Նամակ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Այսօր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակով տարածվել է Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված տեղեկատվությունը` ս.թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում զինադադարի խախտման դեպքերի մասին:
Նամակում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը շարունակաբար չարաշահում է իր` ՄԱԿ-ի անդամակցության հանգամանքը` առիթ բաց չթողնելով անամոթաբար վարկաբեկել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը:
Հակառակ Մինսկի խմբում ընթացող բանակցությունների ոգուն եւ հակառակ ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի, ադրբեջանական կառավարությունը` հանձինս նախագահի եւ նրա զանազան ներկայացուցիչների, արդեն երկար ժամանակ է` իրականացնում են այլատյացության լայնածավալ քարոզչական արշավ Հայաստանի եւ համայն հայության դեմ, որով ստեղծում են լուրջ սպառնալիք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար:
Հայաստանը, ինչպես եւ Մինսկի խմբի համանախագահները, մտահոգություն է հայտում 2010 թվականի ընթացքում շփման գծի երկայնքով ադրբեջանական սահմանախախտումների քանակի աճի եւ հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ, որոնց արդյունքում բոլոր կողմերից եղել են զոհեր: Ադրբեջանը շարունակում է մերժել Մինսկի խմբի համանախագահների եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչերը` շփման գծից դիպուկահարների հեռացման մասին, որոնցից վերջինը հնչել է 2010 թվականի դեկտեմբերի 1-ին, Աստանայում` ԵԱՀԿ-ի գագաթաժողովի շրջանակներում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, նամակը եւ կից նյութերը տարածվել են որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Գլխավոր ասամբլեայի փաստաթուղթ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել