HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Մարզպետը սպառնում է, հետո «թասիբի» գցում

Լոռու մարզի այս տարվա վերջին մարզխորհրդի նիստում անցնող գյուղատնտեսական տարին գնահատվեց որպես խիստ անբավարար: Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Վազգեն Օհանյանը նշեց, որ անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 15-20%-ով: Գյուղմթերքների արտադրությունը նույնպես զիջում է 2009-ի ցուցանիշներին: 2010-ը նպաստավոր չէր նաև անասնապահության համար: Մարզի Դսեղ, Մարց, Դեբեդ, Լորուտ, Շամուտ համայնքներում խոզերի աֆրիկյան ժանտախտի հետևանքով անկվել և հարկադիր սպանդի է ենթարկվել 488 գլուխ խոզ: Տարբեր համայնքներում նկատվել են գայլերի կողմից գյուղատնտեսական կենդանիների հոշոտման դեպքեր. Սպիտակում հոշոտվել է 37, Նոր Խաչակապում` 4 գլուխ ոչխար, Ծաղկաշատում` 12 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Հավաստիացնելով, որ հարձակումների մասին մարզի ղեկավարությունը ժամանակին ահազանգել է ոստիկանության մարզային վարչությանն ու Որսորդմիությանը` Վազգեն Օհանյանը համայնքապետներին խնդրեց «անհրաժեշտության դեպքում» աջակցել որսորդներին: Համայնքի ղեկավարներին հիշեցրին 2011թ. հունվարի 1-17-ը համայնքերում անցկացվելիք անասունների համատարած հաշվառումների մասին: Համայնքապետները ծանոթացան տարածքային կառավարման նախարարի հանձնարականին, որ մինչև հունվարի 10-ը համայնքներում աշխատող անասնաբույժները պետք է պարտադիր կնիք ունենան: Ինչպես հայտնեց Վ.Օհանյանը, 2009-ի համեմատ մարզում 1041,8 հա ավելի վարելահող է ոռոգվել: ՋՕԸ-երի կողմից ջրի ոռոգման վարձավճարների գանձումը կատարվել է 92,1%-ով: Համայնքների ջրօգտագործման պարտքերը ՋՕԸ-երին կազմում են 4797 հազ. դրամ: Խոշոր պարտքեր ունեցող համայնքներից են Գեղասարը` 530 հազար դրամ, Այրումը` 650 հազար, Օձունը` 895 հազար, Ճոճկանը` 1550 հազար դրամ: Մարզպետարանի սոցիալական վարչության պետ Վալերի Ջաղինյանն անդրադարձավ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում տեղ գտած փոփոխություններին: Մասնավորապես, առաջարկվող փոփոխությամբ ընտանիքի անապահովության միավորը որոշելիս «հարգելի բացակա անդամը» որպես ընտանիքի անդամ չի դիտվում: Իսկ որպես «հարգելի բացակա» են հաշվառվում ՀՀ-ից բացակայողները, ազատազրկման վայրում գտնվողները, զինծառայողները, ռազմաուսումնական հաստատությանում սովորողները, սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատուն, ծերանոց) տեղավորված քաղաքացիները: Փոփոխվել է միայնակ կենսաթոշակառուին ներկայացվող պահանջը. անձը պետք է պարտադիր միայնակ չաշխատող կենսաթոշակառու լինի, որ պետությունը նրա նկատմամբ համարժեք մոտեցում ցուցաբերի: Փոփոխություններ են կատարվել նաև ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն նշանակելու կարգերում: Ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու համար տեղեկանք-հայտարարագրում քաղաքացին պետք է տվյալներ լրացնի նաև ընտանիքի կազմի և գյուղատնտեսական նշանակության հողի չափի, հողատարածքի կադաստրային եկամտի մասին: Տեղեկանքի մեջ պետք է նշում կատարի նաև անասնաբույժը` ընտանիքի տնօրինած անասնատեսակի և գլխաքանակի վերաբերյալ: Առաջարկվել է ընտանիքի համար հաշվարկված եկամտից հանել հողի հարկի կամ վարձավճարի չափը: Միաժամանակ հողի հարկից ազատված ընտանիքների համար հողօգտագործումից ստացվող եկամուտը չի հաշվարկվում հողի հարկից ազատված լինելու ժամանակահատվածում: Անասնապահությունից ստացված եկամտի հաշվարկումը դեռևս հստակեցման փուլում է: Այնինչ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, տարվա ամփոփումը հետաձգելով հաջորդ մարզխորհրդի նիստին, անդրադարձավ իրեն հուզող հիմնական խնդրին` համայնքների բյուջեների կատարմանը: Պարզվեց` նախորդ տարվա մակարդակն ապահովելու համար մարզում դեռ 40% սեփական եկամուտների հավաքագրում պետք է կատարվի, իսկ դրա համար համայնքի ղեկավարները միայն մի քանի օր ունեն: Սեփական եկամուտների հավաքագրման ցածր մակարդակը մարզի ղեկավարը պայմանավորեց մարզի գյուղատնտեսական վիճակով: «2010 թվականը բոլոր առումներով բավականին վատ էր: Գյուղատնտեսական առումով էլ տարին պիտի համարել ոչ բարենպաստ: Քանի որ մեր համայնքների զգալի մասը գյուղական բնակավայրերում է, այս տեսակետից մեր աշխատանքների մի զգալի մասը պայմանավորված է գյուղատնտեսությունում տիրող իրավիճակով»,- ասաց նա: Ի տարբերություն նրա` Ֆինանսների վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը սեփական եկամուտների հավաքագրման խնդիր է տեսնում հատկապես քաղաքային համայնքներում, որոնք ապահովում են մարզի սեփական եկամուտների 65%-ը: Չնայած մարզպետը գյուղատնտեսության առումով 2010-ը համարեց անբարենպաստ` այնուամենայնիվ, համոզված էր, որ համայնքապետերն առանձին հարկատեսակների գծով կարող են հավաքագրումներ անել եղած ռեսուրսների հաշվին և մինչև տարեվերջ ապահովել նախորդ տարվա ցուցանիշները: Իսկ գյուղապետերին մարզպետն իր ձևով է ճնշում: Մարզի ղեկավարը համայնքապետերին նախ դիմեց սպառնալիքով. «Մարզում եկող տարվա իրականացվելիք շատ բան պայմանավորված է մեր աշխատանքներով: Այսինքն` ինչպիսին կլինի տվյալ համայնքի սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը, այնպիսին էլ կլինի վերաբերմունքը համայնքի ղեկավարի և համայնքի նկատմամբ: Որտեղ լավ եղան աշխատանքները, այդտեղ ծրագրերը ավելի շատ ենք կատարելու. լավ չեղավ, ուրեմն մեզնից չնեղանաք»: Ապա խոսքին այլ երանգ տվեց. «Այ նայեք, հետագայում իրար երեսի ենք նայելու, ամաչելու բան չունենանք. ինչ որ խոստացել եք, մարդավարի, տղամարդավարի պետք է անեք»: Վերջում էլ մարզի ղեկավարն ավելացրեց. «Պարտադիր այս մի քանի օրվա ընթացքում աշխատում եք: Ինչ թվեր ասել ենք, պարտադիր պիտի կատարեք: 29-ին` ժամը 5-ին, նախատեսվում է տոնական միջոցառում. այս անգամ մի քիչ այլ ֆորմատ կունենա: Միայն համայնքի ղեկավարները չէ, որ մասնակից կլինեն. այլ կարգի մարդիկ էլ կլինեն այդտեղ, այլ բաներ: Նաև այնտեղ խոսակցություն կունենանք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter