HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ձվի շուկան մոնիտորինգի տակ է

Այս օրերի թիվ 1 հարցը դարձել է ձվի թանկացումը: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի օգնական Արամ Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովին ձվի գնի բարձրացումը վերաբերում է այնքանով, որ հիմնական արտադրողները գերիշխող դիրք ուեցող երկու սուբյեկտներին են: «Օպերատիվ տեղեկություններ ունենք իրենցից, որ ամբողջ արտադրանքն առաքվում է խանութներ: Մեզ այնքանով է հետաքրքրում, որ ընկերություններն իրենց արտադրանքը չպահեն պահեստներում, ստեղծեն արհեստական դեֆիցիտ եւ օգտվելով առիթից ձվի գինը բարձրացնեն: Որոշ սուբյեկտներից նաեւ փաստաթղթային տեղեկություն ենք ստացել, որ արտադրված ձվի հիմնական մասը առաքվում է խանութներ եւ շուկաներ: Առաքվում է ոչ այսօրվա գներով` հատը 44-55 դրամով»,- ասում է Ա. Սահակյանը: Այն հարցին, թե ինչու է մարզերում ձուն վաճառվում 150 դրամով, իսկ Երեւանի որոշ խանութներում էլ ձու չկա, Արամ Սահակյանն ասաց, թե մանրածախ ցանցի վրա հանձնաժողովը հսկողություն եւ վերահսկելու որեւէ պարտավորություն օրենքով չունի: «Մանրածախ առեւտրի ցանցում գործում են հազարավոր խանութներ եւ այդ գործունեության մեջ գերիշխող դիրք ունեցող որեւէ սուբյեկտ չկա: Մանր խանութներ են, որոնք օգտվելով առիթից, որ ստեղծվել է սպեկուլյատիվ աժիոտաժ, արտադրողների կողմից ստացված էժան ձուն իրենք ավելի թանկ վերավաճառում են»,- պատասխանեց հանձնաժողովի նախագահի օգնականը: Ըստ նրա` գերիշխող դիրք զբաղեցնող Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայից ստացել են նաեւ գրավոր տեղեկություն, որ ամբողջ արտադրանքն առաքվում է շուկա եւ իրենց պահեստներում կուտակված ձու չկա: Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» խանութների ցանցում նույնպես արհեստական խոչընդոտներ են ստեղծվում, մեկ հոգուն 20 հատից ավելի ձու չեն վաճառվում: Արամ Սահակյանը նման տեղեկություն պաշտոնապես չէր ստացել: «Երեւի խանութի ղեկավարությունն է այդպես որոշել, որովհետեւ ձեր ասածը հակառակ էֆեկտն է ունենում: Լուրեր տարածվեցին, որ մարդիկ 50-100 արկղով ձու են առնում եւ դրսում վերավաճառում են 20-30 դրամով ավելի թանկ: Հավանաբար խանութի ղեկավարությունը նման որոշում է կայացրել սպեկուլյացիայի դեմ առնելու համար»,- ենթադրում է Ա. Սահակյանը: Նա չկարողացավ ասել, թե այս պահին հանձնաժողովում ձվի հետ կապված վարույթ հարուցելու հիմքեր կան, թե ոչ, քանի որ վարույթ հարուցելու համար պետք է ավելի հիմնավոր տեղեկություններ, իսկ նմանատիպ տեղեկություններ հնարավոր չէ ստանալ կարճ ժամանակում: «Դուք էլ լավ գիտեք, որ այդ ժամանակը 1-2 օրը չէ: Մարդկանց խելամիտ ժամանակ է պետք, որ կարողանան մեզ ներկայացնել: Իհարկե, այդ ժամանակը մենք կտանք, որ տեսնենք թե ինչ է կատարվում շուկայում: Այս պահի ամենակարեւոր հարցն է մեզ համար, մեր մոնիտորինգի խումբը քիչ առաջ է վերադարձել խանութներից, ձու եղել է, վաճառվում է 70-75 դրամով, շուկաներում` 100 դրամով: Բայց դա մանրածախ ցանցին է վերաբերում»,-ավելացրեց Արամ Սահակյանը: Փորձեցինք տեղեկություններ ստանալ նաեւ գերիշխող դիրք զբաղեցնող ձու արտադրող ընկերություններից: «Երեւանի թռչնաֆաբրիկայից» ասացին, որ ընկերության տնօրենն այս պահին Հայաստանում չէ եւ բացի իրենից որեւէ մեկն իրավասու չէ այդ հարցին պատասխանել: Իսկ «Լուսակերտի թռչնաֆաբրիկայի» սեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանն ասաց, որ մեր հարցերին կպատասխանի հունվարի 20-ից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter