HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Կուզենամ, որ մեկը ինձ թիկունքից գրկի»

Ալավերդցի Ֆլորան Ղարաբաղում կռված մարտիկ է: Իր կյանքի 50 տարիների ընթացքում երբեք վախ չապրած այս կինը վերջերս վախ է հայտնաբերել իր մեջ. նա վախենում է մենակությունից: «Երբ ես ծնվել եմ, 43 տարեկան մայրս է եղել, 47` հայրս. ես թյուրիմացություն եմ եղել… 15 տարի սպասել եմ հորս. կալանավայրում էր:

Բանտ որ գնում էի, երկաթե դռները իմ առաջ բացում էին. էնքան գոռում-ճչում էի, բանտապետն ասում էր` դռները բացեք, էս էրեխեն մեղք է: Իմացել էի` պապան գալիս է, իհարկե սպասում էի նրան, բայց չէի համակերպվում էն մտքի հետ, որ ինքը պետք է մամայիս ծոցում քնի. ոնց թե, մաման իմ փայն էր: Հետո համակերպվեցի ու սիրեցի պապայիս շատ-շատ: Ինքն իմ դաստիարակության վրա շատ աշխատեց: Քույրերս ու եղբայրներս ամուսնացած են եղել, երբ ծնվել եմ: Ես նրանց երեխաների տարիքին եմ: Չնայած տան ամենափոքրն էի, բայց ընդունված էր, որ ամեն ինչ իմ ասածով պետք է լինի: Այսինքն` իրենք են մեղավոր` բոլորով, որ ինձ էսպիսին են դարձրել: Բացի էդ էլ, դե կյանքն է ստիպում: Բայց ավելի շատ արյանս մեջ է, իմ երակներում: Հիմա եթե ես ամուսին ունենայի, մեխը մեխելու լիներ, պետք է վերցնեի մուրճը ու մեխեի: Չէի սպասելու` ամուսինս գար տուն, իրան ասեի` մեխի: Իմ տիպի մարդիկ սիրում են ծանրությունը իրենց ուսերի վրա վերցնեն: Ինձ ասում են որձուկ, ասում եմ` չսովորեցիք, որ էդ բառը չպիտի ասեք, գիտեք, որ ես դա եմ. մարդը էությամբ ոնց կա, էդպիսին պիտի լինի: Ինչ ուզում է` ասեն, ես չեմ կարող չհասնեմ ու չօգնեմ. ես ոնց կարայի Սերիկին չհասնեի. նա օգնություն էր ինձանից խնդրում: Սենրիկը գարեջրի գործարանի` 15 մետր խորությամբ պահեստահորն էր ընկել, էդքան տղամարդը կանգնած` ես եմ պարանով իջել հանել եմ նրան: Մարդ կար, ասում էր` տղամարդ-աղջիկ է, մարդ էլ կար, ասում էր` ինչիդ է պետք, որ քիթդ խոթում ես: Ասում եմ` չեմ խոթում, ես մարդու կյանքի համար եմ պայքարում: Ես եմ խնամել ծնողներիս: 6 տարեկան էի, որ մայրս հիվանդանոց ընկավ, հետո էլ դարձավ անկողնային հիվանդ: Միաժամանակ տան աղջիկն էի ու տան տղան: Տան գնումները ես էի անում, տանը մի բան փչանում էր, ես էի սարքում: Լվացք էի անում, ճաշ էի եփում: Եվ աշխատում էի. չի եղել, որ չաշխատեմ: Դե աղջիկները օժիտ են դնում: Ես իմ օժիտը վաճառել եմ ու ծնողներիս պահել: Ուղարկում էի գյուղ, տեղը պանիր, յուղ էի վերցնում: Մտածում էի` օժիտս հետո էլ կդնեմ: Ամենակարևորը հարազատներն են, որ չկորցնես: Ղարաբաղյան շարժումը սկսվեց. էստեղ միտինգներ էին լինում, ինձ հետաքրքիր էր, մասնակցում էի: Հետո երկրաշարժ. օգնության ջոկատներ էին տանում Սպիտակ, Կիրովական, Լենինական. հերթապահել եմ Սպիտակում, խնամել եմ մարդկանց: 89 թ-ին Վլադիվոստոկում էի` եղբորս մոտ: Հեռուստացույցից իմացա, որ Հայաստանը Ադրբեջանի կողմից շրջափակման է ենթարկվել: Հաջորդ օրը էստեղ էի: Շարժման տղաներից իմացա` ինչ վիճակ է Ղարաբաղում: Տղաների հետ մինչ այդ արդեն մտերմացել էինք` Քոչարյան Արտիկ, Ջաղինյան Ռաֆիկ, Սիմոնայն Սասուն, Տրոս Համո, Պապոյան Ալիկ: Ալավերդուց 12 տղա արդեն Ղարաբաղում էին: Նրանք այնտեղ իրենց հովանավորության տակ էին վերցրել Ղազանչի գյուղը:

Լենինականի օդանավակայանից թռանք Ստեփանակերտ. ես զենք-զինամթերք էի տեղափոխում: Վայրէջք կատարեցինք, ՕՄՕՆ-ը շրջապատեց մեր ինքնաթիռը: Ես դուրս եկա ինքնաթիռից, որ տղաները չվնասվեն: Քոչարյան Արտիկն ասում էր` կասես, որ մորուքավորինն ա էդ պայուսակը, ասեցի` դուք ընտանիք ունեք, ես չունեմ, գնացեք ձեր ընտանիքին տեր կանգնեք: Իջա, նստեցի բեռնատար մեքենան: Էդտեղ մոտեցան զիվորներ, անեկդոտներ էին պատմում, հա-հա, հի-հի…էդ ժամանակ ես խաղում էի, չէի կարող չխաղալ…Մինչև քաղաք երեք անցակետերում մեզ ստուգեցին: Պայուսակիս շղթան բացում էին և այնտեղ ներքնազգեստները տեսնելով` նորից փակում: Բայց ես բռնվելուն էլ էի պատրաստ. կոշիկիս մեջ դրված էր դանակ, պայուսակիս մեջ` նռնակ ու մի հատ ատրճանակ. աղջկան չի կարելի թողնել, որ գերի ընկնի, այն էլ թուրքի ձեռքը: Զենքը իմ ձեռքով հասցրի նշանակետ, ոչ մեկին չէի վստահում, համ էլ ինձ էր հանձնարարված: Վերադառնալիս ամբողջ ճանապարհին զգում էի, որ իմ կարիքը ընդեղ կա, ու ես էլի պիտի գնամ: Երկրորդ անգամ գնացի արդեն որպես մարտիկ: Երբ դուրս էի գալիս տնից, հայրս ասեց` մի րոպե սպասի: Գնաց, ղամա են ասում` արծաթե կոթով ապուպապերից եկած մեծ դանակ ա, բերեց ինձ տվեց, թե` չթողնես քեզ մորթեն, դու կմորթես: Դուռը բացեց, ճակատս համբուրեց ու ճանապարհեց: 1993-ին Շուշիի հատուկ ջոկատում էի` Սեֆիլյան Ժիրայրի հրամանատարության տակ: Մինչև Զանգելան գնացել ենք ջոկատով: Ինձ թվում էր` մինչև Բաքու կհասնենք: Տղաներն ինձ խնայում էին, բայց դա ինձ դուր չէր գալիս: Ասում էի, եթե ձեզ հետ հավասար ըստեղ եմ, ուրեմն ձեզ հետ հավասար էլ պիտի ամեն ինչին մասնակցեմ: Տանը երբեք զենք չեմ պահել. զենքը տանը պահելու համար չի, զենքը մարտի դաշտում օգտագործելու համար է. ես դա միշտ էդպես եմ գնահատել: Ես ընկերուհիներ չունեմ, ընկերներ ունեմ շատ, երևի սովոր եմ. տղամարդկանց հետ եմ միշտ նստել վեր կացել: Բայց տղամարդկանց ընկերությունը միշտ եմ գերադասել. եթե երկու կին մի փոքր երկար են նստում, սկսում են բամբասել. կին ընկերները կարող են սուտ խոսել: Իսկ իմ ընկերներն ինձ չեն խաբում, խաբելու բան չկա, նրանք ինձ հետ սեր չեն անում, որ խարդախեն. տղամարդը մենակ սիրո մեջ է խաբում: Իմ ընկերները մարտական ընկերներ են, հիշելու շատ բան ունենք: Իրենց ընտանեկան կյանքից են խոսում, իրենց ընկերուհիներից են խոսում: Գիտեն, որ դա իմ մեջ է մնալու, իրանց կինը չի իմանալու: Ես ներքուստ տղամարդ եմ, բայց իմ կանացիությունը երբեք չեմ կորցնում: Մարզիչ ունեինք` ընկեր Ռուբիկ: Եկել էր Ալավերդի, ասել էր` մեր ջոկատի Ֆլորային կուզեմ տեսնեմ: Զանգեցին, գնացի: Հեռվից տեսել էր, ասել էր` չասեք` որն ա, ուզում եմ իրան կնոջ համազգեստի մեջ ճանաչեմ: Ու ճանաչել էր, ասել էր` զինվորական համազգեստի մեջ զինվոր է, կնոջ զգեստի մեջ` կին: 20 տարեկանում մեծ սեր եմ ապրել: Կորցրել եմ նրան և ուրիշ տեղ չեմ փնտրել: Էդ զգացմունքը հիմա նոր կյանք է ստացել, նույն անձնավորությունն է: Հիմա իրա հետ կապը կա, բայց ես հարգում եմ իրա ընտանիքը: Միգուցե վերջում չկարողանամ ինձ տիրապետել, դա ինձ ծայրահեղության տանի: Բայց որ դա էդ ա, էդ է, ինչ կարող եմ անել. իմը դա է, ու վերջ: Ինքը որ գալիս է, լցվում է ամեն ինչ: Իսկ երբ որ ցանկությունն է իմ մեջ խոսում, ես արդեն խոհանոցում եմ լինում: Ես իմ զգացմունքները միշտ իմ մեջ եմ պահում: Դա սխալ է, բայց էլ ոչինչ չեմ կարող անել, ես արդեն դա եմ: Աշխատում եմ` իմ արցունքները ուրիշը չտեսնի: Չեմ ուզում ասեն` Ֆլորան ընկճվել է, թուլացել է: Գլուխս միշտ բարձր եմ պահում: Բաց մեկ էլ շրջվում եմ ասում` լսեք, էլ չեմ ուզում տղամարդ լինեմ, ուզում եմ մի քիչ էլ կին լինեմ, ինձ կնոջ տեղ դրեք, հոգնել եմ արդեն. էս ծանրությունը ուսերիս դրած տանում եմ: Կուզենամ, որ մեկը ինձ թիկունքից գրկի, ու ես իմ թիկունքը ամուր զգամ: Այ դա եմ ուզում, ուրիշ բան չեմ ուզում…»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter