Ամանորը, գյումրեցիք եւ սովորույթները
Պատմական գիտությունների թեկնածու, Շիրակի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Կարինե Բազեյանն ասում է, որ շուկաներում կամ խանութներում առկա եռուզեռը քիչ բան կարող է պատմել այն մասին, թե ինչպես է սովորաբար տոնում Նոր տարին գյումրեցին:
«Եթե մի քանի բառով արտահայտեմ` սեղանների առատության ցուցահանդես, մեկը մյուսի տուն այցելելուց հետո դրված ուտեստների քննարկում,- ասում է Կարինե Բազեյանը,- հավատացեք, ես գիտեմ մարդկանց, որ ամբողջ տարին գումար են խնայում, միայն թե տարվա վերջին կարողանան շքեղ ամանորյա սեղան գցել, որովհետեւ ամոթ է, ի՞նչ կասի եկող-գնացողը, հո խայտառակ չե՞ն լինելու, իրա սեղանին անանաս լինի, իմին չլինի՞»: Տիկին Բազեյանը, ով ծնունդով Գեղարքունիքի մարզից է, սակայն արդեն երկար տարիներ ապրում է Գյումրիում, մշտապես զարմանում է գյումրեցու մտածողության վրա. «Նույնիսկ տնակում ապրողին հյուրընկալվելիս կհանդիպես ճոխ սեղանի: Պարադոքս է, գիտե՞ք: Վստահաբար գիտես, որ մարդն օրվա հացի ապրող է, սակայն Նոր տարուն կշշմես դրած սեղանից: Պարտք կանեն, ամբողջ տարի ցամաք հաց կուտեն, բայց տուն մտնողին կդիմավորեն անվրդով ժպիտով ու ուրախ տրամադրությամբ»: 19-րդ դարում գյումրեցիները սվորաբար Ծննդյան տոնն ավելի շուքով են տոնել, քան Նոր տարին: Հունվարի 1-ը համարվել է պարզապես նոր տարվա սկիզբ ու այդքան մեծ նշանակություն չի ունեցել, ինչպես հետագայում, խորհրդային կարգերի հաստատումից հետո: Ազգագրագետ Կարինե Բազեյանը վստահեցնում է, որ շատ ընտանիքներում դեկտեմբերի 31-ին թխվում է ծիսական «տարի» կոչվող գաթան` մանրադրամը մեջը, որ կտրում են հունվարի 4-ին` Ջրօրհնեքի նախորդ օրը` բաժին հանելով տան բոլոր անդամներին: Ում բաժնից դուրս գար դրամը, համարվում էր նոր տարվա հաջողակն ու երջանիկը: Ներկայում, քանի որ ընտանիքների մեծ մասում շերտավոր գաթա են թխում, ուլունքը կամ մետաղադրամը թաքցնում են կտորներից որեւէ մեկի մեջ: Կաղամբի թերթիկներով, ձավարով, ոսպով, ոլոռով, սիսեռով պատրաստվող պասուց տոլման ներկայում էլ ավանդաբար կարելի է ճաշակել գյումրեցու տանը: «Գուցե սեղանին դրված չլինի,- ասում է տիկին Բազեյանը,- ասենք ամաչելով, որ իբրեւ թե տոնական կերակուր չէ, բայց հաստատ պատրաստում են, ու եթե ցանկություն հայտնեք ճաշակել, անպայման կհյուրասիրեն»: Ալեքպոլցու սեղանին բնորոշ սառը ըմպելիքներից մեկը` չրե կոմպոտը, հիմա էլ կարելի է գտնել գյումրեցու սեղանին: Բավական համեղ ու սառը ըմպելիք, որ շատ ընտանիքներում, չխախտելով ավանդույթը, դնում են խանութներից գնած բնական հյութերի կողքին: Հետաքրքիր մի ճաշատեսակ էլ իր կողմից ներկայացնում է Կարինե Բազեյանը` խորհուրդ տալով անպայման պատրաստել ու համտեսել: Ուտեստը պատրաստվում է թթու կաղամբով, բրնձով ու չրեղենի տեսականիով եւ կոչվում քաղցր տոլմա: Այն հազվադեպ հանդիպող կերակրատեսակներից է, այն էլ` միայն բնիկ գյումրեցիների ընտանիքներում, որտեղ դեռ մեծահասակներ կան: «Ձեր բախտը շատ կբերի, եթե Ամանորին այցելեք մի տուն, որտեղ սկեսուրը արմատներով կարսեցի է, հարսը` գյումրեցի, իսկ փեսան, ասենք, պարսկահայ,- խորամանկորեն աչքերն է կկոցում ազգագրագետը,- վստահ եմ, որ սեղանին կգտնեք այս երեք մշակույթների խառնուրդը` լիքը քաղցրեղեն եւ մսեղենից զանազան ուտեստներ` փախլավա, իշլի քյուֆթա եւ այլն»: Բնիկ գյումրեցի Մուրադյանների ընտանիքում Նոր տարին նշելու նախկին ավանդույթներին ավելացել են նորերը:
Տան մեծը ֆայտոնչի Գրիշի հարսն է` 81-ամյա Վարդուշ տատը: Մի քիչ չեմ ու չում է անում` ասելով, թե չի ուզում «տելեվիզորին ելնել», թող հարսն ու տղան խոսեն, հետո երբ տղան` Սամվելը, բացատրում է, որ լրագրողը թերթից է, շատ հարցեր չի տա ու ընդամենը կլուսանկարի, համաձայնվում է զրուցել: «Մեր վախտը սաղ կերակուրները պասուց էին, աղջիկ ջան, ինչ կսարքեինք, ձեթով բդի էղներ,-հիշում է Վադուշ տատը,- ձավարով տոլմա, ձեթով տապակած ավելուկ, հատ լոբին ձեթով սարքած, փախլավա կենեինք, հետո անալի գաթա կսարքեինք, սինի-չորակի, սեղանին անպայման բդի շաքարլոխումի էղներ: Խաշլաման էր շատ ընդունված, շատ վախտ զակուսկու համար կդնեինք: Մեր վախտ էլ տներն էրթալ կար: Չերթայինք` կենեղենային: Մեծ ազգի մեջ էի հարս եկել: Դեկտեմբերի 20-ից կսկսեի խմորեղեն սարքելը, մինչեւ Նոր տարի հազիվ կպրծնեի: Մենակ մեր տան համար չէր` տալերիս, տեգրանցս ընտանիքների համար էլ ես կթխեի: Շատ կհոգնեի: Հմի մեծցել եմ, սաղ գործերը հարսս կենե»: Վարդուշ տատի հարսը` տիկին Սուսաննան, սկեսրոջ խոսքին զուգընթաց գլխով համաձայնության նշան է անում` առաջարկելով համտեսել հենց նոր գազօջախից հանած գաթան: «Կերեք, սա տաք-տաք է համով,- տիկին Սուսաննան ժպտում է,- սկեսուրս ճիշտ է ասում, ինչ սովորել եմ, իրանից եմ սովորել: Դե գիտեք երեւի, բնիկ գյումրեցիք հատկապես հյուրասիրելու առումով առանձնանում են: Նախ` պիտի ճոխ լինի, հետո` ամեն ինչ տեղը տեղին»: Տիկին Սուսաննան ասում է, որ այն, ինչ հնարավոր է պատրաստել սեփական ձեռքերով, ինքը երբեք խանութներից չի գնում: Սեղանին դրվող չրեղենը, քաղցր սուջուխը պատրաստում է ինքը:
Նոր տարվա սեղանին Մուրադյանների տանը միայն 10 տեսակի խմորեղեն է դրվում, եւ բոլորը տիկին Սուսաննայի ստեղծագործություններն են: Այս տարի որոշել է նաեւ տորթ թխել: «Պասուց տոլմեն անպայման բդի սարքեմ, սկեսրոջս ասած ավելուկն ու լոբին էլ կեղնին: Ինչ որ հնուց ավանդաբար էս ընտանիքում պատրաստվել է, անպայման կլինի: Բայց դե նորարարություններից էլ հետ չենք մնա,- ասում է տիկին Սուսաննան,- հմի խոզի բուդն է մոդա, ուզենք-չուզենք` բդի սեղանին դնենք: Տղես կըսե` հո հետ չենք մնա մյուսներից: Էս տարի որոշել ենք մի հատ պզտիկ գոճի առնինք»: Մուրադյանները հաշվարկել են, որ ամանորյա ծախսերն այս տարի հաստատապես կգերազանցեն 200 հազար դրամը: Նվերներ գնելու են միայն փոքրիկների եւ տան մեծի` Վարդուշ տատի համար: «Բայց դե որ կըսեն, թե էս Նոր տարին ինչ է, արեք չենենք, սուտ խոսք է, սաղն էլ լավ, թե վատ կպատրաստվին էդ օրվան: Էդ 2-3 օրը չէ՞` մարդիկ կհավաքվին կուրախանան, ինչի՞ չենեն, աղջիկ ջան,- հարցնում է տիկին Սուսաննան ու պատասխանի չսպասելով` շարունակում,- սաղ տարին կաշխատին, իրանք էլ պատվով-թասիբով մարդիկ են տղեքս ու ամուսինս, մեր տան եկող-գնացողն էլ շատ: Էս սեղանը բոյեբոյ կբացենք, որ հանկարծ մարդ ոտի վրա չմնա: Առաջի 3 օր մենք տունը կմնանք, քանի որ ազգի մեծը` տատը, մեզի հետ կապրի, էդ կնշանակե, որ սաղ առաջին հերթին մեր տուն բդի գան: Կարգն է ըդպես»: Մուրադյանների ընտանիքում նույն ճոխությամբ նշվում է Սուրբ Ծնունդը` հունվարի 6-ը: «Կարելի է ասել, որ հունվարի 6-ը մեր ընտանիքի համար ավելի կարեւոր տոն է, քան Նոր տարին,- շեշտում է տիկին Սուսաննան,- էլի բազմաթիվ կերակուրներ ենք պատրաստում, եկեղեցի ենք գնում, շնորհավորում ենք իրար: Բայց ասեմ, որ հենց Սուրբ Ծնունդն է, որ մեզի համար ընտանեկան տոն է»: Ինչ վերաբերում է տարիների անվանմանը, տիկին Սուսաննան ուսերն է թոթվում: «Առաջ որ անուն չկար, չէի՞նք նշե,- ծիծաղում է տանտիրուհին,- բայց էդ նապաստակը մե տեսակ սրտովս չէ, հմի ի՞նչ, բդի ամեն ինչից զգուշանա՞նք... Օրինակ ես կուզենայի, որ եթե պիտի անուն դնենք, էղներ աղավնու տարի, որ իրա հետ խաղաղություն, բարություն բերեր: Կուզեմ, որ էս գալիք տարին էղնի առողջության ու աշխատանքի տարի, որ մեր տղամարդիկ կրնանան իրանց ընտանիքները պահեն, չխեղճանան, մնան իրանց բարձունքին: Կուզեմ գյումրեցու «շախեն» նորից վերականգնված տեսնիմ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել