HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հրանտ Բագրատյան. «2010-ը կորցրած հնարավորությունների տարի է»

Ինչպե՞ս կգնահատեք 2010-ը:

Իմ կարծիքով` 2010 թ. տնտեսական հաջողությունների օրինակներ մեզ ցույց չի տալիս: Հիմնական խնդիրները, որ առկա էին տարեսկզբին, տարեվերջին պարզապես սրվեցին: Թիվ մեկ խնդիրը` պետք էր փոքր-ինչ աշխատել ցրել կապիտալը, որը չափազանց կենտրոնացված է:

Ունենք տարվա 10 ամսվա տվյալները, տեսնում ենք, որ խոշորի դերը հարկերի մեջ պակասել է, մինչդեռ վարչապետը եւ Կառավարության անդամները ճիշտ հակառակն էին ասում: Երկրորդ` բյուջեով նախատեսված 4 պլյուս-մինուս 1,5% սղաճը կավարտվի մոտավորապես 8,5-9 տոկոսով, այսինքն` ավելի քան երկու անգամ: Սա, բնականաբար, որեւէ կերպ հաջողություն համարել չի կարելի: Երրորդ` գազի եւ էներգակիրների գնի բարձրացումը անմրցունակ է դարձրել հանրապետության տնտեսությունն ընդհանրապես: Եթե փոքր-ինչ արտահանում էլ կա, ապա միայն հանքահումքային արդյունաբերության արտադրանքը, որովհետեւ պետությունը ռենտա չի վերցնում, եւ ահա այդ ռենտայի շնորհիվ մարդիկ կարողանում են փոքր-ինչ արտահանել, դա էլ էն դեպքում, երբ 2010 թ. պղնձի եւ մոլիբդենի գներն աննախադեպ բարձրացան: Չորրորդ` եթե մենք նայում ենք բյուջեի եկամուտները, ապա չհաջողվեց վերականգնել 2007 թ. ռեալ մակարդակը` սղաճը բացառած: Այո, մոտավորապես 15-20%-ով բյուջեի եկամուտներն ավել կստացվեն, բայց պետք է նկատել նաեւ, որ ինֆլյացիան է բարձր, պետք է նկատի ունենալ, որ տարվա ընթացքում հարկման շեմն է բարձրացել, որովհետեւ ահագին բացառություններ հանվեցին: Երբ մաթեմատիկորեն չեզոքացնում եմ սրանց ազդեցությունը, ապա տեսում եմ, որ հավաքվում է ավելի քիչ բյուջե, քան 2007-ին: Հինգերորդ` պետությունը չկարողացավ, չի ընկալում, չի հասկանում, այդ թվում` թե Կառավարությունը, թե Կենտրոնական բանկը` ինչպես վարվել դրամի փոխարժեքի հետ: Այն արհեստականորեն բարձրանում է: Ամբողջ աշխարհը 2010 թ. համարում է արտարժույթների պատերազմ, քանի որ մտնելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության մեջ` մարդիկ այլեւս մաքսատուրքերի միջոցով չեն կարողանում կարգավորել արտաքին առեւտուրը եւ որպես փոխարինող գործիք փորձում են օգտագործել արժույթների պատերազմը: Հաջողել են այն երկրները, որոնք էժանացրել են իրենց արտարժույթը, մենք ճիշտ հակառակն ենք արել: Որեւէ տրամաբանություն եւ որեւէ հիմք չկա այս ամենը հաջողություն անվանելու համար: Նայեք ՀՆԱ-ի աճի թիվը, գուցե դա կազմի 2%: 10 անգամ ասել եմ, որ ՀՆԱ-ն ժամանակակից պայմաններում ոչինչ չի բնութագրում, բացի դրանից` կարելի է այդ թիվը մեծացնել` ավելացնելով ՀՆԱ-ի էներգատարությունը կամ կապիտալությունը: Այդ արատավոր ցուցանիշը Հայաստանում լավագույն դեպքում կլինի 2%, ամբողջ աշխարհում` 4,8%: 2009 թ. Հայաստանում եղել է -14,4%, աշխարհում` -2%: Այսինքն` Հայաստանը եւ աշխարհի զարգացման միջին տեմպերը հեռանում են: Սրանից 15 տարի առաջ` 95-96 թթ., շատ վատ էր, բոլորը դժգոհ էին, Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի արտադրությամբ աշխարհում գրավում էր 75-90-րդ տեղերը: Այսօր մենք նույնիսկ այդ տեղերը զիջեցինք, իսկ այդ ժամանակ շատ էինք քննադատվում, թե էդ ուր ենք հասել, Հայաստանը մոտեցրել ենք Աֆրիկային: Այսօր մենք ունենք 2009 թ. 118-րդ տեղը, իսկ հիմա` 125-րդ տեղը, մեզնից հետ են Աֆրիկայի 58 պետություններից մոտ 45-ը եւ մի քանի երկրներ Ասիայում` Բանգլադեշը, Նեպալը, Աֆղանստանը, Հարավային Ամերիկայում մեկ-երկու պետություն: Խայտառակ իրավիճակ է, մենք ադեն չենք ամաչում` ասելով, որ տեսեք` գոնե դեռ Մոզամբիկի հետ կարող ենք մրցակցել: Սա վերաբերում է բոլոր ցուցանիշներին: Ես ցավում եմ: Այս տարին, ինչպես 2009-ը եւ 2008-ը, պետք է արձանագրել որպես կորցրած հնարավորությունների տարի, հերթական հետընթաց քայլ կատարած տարի:

Ի՞նչ պետք է աներ Կառավարությունը, որ չի արել:

Կառավարությունը հստակ քայլեր պետք է ձեռնարկեր: Օրինակ` պետք է մտցներ պրոգրեսիվ եկամտահարկ, չի արել: Կառավարությունը ըստ ոլորտների պետք է բիզնեսը բաժաներ` ասելով` թույլ չեմ տալիս 100մլն դոլարից ավելի շրջանառություն մեկի մոտ, հակառակ դեպքում 25% շահութահարկը դարձնում եմ 75% կամ 95%: Պետք է պայքարեր խոշորի դեմ, չթողներ փոքրիկ դաշտը փոքրանա մի քանի հոգու վրա: Էս 10-15 օլիգարխն են խանգարում էս երկրում, էս երկիրը պարտավոր է պատմություն ունենալ, նրանք պատմություն չեն ստեղծի: Կառավարությունը պարտավոր էր հայտարարել հանքերի գինը եւ վաճառել, հո հանքն էլ չե՞ն սեփականաշնորհել: Էս փոքրիկ քայլերը կբերեին 1մլրդ դոլար: Կառավարությունը հանգիստ կարող էր 50 դոլարի փոխարեն տալ 80 դոլար թոշակ, իսկ պետական ոլորտում միջին աշխատավարձը բարձրացնել 350-370 հազար դրամի: Ես դա 10 օրում կանեմ: Ես սոցիալիստ չեմ, բայց ես էս ծայրահեղություններին դեմ եմ: Հաճախ ասում են` վայրենի լիբերալիզմ, հենց իրենք են վայրենի լիբերալիստ: Կառավարությունը պարտավոր է ցրել, ինքը մեկ-մեկ հասկանում, ասում է` պարտավոր ենք դիվերսիֆիկացնել տնտեսությունը, բայց զարգացման ճյուղերը դիվերսիֆիկացնելու համար պետք է դիվերսիֆիկացնել կատարողներին, 10 հոգու փոխարեն 10.000 պետք է լինի, պետք է ապակենտրոնացած կապիտալիզմ ստեղծել: Չի կարելի հանդուրժել, որ 11 մլրդ տոկոս ՀՆԱ-ի դեպքում ինչ-որ մեկը 3,5-4 մլրդ դոլար ունենա, սա սխալ կառավարման հետեւանք է: Չեմ խոսում այն մասին, որ այդ բոլորը գողացված է: Ով իրենց հետ սերտ է, դառնում է իրենց աչքի լույսը եւ միլիարդատեր: Ինչ քայլ Կառավարությունը ձեռնարկեց, սխալ դուրս եկավ: Օրինակ` Կառավարությունը ՀԴՄ է մեզնից ուզում, գնացեք «Միկա» բենզալցակայան եւ ՀԴՄ ուզեք, եթե ձեզ չծեծեն, լավ է: Գիտեք` Կառավարությունը չգիտի՞ էս մասին, դրանից հետո ես էդ Կառավարության ղեկավարին համարում եմ ծաղրածու: Դու ումի՞ց ես ՀԴՄ ուզում, կանաչի վաճառողի՞ց: Որեւէ քայլում մենք չտեսանք, որ Կառավարությունը հետեւողական մի բան աներ: Կամ վերցնենք էս մեքենաների ապահովագրությունը: Սա ապահովագրություն չէ, սա պարտադիր հարկ է, խելք չունեին, գոնե մի երկու անգամ խորհրդակցեին, գոնե ինտերնետը բացեին եւ տեսնեին` Ռուսաստանում ի՞նչ պրոբլեմներ եղան, ինչպես արեցին: Վերցրել են ընդունել օրենքը Ռուսաստանի ամենահին տարբերակով: Հասարակ ձեւեր կան` առանց խնդիրների այս ամենն անելու, բայց այնպես արագ է արվում, այնպես վայրենի, որ ես մտածում եմ, որ երեւի մտավախություն ունեն, թե վաղը իշխանությունն իրենցը չի լինի, վերցնենք` ինչքան կարող ենք: Չեմ մտածում, որ Կառավարությունը կամ նախագահը չեն ցանկանում, որ լավ լինի: Մասնավորապես` նախագահի մասով, Կառավարությունը չի էլ հասկանում, թե որն է լավը կամ վատը: Կառավարության ամբողջ աշխատակազմը զարմացած է Տիգրան Սարգսյանի քայլերի վրա, մարդիկ հիասթափված են, որ որեւէ լուրջ միտք չկա: Չեմ կարծում, որ նախագահը, նույնիսկ ԱԺ-ն պատգամավորների այդ համակցության մեջ ուզում են, որ երկրում վատ լինի: Ես ցավում եմ այդ ամենի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter