HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շողեր Մաթեւոսյան. «Նաեւ ազատ մամուլի շնորհիվ է, որ ընդդիմությունն այսօր ուժեղ է»

«Չորրորդ իշխանություն» (ՉԻ) թերթը տպագրվել է 1996-1998թթ.: Իշխանափոխությունից հետո լույս տեսավ երկու համար, որոնցում քննադատության էին ենթարկվում իշխանափոխություն իրականացրած «հայտնի ուժերը» եւ, խմբագիր Շողեր Մաթեւոսյանի խոսքերով, թերթի հրատարակումը դադարեցվեց բազմաթիվ սպառնալիքների պատճառով:

«Չորրորդ իշխանություն» թերթի տպագրության երկրորդ փուլը սկսվեց 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո, այժմ թերթի միջին տպաքանակը 8000 է, ինչը, խմբագրի խոսքերով, հնարավորություն է տալիս լինել անկախ թե՛ ֆինանսապես, թե՛ առհասարակ:

«Մեր թերթը հստակ քաղաքացիական կողմնորոշում ունի: Այս պահին թվում է, թե ունի նաեւ քաղաքական դիրքորոշում, բայց եթե համարենք, որ հիմա պաշտպանում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին, միեւնույն է, եթե նա եկավ իշխանության, թերթը լինելու է հասարակության կողքին: Թերթը միշտ մնալու է անկախ, եւ հետո` ես չեմ կարծում, որ նոր իշխանությունը լինելու է անթերի»,- ասում է Շողեր Մաթեւոսյանը:

- Ի՞նչ գնահատական կտաք այսօրվա մեր լրատվամիջոցներին, ինչքանո՞վ են վերջիններս ազատ կամ անկախ:

- Ֆինանսապես որոշ թերթեր, կարծես թե, արդեն կարողանում են ապահովել իրենց ազատությունը: Ես իշխանամետ կամ ազատ մամուլը վտանգավոր չեմ համարում: Վտանգավոր եմ համարում կեղծ ընդդիմադիր մամուլը: Որը, ասենք` գազի թանկացման բուն պատճառներին չի անդրադառնում, բայց գրում է, թե գների բարձրացումը շատ վատ է: Ես խուսափում եմ թերթերին բնորոշելիս կիրառել ընդդիմադիր բառը: Երբ ասում են` ընդդիմադիր «Չորրորդ իշխանությունը»-ը, պատասխանում եմ` մենք ընդդիմադիր չենք:

- Շատերը «ՉԻ»-ը համարում են ամենասկանդալիային թերթը: Այս գնահատականի հետ համաձա՞յն եք:

- Մեր թերթն ուղղակի համարձակ է, սկանդալային չէ: Ավելին` մեր հասարակության մեջ սկանդալային մամուլի պահանջարկ չկա: Հիշո՞ւմ եք, մեկ-երկու թերթեր ժամանակին փորձեցին սկանդալային հրապարակումներով իրենց վրա ուշադրություն հրավիրել, բայց ոչինչ չստացվեց: Արդյունքում` այդ թերթերը պարզապես դուրս մղվեցին լրատվական դաշտից: «ՉԻ»-ն բաց թերթ է, ազատ է եւ հիմնվում է տրամաբանության վրա: Հումորային նյութերի առատությունը ոմանց կարող է «խաբել», բայց վստահեցնում եմ` մեր ընթերցողները լուրջ մարդիկ են: Հենց այս ամենի հանրագումարն է պատճառը, որ իշխանությունները սարսափում են մեր թերթից:

- Իսկ չե՞ք կարծում, որ երբեմն «ՉԻ»-ն խախտում է էթիկայի կանոնները: Օրինակ` երբեմն մարդկանց պիտակավորում եք, օգտագործում եք գռեհիկ ածականներ:

- Չէ, գռեհիկ ածականներ չենք օգտագործում: Մեջբերում ենք ուրիշների օգտագործած գռեհիկ ածականները: Օրինակ, Սերժ Սարգսյանն Արտաշես Գեղամյանին անվանում է «դատարկ դհոլ», կամ Ռոբերտ Քոչարյանը տեղի-անտեղի խոսում է «վատ պարողին խանգարող հանգամանքների» մասին: Թող իրենք մտածեն, ու թող այդպիսի բառեր օգտագործելուց առաջ հիշեն, որ մամուլը կարող է իրենցից մեջբերումներ անել:

- Իսկ ինչո՞ւ «ՉԻ»-ն որեւէ լավ բանի մասին չի գրում: Ձեր կարծիքով հասարակության մեջ ոչ մի լավ բան չի՞ լինում:

- Ճիշտ հակառակը, ինչ լավ բան լինում է` հենց հասարակության մեջ է լինում: Օրինակ, վերջին ամիսներին հասարակությունը վճռական պայքարի ելավ եւ ազդարարեց, որ այլեւս չի պատրաստվում հանդուրժել ընտրակեղծիքների եւ բռնությունների վրա հիմնված այս իշխանություններին: Մեր թերթն էլ ամենայն մանրամասնությամբ լուսաբանում է այդ պայքարը:

- Մինչեւ վերջին իրադարձությունները, երբ ուժեղ ընդդիմություն չկար, մամուլն ընդդիմության ֆունկցիան վերցրել էր իր վրա: Բայց հիմա ուժեղ ընդդիմություն կա, իսկ մամուլն ավելի շատ է իր վրա վերցրել նրա գործառույթը:

- Նախ` այն, որ հիմա ուժեղ ընդդիմություն կա, դա նաեւ ազատ մամուլի շնորհիվ է: Երկրորդ` ազատ մամուլն ընդդիմության գործառույթն իր վրա չի վերցրել: Մենք պարզապես ընդդիմությանը հասարակության հետ հաղորդակցվելու հնարավորություն ենք տալիս եւ դրանով փորձում ենք հակակշռել իշխանությունների կողմից իրականացվող ինֆորմացիոն շրջափակումը:

- Ըստ Ձեզ` մամուլը բաժանվե՞լ է բանակների:

- Ոչ, մամուլը բանակների բաժանված չէ, որովհետեւ «իշխանական մամուլ» ասվածն ըստ էության ոչ թե մամուլ է, այլ քարոզչություն: Փաստորեն մամուլի բուն ֆունկցիան` անաչառ լրատվության տարածումը, իրականացնում է միայն «այս թեւի» մամուլը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter