Երևանի համայնքը կորցնում է հանրային այգիները
Քաղաքային մշակույթը վտանգի տակ է
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը, ստեղծվելով ապրիլին «Ուսանողական» այգում սկսված տխրահռչակ շինարարության դեմ պայքարի ժամանակ, այժմ ունի շուրջ 4000 աջակից Ֆեյսբուք սոցիալական ցանցում:
Անցած 8 ամիսների ընթացքում նախաձեռնությունը շարունակ բախվել է բազմաթիվ նոր այգիների ոչնչացման փաստերի` Երևանի «Վիշապի կոթողներ» պուրակի, Գլխավոր պողոտայի այգու, Նալբանդյան 104, Կոմիտասի 5ա, Սարկավագի 72 և շատ այլ հասցեներում, որտեղ բնակիչները գործ ունեին իրենց հանգստի և առողջության համար կարևոր կանաչ տարածքների ապօրինի օտարման կամ վարձակալման հետ։ «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» հասարակական հիմունքներով Երևանի խնդիրները բարձրաձայնող քաղաքացիների բաց նախաձեռնություն է, որը մտահոգված է հանուն մասնավոր շահի և «գերակա հանրային շահի» հիմնավորմամբ Երևան քաղաքի հանրային այգիների ոչնչացմամբ և այդպիսով Երևանում քաղաքային մշակույթի կորստով: Վերը նշված բոլոր ահազանգերի պարագայում նախաձեռնության անդամները հանդիպել են այդ տարածքների հարակից բնակիչների հետ, օժանդակել նրանց իրավական օգնություն ստանալու, սեփական օրինական պահանջները պատասխանատու մարմիններին հասցնելու և հիմնախնդիրները բարձրաձայնելու գործում: Այդ փորձը ցույց է տվել, որ բնակիչների վճռական դիրքորոշումը որոշիչ դեր ունի շրջակա կանաչ միջավայրը կամայական որոշումների դեմ պաշտպանելու գործում, ինչի մասին վկայում են հատկապես Վիշապների պուրակի և Կոմիտասի 5ա օրինակները: Նախաձեռնությունը մասնավորապես օգտագործել է հանրային կարծիքի արտահայտման և իրավական հետևյալ միջոցները.
Ուսանողական այգում` 20.000 քաղաքացիների ստորագրությամբ դիմումը մինչ այժմ չի ստացել որևէ պատասխան, 117 համահայցվոր, այդ թվում ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, ճարտարապետներ և արվեստի գործիչներ դիմել են ՀՀ վարչական դատարան` վիճարկելու շինարարության թույլտվությունները: Հայցն այժմ գտնվում է վճռաբեկ դատարանում: Հարցի շուրջ հանդիպումներ են եղել Երևանի քաղաքապետի, ավագանու անդամների, մտավորականների, հարակից հիմնարկությունների աշխատակազմերի, ՀՀ ԱԺ խմբակցությունների և այլ գործիչների հետ: Նամակ է գրվել UNESCO-ին և այլն:
Գլխավոր պողոտայի այգում`Երևանի վերջին հանրային այգիներից մեկում մասնավոր ընկերության կողմից առևտրի կենտրոնի շինարարությանը դեմ արտահայտված բնակիչների հետ համատեղ կազմակերպվել է ստորագրահավաք և սիմվոլիկ ծառատունկ:
«Վիշապի կոթողներ» այգում, որը գտնվում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հովանու ներքո ակնհայտ ապօրինի սեփականաշնորհման և շինարարության փաստաթղթեր են տրվել, ինչի արդյունքում բնակիչները ստիպված եղան սեփական ուժերով տեր կանգնել այգուն և ծառատունկ կազմակերպել: Այստեղ տրակտորի տակ են հայտնվել 4000-ամյա վիշապաքարեր: Մշակույթի նախարարությունը չի պատասխանել մեր հարցմանը:
Սարկավագի 72 հասցեում կրկին բնակիչներն անակնկալ կերպով տեղեկացել են, որ իրենց ընդհանուր օգտագործման միակ այգին սեփականաշնորհվել է և պետք է սուպերմարկետ կառուցվի: Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարարությունը տեղեկացրել է, որ առայժմ շինարարությունը դադարեցված է, սակայն բնակիչները շարունակում են կոնֆլիկտներ ունենալ նորահայտ սեփականատիրոջ հետ:
Նալբանդյան 104 հասցեում կառավարության որոշմամբ բակի տարածքում գտնվող գույքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ: Գոտիավորման նախագծով նախատեսվում է իրացնել բակային տարածքում գտնվող մանկապարտեզը և տեղում կառուցել բազմահարկ շենք ու ստորգետնյա ավտոկայանատեղի։ Մեզ հետ զրույցի ժամանակ բնակիչները դեմ էին, որ բակի տարածքը բերակարգվի շենքի կառուցմամբ, քանի որ դրա արդյունքում տարածքը կդադարի ծառայել որպես բակ, կանաչ տարածքը մի քանի անգամ կկրճատվի, իսկ բազմահարկ շենքը ստվեր կգցի մյուս շենքերի վրա:
Կոմիտասի 5ա հասցեում հատկապես բնակիչների վճռականության և մեր նախաձեռնության և այլ աջակիցների կողմից խնդրի հրապարակայնացման շնորհիվ կասեցվել է շինարարության թույլտվությունը: Վերոնշյալ փաստերը Երևանի այգիների և ծառաշատ գոտիների վերացման տվյալների ընդամենը մի մասն են: Մենք կարծում ենք, որ Երևանում հանուն մասնավոր շահի հանրային այգիների վայրենի յուրացումը հասել է իր գագաթնակետին, ինչի արդյունքում քաղաքում մնացել են մի քանի ծառախմբեր, որոնք այլևս բավարար թթվածին չեն արտադրում Երևանի բնակիչների համար։
Ըստ այդմ, ժամանակն է, որ Երևանի համայնքը բավարար ֆինանսներ հատկացնի հանրային այգիների խնամքի և բարեկարգման համար՝ չապավինելով մասնավոր կապիտալին: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» շարունակելու է քաղաքացիների իրազեկման, սեփական իրավունքների պաշտպանությանն օժանդակելու, նրանց քաղաքացիական դիրքորոշումն ամրապնդելու և քաղաքաշինական որոշումներին քաղաքացիների մասնակցությանը նպաստելու գործունեությունը: Բոլոր ակցիաները կազմակերպվել են բացառապես անդամների ջանքերով և միջոցներով: Կայքերն են. kanachaygi.org և kanach.am Ողջունելով Երևանի նորընտիր քաղաքապետի կողմից կառավարման նոր մշակույթ ձևավորելու նպատակը՝ կարծում ենք, որ նախևառաջ Երևանի բնակիչների հետ քաղաքի իշխանությունների և մասնավոր ընկերությունների երկխոսության պայմաններում հնարավոր կլինի Երևանը դարձնել կանաչ և բարձր մշակույթի քաղաք: Միայն քաղաքացու խոսքի ուժը, տիրոջ իրավունքը և իրավական գիտակցությունը կարող են նպաստել դրան: Այդ նպատակով էլ համագործակցության առաջարկով նամակ ենք հղել քաղաքապետին: Ուսանողական այգին մեզ համար մնում է սկզբունքային խնդիր, և հետամուտ ենք լինելու մինչև այգում 2 շինօբյեկտների լիարժեք ապամոնտաժումը: Այնտեղ ոտնահարված են հայկական երեք ազգային արժեքներ` ՀՀ Ազգային հերոս Վ.Համբարձումյանի արձանը, Ազգային գրադարանը, Ալ.Թամանյանի նախագծած Աստղադիտարանը և Ուսանողական թաղամասը:
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
28-ը դեկտեմբերի, 2010թ. [email protected]
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել