HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիանի Շաքի գյուղում Ամանորին ընդառաջ ավելանում են հոգսերը

Շաքի գյուղի բնակիչների համար այս տոներն ավելի թանկ կարժենան, քան նախկինում: Տարվա ընթացքում ցրտահարությունները բացասաբար անդրադարձան համայնքի գյուղատնտեսության վրա, տուժեցին բանջարաբոստանային կուլտուրաներն ու պտղատու ծառերի բերքը: Այժմ գյուղացիներն Ամանորի սեղանի համար միրգը ստիպված գնում են Սիսիանի շուկայից, ընդ որում` շատ բարձր գներով: Մինչդեռ նախորդ տարիներին Շաքի գյուղի բնակիչները մրգի վրա գումար չեն ծախսել, ավելին, իրենք են ցածր գներով խնձոր ու տանձ վաճառել: «100 դրամից ավել կգ-ը չեն վաճառել մեր գյուղացիները, իսկ այժմ նոր տարվա նախօրեին ստիպված գնում են հասնում Սիսիանի շուկա և խնձոր առնում 700-800 դրամով: Ընդհանրապես Նոր տարվա առևտուրը գյուղացիները Սիսիանից են անում. որոշ չափով էժան է գյուղի խանութից: Երթուղային տաքսով կամ անձնական մեքենայով գնում են միանգամից անհրաժեշտ մթերքը, քաղցրեղենը առնում բերում: Իսկ միսը, եթե գյուղում ապրանք մորթող է լինում, հենց գյուղից ենք առնում»,- ասում է Շաքիի գյուղապետ Վաղարշակ Առաքելյանը: Նրա խոսքերով` գյուղացիները տարվա ընթացքում գումար են տնտեսել Նոր տարին նշելու համար ու հիմա խնայած գումարով փորձում են գոնե ամենաանհրաժեշտ ապրանքները գնել: Չնայած կենցաղային հոգսերին` տարեմուտին Շաքիում չեն մոռանում տոնական տրամադրության մասին: Գյուղում ամանորի միջոցառում կկազմակերպվի, իսկ նախադպրոցական տարիքի 40 երեխայի ու դպրոց հաճախող մինչև 10 տարեկան աշակերտներին գյուղապետարանն ու բարերարները նոր տարվա նվերներ կհանձնեն: Սակայն գյուղացիներին մտահոգում է այն փաստը, որ տոներից հետո կրկին բախվելու են առօրյա կենցաղային հոգսերին, որոնք 380 տնտեսություն ունեցող գյուղում քիչ չեն: Շաքիի բնակիչների համար ամենակարևորը գյուղը ջրամատակարարմամբ ապահովելն է: Գյուղը մոտ 1.600 բնակիչ ունի: Հատկապես ջրազրկված են գյուղի վերին թաղերը: «Շատ մեծ ջրային պաշար ունենք, մենք են ջուր մատակարարում Սիսիան քաղաքին, բայց աշխարհագրական վատ դիրքի պատճառող տուժում է գյուղը: Շաքիի ջրաղբյուրի ակունքները գյուղից ներքև են գտնվում, դրա համար էլ մենք ջուր չունենք: Կոմունիստների ժամանակ աշխատել է պոմպը, տարիների ընթացքում փչացել է, քանդվել է, այսօր չկա, չի աշխատում, ինչի պատճառով գյուղի վերին թաղեր ընդհանրապես ջուր չի հասնում»,- տեղեկացնում է Վաղարշակ Առաքելյանը: Գյուղապետի խոսքերով` Շաքիի մի քանի տուն ջուր է ստանում ակունքներից: Սակայն այդ ճանապարհով շատ քիչ ջուր է հասնում, ինչը չի բավարարում կենցաղում օգտագործելու համար: «Գյուղից 3 կմ հեռու ջրաղբյուր կա, նախատեսել ենք որևէ ծրագրով ջուրը հասցնել գյուղ: Նախագծանախահաշվային աշխատանքները կազմվել են: 20 մլն դրամ է անհրաժեշտ, պետք է գտնել դոնոր կազմակերպություն: Մենք էլ ներդրում կանենք, բայց այսօր մի քանի կազմակերպությունների դիմել ենք. մերժել են: Դիմել ենք նաև գյուղնախարարությանը, սակայն պատասխանել են, որ դեռևս հնարավոր չէ աջակցել»,- ասում է Վաղարշակ Առաքելյանը: Շաքիի խնդիրներն այսքանով չեն ավարտվում: Հողագործությունն ու անասնապահությունը չեն զարգանում: Շատ հողատարածքներ անմշակ են մնում: Հացահատիկի բերքատվությունը ցածր է: Հողի հարկը դժվարությամբ է հավաքագրվում և այլն: Գյուղացիներն այստեղ ոչ լավ են ապրում, ոչ էլ վատ: Համայնքի ղեկավարի խոսքերով` գյուղից արտագաղթ դեռևս չկա: Որոշ ժամանակ առաջ երիտասարդները լքում էին գյուղը, այնուհետև արտագաղթը դադարեց: Եթե գյուղում ապրելու պայմանները չբարելավվեն, գյուղապետը չի բացառում, որ արտագաղթը կվերսկսվի: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter