HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընտանիքի հույսը նապաստակն է

10-ամյա Սեթը ուրախ էր, որ շուտով Նոր տարի է գալու: Սակայն մայրը` Սիլվա Գմբիկյանը, փորձում էր երեխային բացատրել, որ Նոր տարին իրենց համար չէ, իսկ դեկտեմբերի 31-ի գիշերը սովորական օր է: Մոր ու որդու այս խոսակցությունը տեւեց մոտ 15 րոպե, վերջում հաղթեց Սեթը` պնդելով, որ մի քանի օրից Ձմեռ պապն անպայման կայցելի նաեւ իրենց տուն: Սեթ Գաբրիելյանի մոտ միայն այս տարի է լավատեսություն նկատվում: Նրան Ձմեռ պապը երբեք չի այցելել, նվերներ չի ստացել, առավել եւս` Ամանորին տոնական սեղան չեն ունեցել:

Այս տարի նույնպես տոնական սեղան չեն ունենալու, բավարարվելու են միայն հարեւանների տված ուտելիքներով: Տղան լավ հույսեր է կապում գալիք տարվա հետ եւ իմանալով, որ 2011 թ. հենց Նապաստակի տարի է` սկսել է նապաստակ պահել: Սեթն ունի մոտ 20 նապաստակ: Ասում է, որ այս տարի նապաստակներն իրենց հաջողություն են բերելու: Հենց այդ պահին խոսակցությանը միջամտեց մայրը: Նա ցույց տվեց, որ նապաստակների համար չունեն լավ պայմաններ եւ ձմռանը ցրտից կսատկեն: Կենդանիներին տեղավորել էին իրենց տան չօգտագործվող սենյակներից մեկում, որտեղ պատուհաններ չկային: Սիլվան ծառերի տակից հավաքած տերեւներով էր կերակրում նապաստակներին, քանի որ չեն կարողացել կենդանիների համար առվույտ գնել: «Ինչքան մենք ենք նապաստակներին լավ պահում, այնքան էլ նապաստակը մեզ եկող տարի տիրություն կանի»,- ասում է Սիլվան: Խոսակցությանը չէին խառնվում ընտանիքի հայրը` ազատամարտիկ Լեւոն Գաբրիելյանն ու նրա երկու դուստրերը, որոնք արդեն վաղուց չեն հավատում Ձմեռ պապին: Արմավիրի մարզի Մարգարա գյուղում ապրող այս ընտանիքի սոցիալական պայմաններին «Հետքն» անդրադարձել է մոտ մեկ տարի առաջ (Տես` «Հողաշեն տունն ամեն պահի կարող է փլվել 2 անչափահաս երեխաների վրա»): Հրապարակված նյութից հետո գրեթե ոչինչ չի փոխվել նրանց կենցաղում: Միակ դրական տեղաշարժն այն է, որ մեր նյութի հետքերով ընտանիքի էլեկտրաէներգիայի պարտքի մի մասը վճարել է «Թուֆենկյան» հիմնադրամը: Բացի դրանից` հոդվածից հետո Մարգարայի համայնքապետն ու մարզպետարանն են աջակցել, որ ազատամարտիկը որոշակի փաստաթղթերի ձեւակերպման հարցերը լուծի: Այդ ժամանակ ընտանիքը խանդավառված էր, որ պատկան մարմինները քար լռությունից հետո սկսել են իրենցով զբաղվել: Սակայն, պարզվեց` դա էլ ձեւական էր, պարզապես ցույց էին տալիս, թե նյութն անարձագանք չի մնացել: Գաբրիելյանները շարունակում են ապրել հողաշեն, ամեն պահի փուլ եկող տանը: Նրանք դարձյալ նպաստ չեն ստանում, թեեւ օրենքով պետք է հասներ, քանի որ ապրում են չքավորության մեջ: Իսկ ազատամարտիկ Լեւոնն այդպես էլ չի կարողացել լեզու գտնել բժշկակական հանձնաժողովի հետ, որ իրեն հիվանդության կարգ տան: Նա Ղարաբաղի ազատամարտում ոտքից վիրավորվել է, այդ մասին կան համապատասխան փաստաթղթեր: Այժմ մեծ դժվարությամբ է կարողանում տեղաշարժվել, սակայն` հանձնաժողովը որոշել է, որ Լեւոնը լիովին առողջ է:

Մարգարայի գյուղապետ Խաչիկ Ասատրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընտանիքին օգնել է Լեւոն Գաբրիելյանի փաստաթղթերի (անձնագիր, զինվորական գրքույկ եւ այլն) ձեռք բերման հարցում, սակայն բժշկական հանձնաժողովը մերժել է նրան հիվանդության կարգ տալ:

«Դա արդեն իմ ուժերից վեր է, ես չեմ կարող միջամտել»,- ավելացրեց համայնքապետը: Այն հարցին, թե ինչու ընտանիքը նպաստ չի ստանում, Խաչիկ Ասատրյանն ասաց, թե սոցիալական աջակցության ծառայությունից ասել են, թե նրանց բալերը չեն հերիքում նպաստ տալու համար, եւ անհրաժեշտ է, որ Լեւոնը հիվանդության կարգ ունենա: Թե ում է հասնում նպաստ, եթե ոչ նմանատիպ ընտանիքներին` անհասկանալի է, քանի որ ընտանիքում ոչ ոք մշտական աշխատանք չունի, իսկ կենցաղային պայմանները հեռու են նույնիսկ  միջին պայմաններից: Գյուղապետն ասաց, որ Ամանորի կապակցությամբ վաղը Գաբրիելյանների ընտանիքին կհատկացնի 30.000 դրամ ֆինանսական օգնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter