
Բանակի օրվա կապակցությամբ այսօր Գյումրիի զինկոմիսարիատ էին հրավիրվել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում 1991-94թթ. մարտական գործողություների ժամանակ զոհված ազատամարտիկների եւ 1994թ-ի մայիսից մինչեւ 2010 թ-ը մահացած կամ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները:
Շիրակի մարզպետարանը որոշել էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել այս ընտանիքներին` յուրաքանչյուրին հանձնելով 25 հազարական դրամ: Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանն ասաց, որ նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակական: Դրամական օգնություն կտրվեն նաեւ առաջին կարգի հաշմանդամների եւ հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանքիներին:

«Տարին նոր է սկսվել եւ ֆինանսական սղության պատճառով հնարավորությունը գումարային այսքան էր,-նշեց Սեյրան Պետրոսյանը,-հնարավոր է նախկինում առանձին չինովնիկների կողմից վերաբերմունքը նորմալ չի եղել ձեր ընտանիքների նկատամամբ, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը, այսուհետ իրավիճակը կտրուկ փոխվելու է, որովհետեւ ձեր ընտանիքներն ու նրանց խնդիրները լինելու են մշտապես մարզպետի ուշադրության կենտրոնում»:
Սրահում հիմնականում կանայք էին նստած: Գումարը ստանալիս հնչեցին շնորհակալական խոսքեր եւ ցանկություն, որպեսզի հայոց բանակում հայ զինվորները խաղաղ պայմաններում այլեւս չզոհվեն:

Ֆենյա Մելիքյանի 20-ամյա որդին` Խաչատուր Մելիքյանը զոհվել է 2005թ-ին` ծառայության ժամանակ: Տղան ծառայել է Ստեփանակերտում, հաշված օրեր էր մնացել զորացրվելուն, երբ կատարվել է դեպքը: Ծնողներին ասել են, թե պատահականության զոհ է դարձել Խաչատուրը, սակայն մայրը մինչեւ հիմա էլ համոզված է, որ տղային դիտավորյալ են սպանել:
«Ես շատ եմ բողոքել, բայց արդյունքի չեմ հասել, հիմա ընդամենը կուզեմ, որ մյուս մայրերի զավակները հնարավորինս անփորձանք ծառայեն ու տուն վերադառնան»,- ասում է Ֆենյա Մելիքյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել