փոխնախագահի խոսքերով` Ամանորը միշտ նշել է տանը, այս տարի էլ բացառություն չի լինելու: Ինչ վերաբերում է այս օրերին նկատվող գնաճին, ապա Սամվել Նիկոյանն ասում է, որ դրա հետևանքներն իր ընտանիքն էլ է զգացել, սակայն սա բնական երևույթ է համարում: «Յուրաքանչյուր մարդ այդ գնաճը կարող է զգալ, և եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ եթե կա պահանջարկի մեծացում, դա իր հետ բերում է գների բարձրացում: Ամեն տարի Նոր տարվա նախօրեին գները բարձրանում են, դա նորություն չի: Դրա համար էլ շատ մարդիկ նախօրոք են գնումները կատարում»,- ավելացնում է ԱԺ փոխնախագահը: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը թեև «նապաստակ» չէ տարով, սակայն շատ է սիրում նապաստակ: «Մարդիկ կան, որ շատ են սիրում նապաստակի միս ուտել, ես երբեք չեմ կարողացել, որովհետև հոգեբանական պահ կա, որ չեմ կարողանում հաղթահարել: Ինձ համար նապաստակը ուտելու միջոց չի համարվել»,- խոստովանում է պատգամավորը: Նա ասում է, որ տոնական սեղանին նապաստակի միս չեն ունենալու: «Ի վերջո, կարելի է առանց նապաստակի մսի էլ յոլա գնալ»,- ասում է Հ. Բիշարյանը: «Օրինաց երկիր» կուսացությունում ավանդույթ կա, որ կուսակից մի քանի տասնյակ ընտանիքներով Նոր տարին նշում են միասին: Երեկոյան հավաքվում են, ամբողջ գիշեր զվարճանում և լուսադեմին գնում իրենց տները: Հ. Բիշարյանը նախատեսել է Ամանորին ծախսել մոտ 250 հազար դրամ, սակայն նրա ծրագրերը կարող են ձախողվել գնաճի պատճառով: Ուստի, մտածում է, որ կծախսի նախատեսածից շատ գումար: «Բնավորությամբ շռայլ առևտուր անող եմ, և միշտ նախատեսած գումարն ինձ չի բավականացնում: Սովորաբար ցուցակ եմ կազմում, թե այդ օրերի համար ինչ է պետք, և դրա համաձայն էլ հատկացումներ ենք անում»,- նշում է պատգամավորը: Բիշարյանն արդեն հասցրել է ուսումնասիրել 2011 թ. խորհրդանիշ նապաստակին և դրանից հետևություններ է արել: «Կարծում եմ, որ նապաստակի տարում շատ ու շատ մարդկանց մոտ զգուշացման պահ կլինի, պետք է զգույշ լինեն, խուսափեն ավելորդ վազքերից, որովհետև կարող է նրանց ոտքից հանկարծ բռնի աղվեսը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter