Մարզպետների մասնակցությամբ անցկացվեց տարեվերջի խորհրդակցությունը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ այս տարվա վերջին խորհրդակցությունը:
Քննարկվեցին 2011թ. համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները: 2011թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 92, 3 տոկոս կամ 23,1 մլրդ դրամ, աճը 6,6 տոկոս է կամ 1,4 մլրդ դրամ: Այնուամենայնիվ, փոխվարչապետը ոչ բավարար համարեց հատկապես հողի հարկի հավաքագրման ուղղությամբ աշխատանքները, քանի որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշները բացարձակ թվերով նվազել են:
Մարզպետները նշված հարկատեսակի ցածր հավաքագրումների պատճառը համարեցին անբարենպաստ գյուղատնտեսական տարին, ինչն անմիջականորեն անդրադարձել է գյուղացիների եկամուտների վրա:
Գույքահարկի կատարողականը կազմել է 98,7` աճելով 6 տոկոսով: Միաժամանակ բարելավվել է պետական, տեղական տուրքերի եւ գույքի վարձակալությունից գանձվող եկամուտների հավաքագրման մակարդակը:
Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրեց նաեւ ընթացիկ տարվա աշխատավարձային պարտավորությունների` մինչեւ դեկտեմբերի 30-ն իրականացմանը: Մասնավորապես դեկտեմբերի 28-ի դրությամբ Շիրակի մարզում ընթացիկ տարվա աշխատավարձի պարտքը կազմում է 47 մլն դրամ, որից Գյումրիի պարտքը` 43 մլն դրամ, Արագածոտն ունի 1,5 մլն դրամի, Գեղարքունիքը` 486 հազ. դրամի պարտք:
Արձանագրվեց, որ ՀՀ համայնքների նախորդ տարիների կուտակած աշխատավարձերի պարտքից տարվա ընթացքում մարվել է 449 մլն դրամը, դեռեւս մարման ենթակա է 397 դրամը: Նշենք, որ 2008 հունվարի 1-ի դրությամբ պարտքը կազմել է շուրջ 2,3 մլրդ դրամ:
Ա. Գեւորգյանն անդրադարձավ նաեւ համայնքային բյուջեների ընդունման ընթացքին` առաջարկելով մինչեւ դեկտեմբերի 30-ը գործընթացն ամբողջությամբ ավարտել:
Խորհրդակցությանը մարզպետներին ներկայացվեց ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական նպաստների համակարգում տեղեկատվության հավաքագրման արդյունավետության բարձրացման հայեցակարգ»-ը եւ դրանից բխող` պետական նպաստների հասցեականության մեծացման միջոցառումների ժամանակացույցը:
Ըստ փաստաթղթի` 2011թ. հունվարից ընտանեկան անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստ ստանալու ակնկալիքով հաշվառված անձանց մասին տեղեկատվությունն ստացվելու է կենտրոնացված եղանակով: Նպաստի համակարգում ընդգրկվելու համար ՏԻՄ-երի կողմից այլեւս տեղեկանքներ չեն տրամադրվի, այդ գործառույթները կվերապահվեն հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումներին:
Մասնավորապես անշարժ գույքի սեփականության վերաբերյալ տեղեկանքը կտրամադրեն ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները, ընտանիքների կազմի վերաբերյալ տեղեկանքը` ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը, անսնագլխաքանակի մասին տեղեկանքը վավերացվելու է տարածքային անասնաբույժերի կողմից:
Նոր մեխանիզմների ներդրման եւ կիրառման հարցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ակնկալում է մարզպետների աջակցությունը: Փոխվարչապետ Ա. Գեւորգյանն առաջարկեց փոփոխությունները ներկայացնելու նպատակով խորհրդակցություններ անցկացնել մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Նա կարեւորեց փոփոխությունները` գործընթացում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման եւ համայնքի ղեկավարներին լրացուցիչ պարտավորություններից ազատելու տեսանկյունից, ինչը նաեւ չարաշահումների տեղիք էր տալիս:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ա. Ասատրյանը տեղեկություններ ներկայացրեց նաեւ ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգի ներդրման գործընթացի մասին` ակնկալելով մարզպետների աջակցությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովման, այդ թվում` միասնական ընդունարանների տեղակայման հարցում:
Փոխվարչապետը հանձնարարեց մարզպետներին մեկամսյա ժամկետում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տարածքների տրամադրման մասին առաջարկությունները, որոնք պետք է ամփոփվեն եւ ներկայացվեն կառավարություն:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստ. Մնացականյանն անդրադարձավ 2011թ. մարդահամարի կազմակերպման հարցերին: Մարզպետներին ներկայացվեցին 2010թ. հոկտեմբերի 21-30-ն անցկացված փորձնական մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, քննարկվեցին 2011թ. բուն մարդահամարի գործընթացն իրականացնելիս դրանցից խուսափելու առաջարկությունները:
Ա. Գեւորգյանը մարզպետներին հանձնարարեց փոխմարզպետների ղեկավարությամբ արդեն հունվարին ձեւավորել աշխատանքային խմբեր` 2011թ. մարդահամարի կազմակերպման աշխատանքները պատշաճ իրականացնելու եւ փորձնական մարդահամարի ընթացքում նկատված խնդիրները վերացնելու համար: Այդ հարցում կարեւորվեց համապատասխան մարմինների համակարգված աշխատանքը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը մարզպետների ուշադրությունը հրավիրեց ավագ դպրոցների ցանցի ձեւավորման ընթացքին` նշելով, որ ԿԳ նախարարությունը մարզպետներից ակնկալում է ամբողջացնել ավագ դպրոցների ցանկի վերաբերյալ առաջարկությունները:
Փոխվարչապետ Ա. Գեւորգյանը ԿԳ նախարարին առաջարկեց ներկայացնել յուրաքանչյուր մարզում ակնկալվող ավագ դպրոցների թվի վերաբերյալ տեղեկանք` գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար: ԿԳ նախարարն անդրադարձավ նաեւ կառավարության կողմից մշակված հակակառուպցիոն ռազմավարությունից բխող` հանրակրթության ոլորտում միջոցառումների ծրագրին` կարեւորելով մարզպետների աջակցությունը դրա իրագործմանը:
Ա. Աշոտյանը մարզպետներին ներկայացրեց նաեւ հանրակրթության համակարգի կառավարման ոլորտում իրականացվելիք բարեփոխումների մասին տեղեկություններ` ակնկալելով վերջիններիս աջակցությունը:
Խնդիրը մասնավորապես վերաբերում է դպրոցների տնօրենների վերապատրաստման եւ ատեստավորման նոր ընթացակարգերին, որից հետո տնօրենների թեկնածուները քննություն պետք է հանձնեն` պաշտոնում նշանակվելու համար: ԿԳ նախարարը նշեց, որ գործընթացը կազմակերպվելու է բաց եւ հրապարակային` օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը շնորհակալություն հայտնեց մարզպետներին` տարվա ընթացքում «Արի տուն» ծրագրի կազմակերպական աշխատանքներին օժանդակելու համար եւ նշեց, որ 2011թ. եւս ակնկալում է նրանց օգնությունը մարզերում հյուրընկալ ընտանիքների ընտրության հարցում:
Ա. Գեւորգյանը հույս հայտնեց, որ Սփյուռքի նախարարության եւ մարզպետների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաեւ գալիք տարի: Սփյուռքի նախարարը կարեւորեց նաեւ մարզպետների աջակցությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրին, որի նպատակն է հատկապես ԱՊՀ երկրների հայրենակիցներին ներգրավել հայրենիքում իրականացվելիք տարբեր նախագծերում:
Խորհրդակցության ընթացքում ՏԿՆ համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Ա. Սողոմոնյանը ներկայացրեց համայնքային ծառայության բնագավառում 2010 թ. ընթացքում կատարված աշխատանքները: Կարեւորվեց հայտ ներկայացրած համայնքային ծառայողների պարտադիր մասնակցությունը վերապատրաստման դասընթացներին:
Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրեց նաեւ առաջիկա տոնական օրերին համապատասխան մարմինների աշխատանքների պատշաճ կազմակերպման հարցերին, քննարկվեցին նաեւ կազմակերպչական այլ խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել