HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն այցելել է պաշտպանական դիրքեր

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ավանդական այցով եղել է երկրի պաշտպանական դիրքերում:

Նախագահ Սերժ Սարգսյանը նախ այցելել է սահմանամերձ Խաչիկ գյուղ, զրուցել գյուղի բնակչության հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվել սահմանամերձ բնակավայրի խնդիրներով, որոնք, երկրի ղեկավարի հավաստմամբ, շարունակելու են մնալ պետության առանձնակի ուշադրության կենտրոնում: Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է պաշտպանական դիրքեր, պաշտպանական հենակետերում հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին: Սերժ Սարգսյանը հանձնել է նվերներ ծառայության ընթացքում իրենց պարտաճանաչությամբ, խիզախությամբ և անձնվիրությամբ աչքի ընկած զինվորներին: Հայաստանի Հանրապետության նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել հայոց բանակի բոլոր զինծառայողներին` Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար: Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, ասել է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա կապակցությամբ և 2011թվականին բոլորիդ ցանկանում եմ ուժ, կորով, հավատ, որպեսզի դուք կարողանաք պատվով կատարել այն սուրբ գործը, որ ձեզ է հանձնարարված: Զինվոր լինելը ամենապատվաբեր գործն է: Հայրենիքի սահման պաշտպանող զինվորը մեր աչքի լույսն է և որքան այդ զինվորը տոկուն լինի, հաստատակամ լինի, այնքան մենք լինելու ենք ավելի վստահ և ավելի կազմակերպված»: Պաշտպանական դիրքեր այցելության ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter