Բանկը ոչ հարեւանդ է, ոչ էլ` ազգականդ
2010 թ. փետրվարի 17-ին «ԱԿԲԱ»-ն ընդդեմ Ազատան գյուղի բնակիչ Գեւորգ Չարխիֆալակյանի վարկային գումարի եւ տոկոսների բռնագանձման վերաբերյալ գործն այդ օրը բավական նպաստավոր ավարտ ունեցավ կոնկրետ պատասխանողի համար: Բանկի ներկայացուցիչը 45 օր ժամանակ էր տվել ամբողջ պարտքը տոկոսներով փակելու համար:
«Բայց մե բանմ էլ ըսին, որ եթե կրնանամ մինչեւ մարտի 1-ը 3725 դոլարը մուծեմ, էլ տոկոս չեմ մուծի, եթե չէ, ուրեմն մարտի 1-ին դատավորը վճիռ կհրապարակի, որով ժամանակը կերկարացնեն մինչեւ ապրիլի մեկը, բայց էս դեպքում տոկոսներն էլ կգանձեն, այսինքն` էդ ժամանակ պիտի 4092 դոլար փակվիմ»,- այն ժամանակ «Հետքին» տեղեկացրեց Գեւորգ Չարխիֆալակյանը: Իմ այն հարցին, թե 10 օրում կարողանալո՞ւ է 40 տոննա կարտոֆիլն իրացնել, որպեսզի պարտքը վճարի, Գեւորգը տեղեկացրեց, որ հայտնվել են գնորդներ Պարսկաստանից ու խոստացել 37 տոննան տանել, գումարն էլ նախօրոք վճարել են:
Հրաժեշտից առաջ Գեւորգը խնդրեց այլեւս չհետաքրքրվել իր գործով. «Շնորհակալ եմ ինչ-որ էրիք, մնացածը մենք բանկի հետ լեզու կգտնինք, կարեւորն էն է, որ ժամանակ տվին, ես ըդոր հույսն էլ չունեի,- ասաց վարկառուն ու երդվեց,- Աստված տա էս պարտքից պրծնիմ, որ մեռնիմ էլ` բանկից փող չեմ վերցնելու»: Նոյեմբերի 10-ին այցելեցինք Չարխիֆալակյաններին, թեպետ վերջիններս խնդրել էին այլեւս չհետաքրքրվել իրենց գործով, քանի որ «բանկի հետ լեզու էին գտել»: Սակայն պարզվեց, որ «լեզու գտնելու» գործընթացն այնքան էլ Չարխիֆալակյանների օգտին չի եղել:
«Տեսա՞ք բանկն ինչխ մեզի խաբեց,- բողոքեց տանտիրուհին` Սահականույշը,- հեչ մե տոկոսոմ էլ հեչ չարեց: Ըսեց` բերեք 1մլն 700 հազարը փակեք, էն տույժ-տուգանքը հեչ կենեմ, բայց մինչեւ վերջին կոպեկը գանձեց: Ըսին` տոկոսները կկանգնեցնենք, բայց, փաստորեն, լավ էլ աշխատցրել էին: 5 հազար դոլար էինք վերցրել, վերջում 8,5 հազար դոլար փակվանք` տույժ-տուգանքով, դատարանով, բանով ըդքան նստավ վրեքս»: 2008 թ. կարտոֆիլի մշակումն ընդլայնելու նպատակով Գեւորգ Չարխիֆալակյանը դիմել էր «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ին` վարկավորվելու համար: «Որ ճիշտն ասեմ, ուզում էի 10 հազար դոլար վերցնել, իրանք սկզբում 7-ը խոստացան, հետո 5000 դոլար տվեցին,- փետրվարին կայացած մեր հանդիպման ժամանակ պատմեց ազատանցի վարկառուն,- վերցրել եմ 1.5 տարի ժամանակով, տարեկան 16 տոկոս տոկոսադրույքով: Երբ վերցրի, դոլարի կուրսը 305 էր, մի շաբաթ հետո դարձավ 308: Ես էն ժամանակ ասի, թե ընձի դրամով տվեք, ինչի՞ դոլար կուտաք: Բանկի աշխատողն էլ թե` եթե շատ կուզես, դրամ կտանք, բայց մեկ է` դոլարի կուրսով ենք հաշվելու»: 2009 թ. մայիսին Գ. Չարխիֆալակյանը 1897 դոլարի չափով մասնակի մարում է կատարել մայր գումարից` բանկին պարտք մնալով 3782 դոլար: Վարկի մարման վերջնաժամկետը 2010 թ. ապրիլն էր, գումարն էլ տույժ ու տուգանքներով դարձել էր 4097 դոլար: Բանկին պարտք գումարը պիտի վերադարձնեին բերքն իրացնելու հաշվին: Ենթադրելով, որ ձմռանը մոտ կարտոֆիլը կթանկանա, չէին շտապել աշնանն ամբողջն իրացնել: Հետագայում էլ պարզվել էր, որ Վրաստան արտահանումն է պրոբլեմային: Լավ օրերի հույսով գարնանը սպասող գյուղացին հունվարին դատարանից ծանուցում էր ստացել: Բանկը հարեւան կամ ազգական չէ: Այս կառույցի հետ գործարքի մեջ մտնելիս պետք է հստակ պահպանել խաղի կանոնները: «Կարտոֆիլը վաճառելուց 10 օր հետո գինը ելավ մինչեւ 100-120 դրամ, բայց դե մենք պարտքի պատճառով արդեն 50 դրամով տվել էինք պարսիկներին,- դժգոհեց Սահականույշ Չարխիֆալակյանը,- մենք հմի վարկից պրծել ենք, բայց 1 մլն դրամի դիմաց ոսկեղենս դեռ գրավ է դրած: Էդ հըլը չեմ կարող հանել: Չհաշված անցած տարվա պարարտանյութի, թունաքիմիկատների փողը պիտի փակվինք, որ պարտք ենք մնացել»: Անցած տարի Չարխիֆալակյանները ցանել էին 2,8 հա, այս տարի` 2 հա: Եթե անցած տարի 37 տոննա վաճառքի կարտոֆիլ ունեին, ապա այս տարի 20 տոննա են հավաքել, սակայն 15 տոննան է ենթակա վաճառքի: «Էս տարի համ քիչ էր, համ էլ փչացածը շատ էր: Էս էլ որ ծախենք, զրոյի վրա կկանգնինք: Էնքանն է լավ, որ բանկից ենք պրծել: Էն ժամանկ որ բանկից ըսին, թե բերեք 1000 դոլար մուծեք տոկոսները կկանգնեցնենք, մենք էլ ոսկեղենը գրավ դրինք, անասուն ծախինք, տարանք մուծինք, բայց ոչ էլ կանգնցրին: Կոպեկ-կոպեկ տույժն ու տուգանքն էլ հետը գանձին»,- բանկից ունեցած դժգոհությունները շարունակեց ներկայացնել տանտիրուհին: Չարխիֆալակյանների ընտանիքում «բանկ» բառն այլեւս չեն ուզում լսել: Գեւորգին հանդիպել չհաջողվեց: Հեռախոսազրույցի ժամանակ բանկային գործարքից տուժած գյուղացին ընդամենը հաստատեց կնոջ ասածները` հավելելով, որ այլեւս մտադիր չէ վարկ վերցնել, նախկին դառը փորձն իրեն հերիք է: Գեւորգի կինն առավել մտահոգված է 18-ամյա տղայի դիրքորոշմամբ: «Տղես շատ է հուսահատված: Անցած տարի գնաց մեկ ամիս Անապա մնաց, առեւտուր էր էրել, էրածի օգուտը տեսել էր, հիմի էլ չի ուզե Հայաստան մնա: Կըսե, որ ավելի հեշտ ես կըրնամ իմ հացիս փողն աշխատիմ, ինչի՞ մնամ հող մշակեմ: Եթե պիտի չթողնին, որ էս երկրում միջին խավ էղնի կամ գյուղացին ուզենա լավ ապրի, ուրեմն ես կերթամ էս երկրից: Դե որ տղես էլ գնաց, մենք էլ հո մարդ ու կնիկ չե՞նք մնա ըստեղ: Մենք էլ էս տները կծախենք, կերթանք»,- եզրափակեց Սահականույշը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել