HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ գործիքների արդյունավետ կիրառման մասին

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Եվրոպական միության գործիքների արդյունավետ կիրառման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նշենք, որ ՀՀ վարչապետը ՀՀ կառավարության դեկտեմբերի 9-ին կայացած նիստում հանձնարարել էր ՀՀ նախարարների և գերատեսչությունների ղեկավարների տեղակալներին` դեկտեմբերի 11-ին մասնակցել Եվրամիության գործիքակազմի վերաբերյալ Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կողմից համատեղ կազմակերպված սեմինարին ու արդյունքում ներկայացնել հաշվետվություններ իրենց նախարարությունների և գերատեսչությունների կողմից կոնկրետ գործիքների կիրառման վերաբերյալ: Կառավարության ղեկավարն, անդրադառնալով հարցի կարևորությանը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա մեր խորհրդակցությունը նվիրված է Եվրոպական միության գործիքների կիրառման վերաբերյալ մեր պատկերացումներին, այն սեմինարներին ու խորհրդակցություններին, որոնք անցկացվեցին Հայաստանում, որպեսզի մեր բոլոր գերատեսչությունները և նախարարությունները հստակ պատկերացում ունենան, առաջինը` Ազգային ծրագրով իրենց ոլորտում ինչ խնդիրներ են դրված, և երկրորդը` Ազգային ծրագրի միջոցառումներն իրականացնելու ժամանակ ինչպիսի գործիքակազմ է առաջարկվում Եվրամիության կողմից, և կոնկրետ նախարարություններն ինչպես կարող են օգտվել այն տեխնիկական, ֆինանսական օժանդակությունից, որ մենք ստանալու ենք: 2011 թվականն այդ առումով մեզ համար պետք է բեկումնային լինի: Մենք պետք է որակական առաջընթաց ապահովենք Եվրամիության հետ մեր հարաբերություններում, և այստեղ լուրջ անելիքներ կան»: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` որպես ԵՄ-ի հետ համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող գերատեսչության ղեկավար, զեկուցել է Եվրամիության կողմից Ազգային ինդիկատիվ ծրագրով Հայաստանին տրամադրվող աջակցության ծավալի և կառուցվածքի մասին: Այնուհետև ամփոփ ներկայացվել են սեմինարին մասնակցած պետական պաշտոնյաների հաշվետվությունները: Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդակցության մասնակիցների կողմից ներկայացվել են առաջարկություններ համապատասխան գերատեսչություններում ԵՄ գործիքների արդյունավետ կիրառման առնչությամբ: Ամփոփելով քննարկման արդյունքները` Տիգրան Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին, ինչպես նաև հանձնարարել հնչեցված առաջարկությունները երկշաբաթյա ժամկետում գրավոր ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter