HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայկազ Բաղմանյանը խլում է պանրագործարանին պատկանող հողը

Իր որոշմամբ գեներալին օգնել է կառավարությունը

«Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը դեկտեմբերի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նամակ է գրել` դժգոհելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի ապօրինի գործողություններից:

«Հետքն» ամիսներ առաջ մի քանի հոդվածներով անդրադարձել էր Հայկազ Բաղմանյանի գործողություններին, որոնցով կոպտորեն խախտվում էր այլոց իրավունքները: Գեներալը ցանկանում է Մարտունու քաղաքապետարանի եւ Անշարժ գույքի պետական կադաստրի Մարտունու ստորաբաժանման օգնությամբ տեր կանգնել «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի հողամասի մի հատվածին:

Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանի որդուն` Պավել Բաղմանյանին պատկանող «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ն Մարտունի քաղաքի Աբովյան 1 հասցեում գտնվող «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տարածքում գազալցակայան է կառուցել: Գազալցակայանի թույլատվությունը տրված է պանրագործարանի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի անունով, սակայն գեներալի որդին գազալցակայանը կառուցելուց հետո, խախտելով նախապես ձեռք բերված համաձայնությունը, որոշել է ոչ միայն տնօրինել գազալցակայանից ստացված ամբողջ եկամուտը, այլեւ «տիրանալ» պանրագործարանի 6 հազ. քմ հողատարածքին, որի վրա էլ կառուցված է գազալցակայանը:

Իսկ Կադաստրը, կեղծելով տվյալները, պատրագործարանի անունով չի գրանցել դեռեւս 1968 թվականին Հայկական մինիստրների սովետի որոշումով պանրագործարանին հատկացված 6 հա հողատարածքն ամբողջությամբ: Թեեւ կա կադաստրի կողմից տրված վկայական, որ պանրագործարանին պատկանում է 6 հա տարածք, սակայն, Կադաստրում պնդում են, որ իրենց մոտ գրանցված է միայն 2.3 հա, իսկ մնացած 3.7 հա-ի մասին խոսք չկա:

«Արդեն 3 տարի է, գեներալ Հայկազ Բաղմանյանի հովանավորությամբ, իր որդին զավթել է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ք. Մարտունի Աբովյան 1 հասցեում գտնվող 0.60 հահողատարածքը եւ անօրինական կարգով առ այսօր շահագործում է դրա վրա առկա գազալցակայանը: Ես այս ողջ ժամանակահատվածում օրենքի սահմաններում պաշտպանում եմ ընկերության շահերը, իսկ Հայկազ Բաղմանյանն, օգտագործելով իր պապաշտոնական դիրքը, կապերը, փորձում է ընկերությունից խլել այդ հողակտորը»,- գրված է Թ. Բաղդասարյանի կողմից ՀՀ նախագահին ուղարկված նամակում:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս գործով շուրջ 3 տարի է ընկերությունը դատական քաշքշուկների մեջ է; Մի դեպքում դատարանը բավարարում է «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի հայցը, մյուս դեպքում` մերժում: Նախագահին ուղղված նամակի մեկ օրինակն էլ հասցեագրվել է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին: Այս տարվա օգոստոսի 13-ին ՀՀ վարչական դատարանը (Սեւանի նստավայր)` նախագահությամբ դատավոր Հ. Թորոսյանի, ամբողջությամբ բավարարել է պանրագործարանի 2 հայցերը, մեկը` ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու տարածքային ստորաբաժանման` 2.3 հա հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու եւ 6 հա հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը պարտավորեցնելու պահանջի մասին եւ մյուսը` պանրագործարանն ընդդեմ Մարտունու քաղաքապետարանի` Մարտունու քաղաքային համայնքի ավագանու 2009թ. դեկտեմբերի 11-ի թիվ 136 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Դատարանը հաստատված է համարել, որ 6 հա հողամասի վերաբերյալ Կադաստրի ստորաբաժանումը կազմել է միեւնույն տարեթվով եւ հերթական համարով իրավունքների պետական գրանցման 2 վկայական, որոնցից մեկով ընկերության նկատմամբ նախ վարձակալության իրավունքով գրանցվել է 2.3 հա հողամաս, որն օրենքի ուժող ձեւակերպվել է որպես նրա սեփականությունը, իսկ երկրորդ վկայականով ընկերության անունով որպես վարձակալած հող նշվել է 6 հա, ապա դարձյալ օրենքի ուժով դրա միայն մի մասը` 3.7 հա ընկերությանը փոխանցվել է որպես սեփականություն:

Դատարանում կադաստրի ներկայացուցիչ Գ. Ոսկանյանը չի կարողացել պարզաբանում տալ, թե ինչու է ընկերության անունից կազմվել երկու տարբեր վկայական եւ ինչու է տարբեր տեղեկություններ գրառվել 6 հա հողամասի նկատմամբ դրանցից յուրաքանչյուրում: Դատարանը ապացուցված է համարել, որ Կադաստրը թույլ է տվել օրենքի խախտում` ընկերության անունով` 6 հա-ն սկզբում որպես վարձակալություն, այնուհետեւ որպես սեփականություն չգրանցելով:

Կառավարությունը որոշում է կայացրել հատուկ գեներալի որդու համար

Ինչ վերաբերում է Մարտունու քաղաքապետարանին, ապա վերջինս միտումնավոր մոլորության մեջ է գցել Կառավարությանը, ինչի հետեւանքով վերջինս ակամայից (միգուցե` միտումնավոր) հատուկ որոշում է կայացրել (2006թ. թիվ 135-Ն)` պանրագործարանին պատկանող եւ գեներալի որդու գազալցակայանի զբաղեցրած ճիշտ նույն չափով հողակտորը ընդգրկելով Մարտունու քաղաքային համայնքի սեփականության հողերի կազմի մեջ:

Կառավարությունը համայնքին է հատկացրել հողակտոր, որը մինչ այդ, օրենքի ուժով պատկանել է «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ին: Կառավարության որոշման նախագծի կազմելուն մասնակցել է Մարտունու քաղաքապետարանը, որը պարտավոր էր տեղյակ լինել` 6 հա-ն օրենքի ուժով ընկերությանը պատկանելու մասին եւ հողատարածքի 0.6 հա չընդգրկեր համայնքի սեփականության հողերի ցանկում: Իսկ այն, որ քաղաքապետարանը միտումնավոր է կառավարությանը խաբել, ապացուցվել է հենց դատարանում:

ՀՀ հողային ֆոնդի առկայության եւ բաշխման վերաբերյալ սահմանված կարգով ներկայացված 2006-2009թթ. տարեկան հաշվետվություններում քաղաքապետարանը 0.6 հա հողամասը չի նշել որպես Մարտունու քաղաքային համայնքին պատկանող եւ արդյունաբերական նշանակության հողամասերի ցանկի մեջ: Այդ տարիների ընթացքում եւ մինչ օրս 6 հա հողի հարկը վճարել է պանրագործարանը: Գեներալի Հայկազ Բաղմանյանին լավություն անելու համար Մարտունու ավագանին նույնիսկ որոշում է կայացրել եւ համայնքային սեփականություն ճանաչել պանրագործարանին պատկանող հողատարածքի մի մասը:

Թաթուլ Բաղդասարյանն ասում է, որ քաղաքապետարանն այդ քայլին է գնացել, որպեսզի հետագայում վիճահարույց հողատարածքը հատկացնի գեներալին: Քանի որ 6 հա հողամասի մեջ մտնող 0.6 հա-ի նկատմամբ Մարտունու քաղաքային համայնքի սեփականության իրավունքը սահմանված կարգով պետական գրանցում չի ստացել, հետեւաբար քաղաքի ավագանին իրավասու չէր` ընդունելու 2009թ. դեկտեմբերի 11-ի թիվ 136 որոշումը:

Ըստ այդ որոշման` «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի կողմից ինքնակամ կառուցված գազալցակայանի շինությունները ճանաչվել են համայնքային սեփականություն եւ մուտքագրվել քաղաքապետարանի հաշվեկշիռ, եւ օրինականացվել է գեներալի որդուն պատկանող ինքնակամ կառույցը:

Այս ամենից հետո, որեւէ պաշտոնյա պատասխանատվություն չի կրել օրենքը կոպտորեն խախտելու համար: Գեղարքունիքի մարզպետարանը նույնպես աչք է փակել քաղաքապետի ու նրա թելադրանքով գործող ավագանու ապօրինի գործողությունների վրա: Մարտունու քաղաքապետարանը ետ չի կանգնել իր մտադրություններից և, Վարչական դատարանի վճռից դժգոհ լինելով, օգոստոսի 22-ին Վճռաբեկ բողոք է ներկայացրել:

«Մարտունու պանրագործարանը» Վճռաբեկ դատարան ներկայացրած պատասխանում որպես նախադեպ ներկայացրել է նմանատիպ մեկ այլ գործ, որը չի ընդունվել Վճռաբեկ դատարանի կողմից: Սակայն, դատարանը, անտեսելով նախադեպային իրավունքը, սեպտեմբերի 22-ին քաղաքապետարանի բողոքն ընդունել է վարույթ, իսկ այդ մասին պանրագործարանին ծանուցել է հոկտեմբերի 7-ին:

Սերժ Սարգսյանին հասցեագրած նամակում Թ. Բաղդասարյանը նաեւ գրել է, որ գեներալն ու իր շրջապատը Մարտունու ողջ հասարակության մեջ հայտարարել են, թե ընկերությանը պատկանող հողակտորը խլելու են Վճռաբեկ դատարանի միջոցով: Թաթուլ Բաղդասարյանը համոզված է, որ այդպես էլ լինելու է, քանի որ այն հիմնված է 3 տարի շարունակ գեներալի ակնհայտ անօրինական գործողությունների եւ անպատիժ մնալու փաստի վրա:

«Նկատի ունենալով, որ առ այսօր գեներալն իր պաշտոնական դիրքի շնորհիվ, իմ կարծիքով, կարող է, եւ համոզված եմ, որ կազդի ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշման ելքի վրա, խնդրում եմ Վարչական դատարանի վարչական գործերի քննության վճռաբեկության փուլում սահմանել Ձեր հսկողությունը»,- գրված է Թ. Բաղդասարյանի նամակում:

Պատահականություն է, թե կանխամտածված գործողություն, սակայն նախագահ Սերժ Սարգսյանին եւ Վճռաբեկ դատարանի նախագահին նամակ գրելու օրը` դեկտեմբերի 22-ին, Վճռաբեկ դատարանը փոստով ծանուցագիր է ուղարկել պանրագործարանի տնօրենին` հայտնելով, որ դեկտեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանը վճիռ է կայացնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter