Մի քիչ էլ գուցե իրողության շաղա՞խ
Դեկտեմբերի 13-ի ուշ երեկոյան «Երկիր մեդիա» հեռուստաալիքով դիտեցի դպրոցականների մասնակցությամբ մի մրցույթ` հայոց (ԿՈՂՄ թիմ) և օտար (ԴԵՄ թիմ) լեզուներով ուսուցման վերաբերյալ։ Ինձ խորը, ավելի ստույգ` ցավալի մտահոգության տեղիք տվեց այն միտքը, որը առանցքային էր ԿՈՂՄ թիմի համար` «Ով հայկական կրթություն չի ստանում, նա հայ կոչվել չի կարող»։
Ասեմ, որ ես ստացել եմ հայկական կրթություն, 1979թ. ավարտել եմ Գորիսի №2 միջն. դպրոցը, 1984-ին` ԵՊՀ–ի ֆիզիկայի ֆակուլտետը։ Սա մեջբերման կարգով` ասելու համար, որ մտահոգությանս հասցեատերը կոնկրետ ես չեմ:
Հարց կկամենայի ուղղել ԿՈՂՄ թիմի անդամներին. սիրելինե’րս, ո՞րն է հայ կոչվելու… թեորեման։
Իմ կրտսեր հայրենակիցներ, ըստ ձեր սահմանման, Վ.Սարոյանը և Շ.Ազնավուրը, ասենք, ստացվում է, որ հայ չե՞ն։
Ասելիքիս է` այսօր ճակատագրի, թե՞ դեպքերի բերումով, սփյուռքի հայությունը թվաքանակով մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի բնակչությանը, իսկ նրանց ստվար մասը հայկական կրթություն չի ստացել, ուրեմն ի՞նչ` նրանք հայ չեն։
Մինչ այս տողերը գրելը երկար եմ մտորել` երեխաներն արտահայտեցին իրե՞նց կարծիքը, թե՞ արտաբերեցին այն, ինչը ստացել էին դպրոցում: Ու այդ ինձ մի քիչ վտանգավոր թվաց:
Ճակատագրի բերումով արդեն 27 տարի է, ինչ ապրում եմ Հայաստանի սահմաններց դուրս։
Այսօր ապրելով ՌՖ Տուլա քաղաքում` արբայնակային հեռուստատեսությամբ դիտում եմ հայկական 5 հեռուստաալքների ծրագրեր:
Այսկերպ Հայաստանին հաղորդակից է սփյուռքահայության մեծամասնությունը։ Ես մի պահ պատկերացրի, թե մեծ այդ լսարանը ինչ ապրումներ, ընկճվածություն ունեցավ:
Արժե չմոռանալ, որ սփյուռքի թվակազմի համալրման ցավալի գործոններից առանցքայինը հայրենիքում հացի օրախնդրի լուծման գերդժվարությունն էր:
Ու որ հայրենիքից դուրս ոչ հայկական կրթություն ստացող ցանկացած հայ զավակ մեկն է ձեզնից և նրա հայ կոչվելու իրավունքը, ներեցեք, ձեր ախտորոշելիքը չէ:
Նորից ուզում եմ անդրադառնալ վերը նշված հաղորդմանը. ցավոք, չեմ հիշում այն աղջնակի անունը ԴԵՄ թիմից, որն ընդամենը երկու տարի է, ինչ տեղափոխվել էր Հայաստան Ռուսաստանից, ի՞նչ` մի՞թե նա իսկական հայուհի չէր։
Ողջունելով նման բանավեճերի գաղափարն ու իրականացումը` մի նկատառում կկամենայի հղել. գուցե այդօրինակ հաղորդումներն արժե հեռարձակել ուղիղ եթերով ու, ինչու ոչ, հետադարձ կապի ապահովմամբ. կարծում եմ` պատկերն ու պատկերացումները հենց երեխաների համար ավելի քան ամբողջական կլինեն:
Ու գուցե առավել սթափ եզրահանգումների դրսում էլ գան… Այսօր հայկական կրթություն ստացող շատ հայ երեխաների օրախնդիր հարցերը լուծվում են «ոչ հայ» երեխաների հայրիկների` բարեկամների աջակցությամբ:
Հազար ներողություն այս հիշատակմանս համար, պարզապես, հենց այս օրախնդիրները ժամանակին նրանց հեռու ափեր տարան:
Իմ փոքրիկ բարեկամներ, չտա Աստված, որ պանդխտության ուրվականը երբևէ ծեծի ձեր դուռը։
Մի քիչ էլ կուզենայի, որ հայեցի դաստիարակության ու կրթության ջատագով մեր մանկավարժները այս թեմաների շուրջ զրույց-ուսուցումների ժամանակ հայրենասիության պաթոսին չմոռանան իրողության ու իրականության շաղախից էլ ճիշտ ու անհրաժեշտ չափաբաժին խառնել…
Ռուբեն Հովսեփյան
ք. Տուլա
[email protected]
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել