HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Վերահսկիչը ոչ մի գործ դատախազություն չուղարկեց

Իրադարձությունը, որին կես տարի սպասում էին, կայացավ: Տավուշի մարզում տեղի ունեցավ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի նիստ, որտեղ ներկայացվեցին մարզում կատարված ստուգումների արդյունքները: Հուլիսի 3-ին էին ավարտվել վերահսկիչի ստուգումները, եւ, փաստորեն, 6 ամիս պահանջվեց` դրանց արդյունքներն ամփոփելու համար:

Ստուգումներ սկսելու նախօրյակին` մայիսի 11-ին,  Տավուշի մարզխորհրդի նիստում վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել էր, որ ստուգումներն ավարտվելուց հետո եւս կհրավիրվի մարզխորհրդի նիստ, ուր կհրապարակվեն ստուգումների արդյունքները: Արդյունքները հրապարակվեցին, սակայն ոչ մարզխորհրդի նիստում: Մինչդեռ ճիշտ կլիներ, որ  վերահսկիչի խորհրդի դեկտեմբերի 27-ի նիստին հրավիրվեին նաեւ մարզի բոլոր համայնքների ղեկավարները: Որպեսզի բոլոր համայնքապետերն էլ իմանային, թե վերահսկիչի կողմից ստուգված համայնքներում ինչ խախտումներ են արձանագրվել, որպեսզի իրենք զերծ մնային նման սխալներ կամ խախտումներ թույլ տալուց: Վերահսկիչի խորհրդի նիստը կայացավ մարզպետի ընդունարան հանդիսացող փոքր դահլիճում, նրա աշխատասենյակի կողքին: Մարզի լրագրողները չէին տեղեկացվել այդ նիստի մասին, ՀՀ տարածքային կառավարման նախարարության վեբ-կայքի Տավուշի մարզպետարանի  բաժինն էլ (http://tavush.region.am/egov/dispatcher) հարմար չէր համարել տեղեկացնել նիստի մասին: Սովորաբար երբ մարզպետարանի լրատվական բաժնի ղեկավար Անի Մելիքսեթյանին հարցնում եմ, թե ինչու՞ մարզի լրագրողներին չեն տեղեկացնում կայանալիք որեւէ միջոցառման կամ նիստի մասին, նա արդարանում է, թե իրենց կայքում այդ մասին տեղեկատվություն է տեղադրված: Վերահսկիչը ստուգել է մարզի Դիլիջան, Իջեւան, Բերդ, Այրում քաղաքների եւ 10 գյուղական համայնքների, ինչպես նաեւ Տավուշի մարզպետարանի կողմից բյուջետային միջոցների ծախսման օրինականությունը: Նիստում նշվեց, որ մարզպետարանում քաղաքաշինության ոլորտում բացահայտվել են 98 միլիոն դրամից ավելի խախտումներ: Ուսումնասիրվել են ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների 28 տոկոսի գործերը, եւ պարզվել, որ սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային գործակալությունները 222 գործերում խախտումներ են կատարել, 88 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից: Այս բնագավառում խախտումների գումարը կազմում է 20 միլիոն դրամ: Տավուշի մազպետարանում բացահայտվել է 144 միլիոն 955 հազար դրամի խախտում, որից 121 միլիոնը ենթակա է գանձման: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ շինարարության ոլորտում խախտումներ թույլ տված կազմակերպությունների ղեկավարներին հանձնարարական է տրվել վերացնել դրանք, նորից են կատարվել 79 միլիոն դրամի աշխատանքներ: Մարզպետի խոսքով` Իջեւանի, Բերդի եւ Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունների պետերի նկատամբ կիրառվել է  կարգապահական տույժ, սոցիալական ծառայություններում աշխատանքից ազատվել են մեծ թվով խախտումներ թույլ տված աշխատակիցներ, գումարների 70 տոկոսը վերականգնվել է: Վերահսկիչի կատարած ուսումնասիրություններով բացահայտվել է, որ մարզի 14 համայնքների կողմից թույլ է տրվել ավելի քան 295 միլիոն դրամի խախտում, որից վերականգնման ենթակա է ավելի քան 286 միլիոնը: Սակայն պատասխանելով լրագրողի հարցին` վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտնեց, որ ոչ մի գործ դատախազություն չի ուղարկվել: Ասաց, որ իրենք քրեաիրավական բնույթի խախտումներ չեն հայտնաբերել: Նրա խոսքերով` «մտահոգիչը  շինարարության բնագավառն է»: Վերահսկիչ պալատի նախագահը,  չբացառելով հանդերձ  ռիսկերը, խախտումների հիմնական պատճառ համարեց օրենքների չիմացությունը, դրանք չկիրառելը, անկատար օրենքները: Իշխան Զաքարյանը դրական համարեց նաեւ գումարների վերականգնումը, հայտարարելով. «Վերջին երեք տարում ոչ մի մարզում նման իրավիճակ չի եղել: Դրական է այն, որ վերահսկիչ պալատի ստուգումներից հետո նախքան մարզում վերահսկիչ պալատի խորհրդի նիստ գումարելը, արձանագրված խախտումների մինչեւ 70 տոկոսը վերականգնվել է»: Անդրադառնալով ստուգումներից հետո գույքահարկի եւ հողի հարկի ապառքների գանձմանը, Ի. Զաքարյանը հարցրեց գյուղապետերին. «Եթե այդ գումարները հնարավոր է հավաքել, ուրեմն անպայման ինչ-որ ստուգող մարմին պետք է գա, արձանագրի, հետո՞ հավաքեք: Ինչի՞ համար»: Հետաքրքիր է, որ նիստին ներկա համայնքների ղեկավարները ոչ մի առարկություն չունեին ներկայացված փաստերի դեմ:  Սակայն  արդյոք վերահսկիչի ստուգողները մի՞շտ են առաջնորդվել օրենքով: Ահավասիկ մի օրինակ: Սահմանամերձ Բերդավանի համայնքապետարանի կողմից գյուղի 5 ընտանիքի տեղեկանք է տրվել, որ նրանց տները 1997 թ. Նոյեմբերյանի երկրաշարժից 3-րդ կարգի վթարայնություն ունեն: Ընդ որում` տեղեկանքները տրվել են 2003 թ. «Հայսեյսմշին» ընկերության կատարած ուսումնասիրության հիման վրա: Վերահսկիչի ստուգողները համարել են, որ այդ տների վթարայնության ուսումնասիրությունը վաղեմի է, ուստի` անվավեր, եւ պետք էր նոր ուսումնասիրություններ կատարել; Վերահսկիչի ստուգումների արդյունքում այդ տների վթարայնության վերաբերյալ համայնքապետարանի տված տեղեկանքներն անվավեր ճանաչելու հետեւանքով այդ ընտանիքներն արդեն 6 ամիս զրկված են ընտանեկան նպաստից: Մինչդեռ «Հայսեյսմշինի»` որպես մասնագիտացված ընկերության եզրակացությունները, ըստ գործող օրենքի, 10 տարի ուժի մեջ են համարվում: Երբ այս հարցն ուղղեցի Իշխան Զաքարյանին, նա ասաց, որ այդ խնդիրն արդեն լուծվում է` այդպես էլ չմանրամասնելով: Սակայն հազիվ թե այդ ընտանիքներն այլեւս ստանան անցած 6 ամիսների ընտանեկան նպաստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter