HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Լրատվամիջոցներ են ստեղծվում, բայց տեղեկատվական քաղաքականությունը դոփում է տեղում

Լրատվական դաշտի եւ տեղեկատվական քաղաքականության մասին վերջերս Ղարաբաղում ավելի հաճախակի են սկսել խոսել:

Դաշտի բարելավման եւ չորրորդ իշխանության դերի բարձրացման մասին խոսվում էր դեռեւս նախագահական վերջին ընտրությունների շեմին եւ նրանից հետո, ինչն ուղեկցվում էր երկրի ղեկավարության այն խոստումներով, որ իշխանություններն աշխատելու են առավել թափանցիկ ու բաց, բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար մամուլի ասուլիսներ են հրավիրելու եւ այլն: Սակայն խոստումներին հավատարիմ մնացին միայն վարչապետը եւ ընդամենը մի քանի նախարարներ:

Այն, որ դաշտում վերջին մի քանի տարիներին էական առաջընթաց չի գրանցվել, շատերն են խոստովանում: «Մտածում էի, որ պարբերաբար զարգացում կլինի` եւ՛ քանակի, եւ՛ որակի, եւ՛ օբյեկտիվության, եւ՛ օպերատվության առումով, բայց, ցավոք, վերջին երկու տարում փոփոխություն տեղի չունեցավ, ինչն ինքնին բացասական երեւույթ է: Այսօրվա գործող լրատվամիջոցները, որոնք կարեւոր դերակատարություն ունեն, մի քանի տարի առաջ են ձեւավորվել»,- խոստովանում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հրանտ Ալեքսանյանը:

Ղարաբաղի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանի կարծիքով` Ղարաբաղում լրատվական դաշտը «կատարյալ անվանել չես կարող, թեպետ կա այն նվազագույնը, որով հանրությունը ստանում է իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը»:

Արցախյան լրատվամիջոցների համապատկերը

Ղարաբաղում ներկայումս գործում է մեկ հեռուստատեսություն` Արցախի հանրային հեռուստատեսությունը, որն օրական եթեր է դուրս գալիս 3 ժամ` լուրերի երկու թողարկմամբ եւ տարաբնույթ հեղինակային եւ այլ հաղորդումներով: Սակայն մինչ այսօր հանրապետությունում դեռեւս կան բնակավայրեր, որտեղ հնարավորություն չունեն դիտել Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդումները: 

Մի շարք բնակավայրերում հնարավորություն չունեն դիտելու նաեւ Ղարաբաղում հեռարձակվող հայաստանյան` Հ1, Հ2 եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների հաղորդումները, ավելին` մի շարք սահմանամերձ գյուղերում միայն ադրբեջանական եւ իրանական հեռուստաալիքներն են դիտում: Ներկայումս Ղարաբաղում շուրջ երկու տասնյակ հեռուստաալիքների հաղորդումները դիտելու հնարավորություն ունի բնակչության մի զգալի մասը, իսկ արբանյակային ալեհավաքներ ունեցողները, որոնք քիչ չեն Ղարաբաղում, դիտում են 100-ից ավելի հեռուստաալիքներ: Մի քանի հեռուստաալիքների վերահեռարձակմամբ է զբաղվում նաեւ Ստեփանակերտում գործող «Փեյս» ընկերությունը:

Ղարաբաղն ունի նաեւ Հանրային ռադիո, որը եթեր է հեռարձակվում օրական 3 ժամ: Գործում են նաեւ մի քանի մասնավոր ռադիոընկերություններ, որոնք հիմնականում զվարճալի հաղորդումներ են հեռարձակում: 

Բացի վերոնշյալ ժամանցային ռադիոկայաններից, Ղարաբաղում գործում է «Ձայն արդարության» մասնավոր ռադիոկայանը, որն ադրբեջաներեն է հեռարձակում` շաբաթական 4 անգամ` 30-ական րոպե: Ռադիոկայանը ստեղծվել է 1997-ին ընկերության տնօրեն Միքայել Հաջյանի նախաձեռնությամբ: Նրա հիմնական լսարանը հարեւան Ադրբեջանի հանրապետության բնակչությունն է: Տնօրենի խոսքերով` ղարաբաղցի գործարարների հովանավորությամբ ստեղծված ռադիոկայանը նպատակ ունի ղարաբաղյան ճշմարտությունը ներկայացնել հարեւան հանրապետության բնակչությանը եւ ուժերի ներածին չափով փորձել վստահության կամուրջ ստեղծել երկու հանրապետությունների` Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների միջեւ:

Ոչ պաշտոնական տվյալներով` ԼՂՀ-ում ներկայումս լույս են տեսնում շուրջ չորս տասնյակ թերթեր, սակայն նրանցից 30-ն է հաշվառված Արդարադատության նախարարությունում: Դրանց թվում են «Ազատ Արցախ» հանրապետական թերթը, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի, Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանային թերթերը, ՀՅԴ-ի «Ապառաժ», Արցախի ժողովրդավարական կուսակցության «Հայրենիք», «Ազատ Հայրենիք» կուսակցության «Ակունք», Արցախի կոմկուսի «Արցախի կոմունիստ», ինչպես նաեւ` մի շարք կազմակերպությունների` գրական-ստեղծագործական, երիտասարդական, մանկապատանեկան եւ այլ թերթերը: Տպագիր մամուլի շարքում առանձնանում է նաեւ «Դեմո» հանրային երկշաբաթաթերթը, որը, չնայած ոչ մեծ տպաքանակին, հանրապետության ամենաընթերցվող թերթերից է:

Ղարաբաղը համացանցի միջոցով ներկայացնում են ոչ մեծաքանակ կայքերը: Հանրապետությունում եւ նրա սահմաններից դուրս ամենատարածված կայքերից է Karabakh-Open.com-ը, որն օրական թարմացվում է մի քանի անգամ: 

Պաշտոնական կայքէջեր ունեն նաեւ ԼՂՀ նախագահի աշխատակազմը, կառավարությունը, արտգործնախարարությունը, Ազգային վիճակագրական ծառայությունը: Մինչեւ հիմա կայքէջ չունի Ազգային ժողովը, չնայած այն ստեղծելու մասին խոսում են արդեն տարիներ շարունակ:

Պետական աջակցություն ոչ պետական թերթերին

ԶԼՄ ոլորտին առնչվող հարցերը վերջերս քննարկվել էին խորհրդարանական լսումների ժամանակ, որտեղ շեշտը հիմնականում դրվել էր ոչ պետական թերթերին պետբյուջեից ֆինանսական աջակցության ցուցաբերման վրա, ինչը վերջին մի քանի տարիներին հստակ ամրագրվում է պետական բյուջեում: 

Պատգամավորներից մեկը նկատել է, որ ծրագրի իրականացման նպատակով ստեղծված խորհուրդը նորմալ է գործել միայն առաջին տարում, իսկ հետո` ոչ, որի պատճառը, ըստ նրա, պետական վերաբերմունքի փոփոխությունն է:

Բանն այն է, որ ոչ պետական թերթերին ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացը սկսվել է երկու տարի առաջ` 2006-ին, սակայն երկրորդ տարում կառավարության կողմից աջակցություն ստացող թերթերի ցուցակից դուրս են մնացել «Դեմո» եւ «Karabakh-Open» թերթերը: 

2006-ին պետբյուջեից ՀԿ-ների եւ ոչ պետական թերթերի համար տրամադրված 50 մլն դրամից 12 մլն 330 հազար դրամը հատկացվել է ոչ պետական 14 լրատվամիջոցների, իսկ 2007-ին` 55 մլն դրամից 15 մլն դրամ` 18 լրատվամիջոցների:

Այս տարի այդ հարցը դեռեւս առկախ է, չնայած պետբյուջեում առանձին տողով ՀԿ-ների եւ ոչ պետական թերթերի համար նշված է` 55 մլն դրամ: Օրերս վարչապետի հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչու՞ պետբյուջեով նախատեսված ֆինանսական աջակցությունը մինչեւ հիմա չեն ստանում ոչ պետական թերթերը: Ի պատասխան` վարչապետն ասաց. «Նշանակում է` նշված թերթերը չեն ֆինանսավորվելու»: Նա միաժամանակ մատնանշեց, որ այդ որոշումներն ընդունում է համապատասխան խորհուրդը, որի եզրակացությանն ինքը տեղյակ չէ:

Միեւնույն է, տեղեկատվական քաղաքականությունը կաղում է

Եթե ասենք, որ վերջին տարիներին դաշտում տեղաշարժ չի եղել` դա էլ ճիշտ չի լինի. նոր թերթեր են ի հայտ եկել, նոր ռադիոկայաններ եւ կայքեր, սակայն, ընդհանուր առմամբ, այդ ամենը չի նպաստել տեղեկատվական քաղաքականությանը: Բոլորն էլ Ղարաբաղում խոստովանում են, որ տեղեկատվական քաղաքականության ասպարեզում բավականին հետ ենք մնում հարեւան Ադրբեջանի հանրապետությունից, որ տեղեկատվական քաղաքականություն վարելու համար չունենք համապատասխան կառույցներ, մասնագետներ եւ այլն: 

Ոմանք տեղեկատվական քաղաքականության ոչ պատշաճ մակարդակի համար մեղադրում են լրատվամիջոցներին, եւ մեղադրանքներ շատ անգամ հնչեցնում են նրանք, ովքեր պետք է այդ ամենի ակտիվ մասնակիցը լինեին, բայց շարունակ պասիվ դիրք էին զբաղեցնում: Կարծիք կա նաեւ, որ այդ ամենի պատճառը հենց իշխանությունների, տարբեր պատասխանատու անձանց պասիվությունն է: 

Ի՞նչ անել, ինչպե՞ս շտկել վիճակը: Կարծիքները Ղարաբաղում տարբեր են: Ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը գտնում է, որ մեզ անհրաժեշտ է տեղեկատվական քաղաքականությունը կարգավորող գործադիր կառույց, որը պարբերաբար նաեւ ուսումնասիրություններ, վերլուծություններ կկատարի եւ մասնագիտական եզրակացություններ կտա, թե այս կամ այն լրատվամիջոցն ինչքանո՞վ է նպաստում լրատվական դաշտի կայացմանը: Ոմանք կարծում են, որ նոր լրատվամիջոցներ եւ կառույցներ են անհրաժեշտ, ինչպես նաեւ` եղած ռեսուրսների ճիշտ օգտագործում:

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն էլ գտնում է, որ տեղեկատվական քաղաքականությունը պետք է ցանկացած երկրի ազգային անվտանգության հայեցակարգի բաղկացուցիչ մասը լինի, որից էլ պետք է ածանցվի քարոզչական ամբողջ գործունեությունը:

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը կարծում է, որ թեմայի ներկայիս հրատապությունը հակառակ ծայրահեղությունն է այն բանի, երբ ոչ ոք այս թեման առանձնապես չէր կարեւորում: «Մարդիկ, պաշտոնյաներ, բանուգործ թողած՝ խոսում են տեղեկատվական քաղաքականություն մշակելու մասին` այնքան կարեւորելով դրա անհրաժեշտությունը, որ կամա թե ակամա ստվերում են իրենց իսկ գործի, իրենց իսկ անմիջական պարտականությունների կատարման անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Ամեն ինչ կախվածության մեջ է դրվում տեղեկատվական քաղաքականությունից, ցանկացած ոլորտի հաջողությունը կամ անհաջողությունը պայմանավորում են տեղեկատվական քաղաքականության հաջողությամբ կամ անհաջողությամբ: Արդյունքում այդ քաղաքականության անհրաժեշտությունը պարզունակորեն ընկալվում եւ վերածվում է պարզապես գեղեցիկ փուչիկ ունենալու անհրաժեշտության: Այն աստիճան, որ ուզում ես բարեկամաբար խորհուրդ տալ՝ պարոնայք, հանգիստ թողեք այդ թեման, եկեք ամենքս զբաղվենք մեր գործով:

Որովհետեւ հենց գործով, գործի առկայությամբ, գործի չափով է պայմանավորված տեղեկատվական քաղաքականության հաջողության կամ անհաջողության չափը»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց Գ. Բաղդասարյանը: 

Այս պահին, նրա կարծիքով, պետք չէ հատուկ զբաղվել տեղեկատվական քաղաքականությամբ: Պարզապես պետք է նախեւառաջ արդիականացնել-արդյունավետ դարձնել պետական կառավարման համակարգը, որի օգտակար գործողության գործակիցը շատ ցածր է: «Եթե վերանայվի պետական կառավարման համակարգի նկատմամբ մոտեցումը, ու դրական տեղաշարժեր լինեն, եթե ռեալ գործ արվի, ապա տեղեկատվական քաղաքականությունն ինքնաբերաբար կփոխվի, չուզենք էլ՝ կփոխվի»,- ավելացրեց ԱԺ պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter