HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

2010-ի գնաճի համար ու՞մ ենք «պարտական»

Ինչպիսի՞ն էր Հայաստանի տնտեսությունը անցնող տարում, եւ ի՞նչ ակնկալիքներ ունենք 2011 թվականից: «Հետքի» այս հարցերին պատասխանում են Ազգային ժողովի տնտեսագետ պատգամավորները:

Գագիկ Մինասյան, ՀՀԿ խմբակցություն

2010 թվականը բավականին հետաքրքիր տարի էր, ծանրագույն ճգնաժամից հետո փորձում էինք վերադառնալ կայուն զարգացման ուղուն: Դա հեշտ չէր իրականացնել, որովհետեւ միեւնույն ժամանակ պետք է կարողանայինք մեր տնտեսությունը մեծ դիվերսիֆիկացիայի աստիճանի բերել: Այնուհանդերձ, այն նախադրյալները, Կառավարության կողմից լայնամասշտաբ ներդրումը, որ արվել է տնտեսության մեջ, տվեց իր արդյունքը: Եթե մենք նախատեսել էինք 1.2% տնտեսական աճ, ապա առաջին 11 ամիսների ընթացքում արդեն ունենք 2.6%-ի աճ: Մեր տնտեսության աճն ավելի բարձր կլիներ, եթե գյուղատնտեսության բնագավառում չունենայինք չափազանց մեծ` 14.5% անկում: Արդյունաբերությունը շարունակում է բարձր տեմպով աճել` 9.8%, շինարարությունը` 3.8%: Գյուղատնտեսության կտրուկ նվազումը բերեց այլ բացասական հետեւանքներ եւս. դա գնաճի բավականին բարձր մակարդակն է: Գնաճն իր բարձր մակարդակով «պարտական» է երկու գործոնի: Առաջին հերթին արտաքին շուկաներում հացահատիկի գնի բարձր մակարդակն է, եւ հետո` գյուղատնտեսական անբարենպաստ տարին: Արդյունքում 11 ամսվա համար ունենք 8.1% գնաճ: Ցավոք, մեզ այս տարի չի հաջողվի գնաճը բերել պետական բյուջեով սահմանված չափանիշներին: Կառավարությունը գնաճի դեմ պայքարի համապատասխան պայմաններ ձեռնարկել է. դա մեր ներքին արտադրողի համար պայմաններ ստեղծելն է` բարձ որակի սերմացուի ներկրումը, սելեկցիոն գործունեությանը զարկ տալը հանրապետությունում, որպեսզի այսպիսի իրավիճակներում կախված չլինենք միայն արտաքին գործոններից: Արտահանման ծավալները 11 ամսվա կտրվածքով աճել են 41.2%-ով, իսկ ներմուծումը` 14.2%-ով: Սա չափազանց ուրախալի ցուցանիշ է, որովհետեւ այդպիսի տենդենցի տեւական շարունակումը կարող է բերել մի իրավիճակի, երբ արտահանումն ու ներմուծումը մոտավորապես հավասարվեն: Եկող տարվա բյուջեն եւս արտահանման աճ է նախատեսում: Տնտեսական աճի ցուցանիշները, արտաքին ապրանքաշրջանառության ցուցանիշներն ուղղակիորեն միանգամից չեն անդրադառնում հասարակ քաղաքացիների վրա: Դրանք անդրադառնում են միջնորդավորված ձեւով: Ինչ վերաբերում է գնաճին, ցանկացած ընտանիք դա զգում է: Ցանկացած հասարակության մեջ, երբ խոսեք տնային տնտեսուհիների հետ, նրանք կասեն, որ գնաճը շատ ավելի ուժեղ է ազդում իրենց ընտանիքների վրա, քան մնացած այլ ցուցանիշները:

Հայաստանն անվերադարձ հայտնվել է դոնորների գրկում

Արծվիկ Մինասյան, ՀՅԴ խմբակցություն 2010 թվականը դեռեւս 2009-ի ճգնաժամի ազդեցության շրջանում էր գտնվում եւ իր վրա կրում էր այդ ճգնաժամի ամբողջ բեռը: 2010 թ. չի հաջողվել ճգնաժամը մեղմել, եւ այն, ինչ ներկայացվում է որպես համախառն ներքին արդյունքի աճ` համեմատած նախորդ տարվա հետ, դեռ չի նշանակում, որ ճգնաժամն ավարտվել է: Կառավարությանը չի հաջողվել ստեղծել մրցակցային իրավիճակ, ինչը հավելյալ սահմանափակում է Հայաստանի միջազգային մրցունակությունը: Եւ որպես հետեւանք` Հայաստանի մրցունակության շարունակական անկումն է թե տարածաշրջանի, թե ավելի գլոբալ մակարդակով: Չհաջողվելն ասում եմ 2 իմաստով: Նախ, որ Կառավարությունը չի կարողանում ճիշտ հասկանալ, գնահատել իրավիճակը, ինչպես նաեւ ռեսուրսի անբավարար լինելը, հետո էլ այն, որ չափից դուրս շատ է կախվածությունը հատկապես միջազգային դոնոր կազմակերպություններից, որոնց խորհրդատվությունը փաստացի Հայաստանին բերել է տնտեսական ամենախորը անկումներից մեկը: Կառավարությունը պետք է վերապահումներով մոտենա դոնոր կազմակերպությունների տված խորհրդատվություններին, եւ ճիշտ չէ անվերադարձ ընկնել նրանց գիրկը: Սա բերում է նրան, որ հաճախ Կառավարության ազնիվ մղումներն, ի վերջո, չարիք են դառնում հասարակության համար: Պատճառները մի քանիսն են` սկսած նրանից, որ իշխանություններին չի հաջողվել ճիշտ բացահայտումներ անել տնտեսության մեջ առկա հիմնախնդիրների առումով: Առանձին դեպքերում, երբ խոսվում է խնդիրների մասին, դա կամ մակերեսային է, կամ ասվում է զուտ հայտարարություն անելու համար. որեւէ կոնկրետ քայլ չի իրականացվում: Դա օլիգարխիկ տնտեսական համակարգի շարունակվող վարքագիծն է եւ հակամրցակցային վիճակը Հայաստանի տնտեսության մեջ: Չունենալով կայուն տնտեսական զարգացման մոդել` անընդհատ տեղապտույտի մեջ ենք: Իշխանությունները փորձում են առաջընթաց գրանցել ոչ արտադրական ոլորտներում, ինչը ժամանակակից աշխարհում ոչ միայն վտանգավոր է, այլեւ չի կարող երաշխավորել երկարաժամկետ աճ: Նախ` որեւէ երկրի չի հաջողվել, ոչ արտադրական ոլորտում հասնելով որոշակի առաջընթացի, այդ առաջընթացը դարձնել համակարգային: Օրինակ, եթե վերցնենք զբոսաշրջային ոլորտը, ապա այդ ոլորտի հաջողությունները չենք կարող տարածել ամբողջ տնտեսության վրա: Այստեղ չկա կայունություն, ամեն մի փոքր խնդրից զբոսաշրջիկների հոսքը կարող է դադարել, եւ դա կբերի հսկայական վնասներ: Մինչդեռ, եթե մենք ունենայինք արտադրության ոլորտում ավելի կայուն հիմք, ապա այդ դեպքում ցանկացած ցնցում ավելի քիչ ազդեցություն կարող էր ունենալ տնտեսության վրա: Կառավարության մակարդակով հայտարարվել է, որ Հայաստանը դառնալու է ոչ արտադրական ոլորտների կենտրոն` ֆինանսական, առողջապահական, զբոսաշրջության եւ այլն: Սա խոսում ու վկայում է այն մասին, որ մեր պատկան մարմինները Հայաստանի տնտեսությունը չեն դիտում որպես երկարաժամկետ առումով կայուն զարգացող: 2010 թ. արտացոլվել է հենց այս քաղաքականությունը: Եթե այսպես շարունակվի (իսկ շարունակելու հիմքերն արդեն դրված են 2011 թ. պետական բյուջեով), ապա գալիք տարում էլ մեզ չի հաջողվի դուրս գալ ճգնաժամային վիճակից: 2010 թ. Կառավարությանը եւ իշխանություններին չի հաջողվել հասարակության մեջ ձեւավորել իր ապագայի նկատմամբ դրական սպասումներ: Դա է վկայում աննախադեպ միգրացիոն հոսքը` 9 ամսվա կտրվածքով 65 հազ. մարդ:

Հայաստանը խոցելի է, որովհետեւ նավթ չունի՞

Վարդան Բոստանջյան, ԲՀԿ խմբակցություն Հայաստանի համար ուզում եմ դրական գնահատել 2010 թվականը, այն ցուցանիշները, մոտեցումները, որոնցով կարողացանք ճգնաժամի հետեւանքների դեմն առնել: Միտումը կա, որ վերելք է տեղի ունենում: Դա նշանակում է, որ դադարել ենք նահանջից, այլեւս հետընթաց չենք ունենալու: Համարում եմ, որ գտնվում ենք ճգնաժամը հաղթահարելու ճանապարհին: Միայն գնաճային սցենարների պատճառով Հայաստանն ավելի խոցելի ներկայացավ: Բնականաբար, առաջին հերթին դա կապված էր միջազգային շուկայի գնային փոփոխությունների հետ: Հայաստանը ռազմավարական ռեսուրսներ չունի, իսկ բոլոր տիպի գնաճերը պայմանավորվում են այդպիսի ռեսուրսների առկայությամբ: Պատկերավոր ասեմ` երկիրը, որն ունի, ասենք, նավթ, ունի ավելի շատ մուտք եւ կարողանում է դիմակայել բացասական միտումներին: Հայաստանն այս առումով խոցելի է: Սա այնքան ակնհայտ է, որ մասնագետ չլինելու պարագայում էլ կարելի է տեսնել: Մենք չենք գտնվում հարստության, սպառման այնպիսի բարձր մակարդակի վրա, իսկ փոքր մակարդակների վրա գտնվելով` մի փոքր լավը շոշափելի չի կարող լինել հասարակ քաղաքացու համար: Մասնավորապես` 30 հազար դրամ նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից 2500 դրամով բարձրանալու պարագայում ակնհայտ է, որ շոշափելի չի լինի հասարակ քաղաքացու համար: Կարո՞ղ է որեւէ մեկը մտածել, որ այնտեղ փողը դրված է, բայց 10 հազար դրամի փոխարեն գումարը դարձնում են 2500: Բացառված է, այդպիսի բան չի կարող լինել: Նման դեպքերում ժողովրդական խոսքն է աշխատում. միշտ պետք է ոտքդ մեկնես քո վերմակի չափով: Բայց սա մեր երկիրն է, եւ բնականորեն է այսպես ստացվել: Ո՞ր մի իշխանությունը չի ցանկանում, որ իր ժողովուրդը լավ ապրի, շատ սպառի, բայց պետք է հնարավորություն ունենանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter