Բանկերն ու վարկերը` մարդկային հարաբերությունների փլուզման պատճառ
Ամբարդարյանների ընտանիքում հենց սկզբից կտրուկ հրաժարվեցին խոսել 2010 թ. հոկտեմբերի 20-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում կայացած դատական նիստի եւ հրապարակված վճռի մասին: «Մենք մեր գումարը մուծել ենք, մենք դրա հետ այլեւս գործ չունենք, եթե շատ կուզեք, գնացեք Արմենենց տուն, էդ իրանք են, որ վարկը չեն փակել, ու մենք ընկել ենք կրակը»,- հայտարարեցին Ամբարդարյան ամուսինները:
Ստիպված էի բացատրել, որ Արմեն Մկրտչյանի հետ անհնար է կապվել, քանի որ բջջային հեռախոսն անջատված է, իսկ կինը` Կարինեն, տեղեկացրեց, որ առանց ամուսնու հետ խորհրդակցելու իմ հարցերին չի պատասխանի:
Բանակցություններից հետո Կարեն եւ Քնարիկ Ամբարդարյանները համաձայնվեցին զրուցել` կրկին պնդելով, որ ստեղծված իրավիճակի մեղավորն իրենք չեն եւ ցանկություն չունեն պատասխանել ուրիշների փոխարեն:
2008 թ. դեկտեմբերի 24-ին Կարեն Ամբարդարյանի եւ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ «Շիրակ» մասնաճյուղի միջեւ կնքվել է վարկային պայմանգիր, համաձայն որի` Կարենին տրամադրվել է 4.000 դոլարին համարժեք դրամ սպառողական վարկ 512 օր մարման ժամկետով, տարեկան 16% տոկոսադրույքով:
Որպես վարկի վերադարձելիության երաշխիք վարկառուն գրավ է դրել սեփականության իրավունքով իրեն եւ կնոջը պատկանող 1976 թ. արտադրության ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենան, որը կողմերի փոխադարձ համաձայնությամբ գնահատվել է 600 հազար ՀՀ դրամ, ինչպես նաեւ սեփականության իրավունքով Արմեն Մկրտչյանին պատկանող 1989 թ. արտադրության ԳԱԶ-5312 մակնիշի ավտոմեքենան, որը գնահատվել է 1.200.000 ՀՀ դրամ:
Բանկից վերցրած 4 հազար ԱՄՆ դոլարի կեսը` 2 հազարը, Կարենը տրամադրել է Արմեն Մկրտչյանին:
Երկու վարկառուներն էլ գումարը ներդրել են գյուղատնտեսության մեջ:
«2009-ին ցանել եմ 3 հա կարտոֆիլ, էդքան էլ էս տարի էի ցանել,-տեղեկացրեց Կարենը,- անցած տարի համ բերքս էր քիչ, համ էլ գիտեք, թե գներն ինչ ահավոր ընկած էին: 30 տոննա կարտոֆիլ եմ հավաքել, 1կգ-ը 30-40 դրամով եմ ծախել, անասնակերի համար 15 դրամով են տարել: Դրա համար էլ վարկի գումարից քիչ կարողացանք մարել: Մայիսին էլ 2010 թ. մայր գումարի մարման վերջնաժամկետն էր: Ընպես պահ է, որ գյուղացու ձեռքը էդ ամսին հատկապես փող չի էղնի»:
Վերջին շրջանում լուսաբանած տարբեր վարկային գործերում առկա նմանություններից մեկն էլ հենց մայր գումարի փակման ժամկետներին են վերաբերում:
Գյուղացիները պնդում են, որ երկու տարով վարկ վերցնելու իրենց պահանջը հիմնականում չի բավարարվում, տալիս են 1,5 տարի ժամանակով:
Ամբարդարյանները վարկը վերցրել են 2008 թ. դեկտեմբերի 24-ին, եւ եթե մայր գումարի մարման ժամկետն էլ համընկներ հենց այդ օրվա հետ, վարկառուի հավաստմամբ` իրենք խնդիր չէին ունենա:
Իսկ այս դեպքում, երբ գյուղացին ունեցած ամբողջ գումարը ներդնում է վար ու ցանքի մեջ, իսկ բերքն էլ պարզ հաշվարկով պիտի հավաքվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ապա բնական է, որ մայիս ամսին գյուղացին մայր գումարը փակելու հնարավորություն չի ունենում:
Դատական գործերի մեծ մասում առկա մայր գումարի փակման ժամկետներն ավարտվում են մայիս ամսին: Գրեթե անգիր արած գործելակերպով, բանկը 3 ամիս ժամանակ է տալիս, որը գյուղացիները կոչում են «լավություն անել», սեպտեմբերին հիմնականում հայցով բանկը մտնում է դատարան` մայր գումարի եւ «լավություն արած» օրերի դիմաց տուժանքի բռնագանձման պահանջով:
«Մենք բանկից բողոք չունենք, վերցրել ենք, պիտի տանք,- ասաց Կարեն Ամբարդարյանը,- ուղղակի վատն էն է, որ ոչ մի պատճառաբանություն հաշվի չեն առնի: Թեկուզ վերցնենք մեր դեպքը. 2009-ին ծախածս բերքը էնքան գումար չբռնեց, որ գոնե գումարի կեսը փակեի: 2010-ի սեպտեմբերին էլ արդեն ընկանք դատի տակ»:
2010 թ. սեպտեմբերի 14-ին «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» գումարի բռնագանձման պահանջով հայց էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Կարեն եւ Քնարիկ Ամբարդարյանների, Արմեն եւ Կարինե Մկրտչյանների:
Հայցվոր կազմակերպությունն իր հայցադիմումում նշել է, որ պատասխանողները խախտել են վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները, որն էլ առաջացրել է դրամական պարտավորություն 3.403 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:
Բացի մայր գումարի եւ տուգանքների մարումից, բանկը պահանջել է դատարանից պատասխանող կողմից գանձել նաեւ 93 օրերի համար հաշվարկված տուժանքը:
Հայցապահանջում բանկը նշել է, որ պատասխանողները բազմիցս զգուշացվել են, ներկայացվել է պահանջագիր, սակայն մնացել են անպատասխան:
Համաձայն վարկային պայմանագրի` չվճարած գումարից 2.800 ԱՄՆ դոլարը կազմում է մայր գումարը, 222 ԱՄՆ դոլարը կուտակված տոկոսադրույքն է, իսկ 381 ԱՄՆ դոլարը վարկային պայմանագրի 2.2 կետով նախատեսված տույժի գումարն է:
Այս ամենին գումարվել է նաեւ բանկի կատարած դատական ծախսը` 24.910 դրամ, որը նույնպես պիտի բռնագանձվի պատասխանողից:
Միաժամանակ հայցվոր կողմը դատարանից խնդրել է պարտապանի չվճարած օրերի պատճառով բանկի կրած վնասները փոխհատուցելու նպատակով, սկսած վարկի դուրս գրման օրվանից մինչեւ վճարման օրը, չվճարած գումարի վրա հաշվարկել վարկային պայմանագրի 2.3 կետով նախատեսված 0.1 տոկոս տուժանք:
Կարեն Ամբարդարյանի տեսակետը բանկերի վարած վարկային քաղաքականության վերաբերյալ անգամ դատական այս պրոցեսից հետո չի փոխվել:
Վերջինս համոզված է, որ ինքը, լինելով տառաճանաչ եւ ի վիճակի լինելով ծանոթանալու առաջարկվող պայմանագրի պայմաններին, հնարավորություն ուներ հրաժարվելու, սակայն վերցրել է` հստակ գիտակցելով հետեւանքները:
«Բայց մյուս կողմից էլ որ վարկ չվերցնենք, ի՞նչ ձեւով գործերն առաջ տանինք,- հարց է տալիս Քնարիկ Ամբարդարյանը,- էն է, որ գյուղացին չիդե, թե տարին իրան ինչ կմատուցե, ըդիկ փաստ է. կարողա լավ էղնի` շահես, կարողա վատ էղնի` տուժես, բանկն էդտեղ ի՞նչ մեղք ունի»:
Դեկտեմբերի 17-ին Կարենը 1500 դոլարի չափով մասնակի մարում է կատարել մայր գումարից եւ տուգանքներից: Մեկ-երկու օրից 200 դոլար էլ կմուծի եւ պարտքը կփակի:
«ԱԿԲԱ»-ն միակ բանկը չէ, որից օգտվում է Կարենը: Գյուղատնտեսական վարկեր վերցրել է թե «ՎՏԲՀայաստան» բանկից, թե «Արդշինինվեստ» բանկից ու ներկայում էլ այս բանկերի նկատմամբ վարկային պարտավորություն ունի:
«Ես էլի էն մտքին եմ, որ ստեղ պետությունն ավելի շատ բան ունի մտածելու: Բանկն ի՞նչ, ես չվերցնեմ, էն մյուսը կվերցնե, ընդհանուր մոտեցում է պետք ցույց տալ, որ գյուղացին չտուժե, գյուղատնտեսությունն էլ զարգանա»,- նկատեց Կարենը:
Վարկային պարտավորություն ստանձնած Մկրտչյան ամուսինների հետ այդպես էլ չհաջողվեց հանդիպել, սակայն հեռախոսազրույց Արմեն Մկրտչյանի հետ, համառ փորձերից հետո, ստացվեց:
Վերջինս տեղեկացրեց, որ ինքը վերցրած 2000 ԱՄՆ դոլարը կարտոֆիլաբուծության մեջ է դրել: Այս տարի ցանել է 3,5 հա եւ ստացել 40 տոննա բերք:
Վարկային պարտավորությունը չի կարողացել կատարել արդեն հայտնի պատճառներով` 2009-ին կարտոֆիլը գին չուներ, բերքն էլ քիչ է եղել:
Դատարանի վճռից հետո ԴԱՀԿ-ի ներկայացուցիչներն իրենց տուն չեն եկել:
Ինքը պատրաստվում է դեկտեմբերի 24-ին 1700 ԱՄՆ դոլար մուծել գոյացած պարտքից: Արմեն Մկրտչյանը Շիրակի մարզի առաջին ատյանի վճիռը բողոքարկել է` օգտվելով իր իրավունքից:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնացյանը հաստատեց տեղեկությունը` ասելով, որ վերաքննիչը առաջին ատյանի դատարանի վճիռը թողել է անփոփոխ: Այս առումով Կարեն Ամբարդարյանն իր տեսակետն ուներ:
«Ես կմտածեմ, որ բողոքելն անիմաստ է, ով որ կբողոքե, ուղղակի կմտածե ժամանակ շահելու մասին, բայց դե վերջն էլի պիտի մուծեն, չէ՞, էդ գումարը, ո՞ւր պիտի փախնին բանկի ձեռքից»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել