«Ժառանգությունը» հատուցելո՞ւ է ավտովարորդներին պատճառված վնասը
Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու, «Անհատական տվյալների մասին» և ևս մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։
Հեղինակների կարծիքով գնաճային գործընթացներին դժվարությամբ դիմակայող քաղաքացիների համար ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը ֆինանսական հավելյալ բեռ է, ուստի այդ նորմը պետք է վերանայել։
Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ դրական բազմաթիվ դրույթներ բովանդակող ԱՊՊԱ-ի ներդրումը հանիրավի շահարկվում է։ Հնչում են անտեղի մեղադրանքներ, որոնց մի մասը պարզապես անհեթեթություն է։ Պոպուլիստական մղումներով առաջնորդվող այդ մարդիկ իրականում փորձում են խոչընդոտել բարեփոխման գործընթացը։ Հարց է ծագում` «Ժառանգությունը» հատուցելո՞ւ է այն վնասը, որ ավտովարորդներին կպատճառվի իրենց տրանսպորտի միջոցները չապահովագրելու դեպքում։ Օրենքն ընդունված է, պետք է այն հարգել և կատարել դրա պահանջները։
Նշված օրինագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել