Ստեղծվել է սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող նոր մարմին
ՀՀ օրենսդրության և ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ստեղծել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, հաստատել դրա կանոնադրությունը և կառուցվածքը։ Ստեղծելով սննդամթերքի անվտանգության ոլորտի միասնական մարմին, որը պատասխանատու կլինի սննդամթերքի անվտանգության շղթայի բոլոր օղակների համար, գործադիրն ակնկալում է բացառել միջգերատեսչական շահերի և գործառույթների կրկնողությունը։
Հաջորդ երկու որոշմամբ նորաստեղծ ծառայությանն է վերապահվել Հայաստանում սննդի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառում պետական կառավարումն իրականացնող լիազոր մարմնի իրավասությունը, ինչպես նաև «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» և «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ների լիազորությունները։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ սննդամթերքի անվտանգության ոլորտի կարգավորումը Եվրամիության հետ իրականացվող կարևոր ծրագրերից է, որն անցել է համապատասխան փորձաքննություն։ Անդրադառնալով ստեղծվելիք ՊԿՀ-ի գործունեությանը, վարչապետը նշել է, որ հաջորդ տարվանից կառավարությունը գործելու է նոր միջավայրում։ Նախարարություններն այլևս փող ծախսելու գործառույթ չեն ունենալու, այլ իրականացնելու են ոլորտի ընդհանուր քաղաքականությունը, վերահսկելու են աշխատանքների կատարման, գումարների ծախսման ընթացքը։ Այս մեխանիզմը մեզանում առաջին անգամ է կիրառվում, ուստի մերթընդմերթ ճշգրտելու կարիք է զգացվելու։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել