HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Չգրեցի` հենց միայն իշխանություններին չօգնելու համար»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի նախկին աշխատակից Ծովինար Նազարյանը նախագահական ընտրություններից հետո դուրս եկավ աշխատանքից իր հայացքների պատճառով:

- Ինչու՞ հեռացար «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթից, որտեղ աշխատում էիր հինգ տարուց ավելի: 

- Նախ ուզում եմ մեկընդմիշտ ասել, որ խմբագրության հետ ընդհանրապես որեւէ կոնֆլիկտ չի եղել: Սա իմ անձնական որոշումն էր: Ես դուրս գալու մտադրություն շատ վաղ էի հայտնել, երբ արդեն ակնհայտ ահագնանում էր իշխանության թեկնածուի` ապագա նախագահի օգտին քարոզչությունը, եւ թերեւս տասնապատիկ ավելի ահագնանում էր նրա հիմնական մրցակցի դեմ հակաքարոզչությունը: 

Երբ անցյալ հոկտեմբերին պարզ դարձավ, որ Տեր-Պետրոսյանն առաջադրվում է, ու պայքարն ավելի է կոշտանալու, ես հայտնեցի, որ պատրաստվում եմ դուրս գալ, դիմում ներկայացրի: Ինձ առաջարկեցին ծանրութեթեւ անել, մտածել, չշտապել, բայց այդ որոշումը պահի ազդեցության տակ չէր ընդունված, այլ արդեն մտածված էր: Ինձ առաջարկեցին ձեռնպահ մնալ Տեր-Պետրոսյանի քարոզարշավը լուսաբանելուց, ինչը, իհարկե, շատ նորմալ է. եթե դու որեւէ մեկի նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունք ունես, ուղղակի նրա քարոզարշավին չես անդրադառնում: Ուժերի հարաբերակցության վրա որեւէ կերպ չազդելու համար ես երկու թեկնածուներին էլ չէի անդրադառնում, թեեւ գիտեի, որ դա էլ հարցի ժամանակավոր լուծում է: Սկզբունքորեն այնտեղ արդեն շատ քիչ անելիք ունեի. անում էի երկրորդական նյութեր` քարոզարշավի երկրորդ հատվածը:

Ինձ համար անընդունելի է անհամաչափ ուժի կիրառումը: Ես դրան մասնակցել չէի կարող: Սակայն հասկանալի էր, որ եթե ես չմասնակցեի էլ, դա անողներ կային: Բայց արդեն իմ անձնական որոշման հարցն էր` ես մնու՞մ եմ պետական հսկա մախինայի մեջ թեկուզ որպես աննշան պտուտակ, թե՞ դուրս եմ գալիս: 

Պայքարը շատ կոշտ էր ու, երեւի, խաղի բոլոր կանոնների ամենաբիրտ խախտմամբ: Ես պետական թերթում էլի քարոզարշավների եմ մասնակցել, բայց այդ մասշտաբի բռնություն որեւէ ընտրության ժամանակ չեմ հիշում: 

- Դու ականատե՞ս ես եղել դրանց:

- Չեմ ասի, թե ես եմ ականատես եղել, բայց իմ ընկերներից շատերն ընտրական հանձնաժողովներում էին եւ պատմում էին դրանցում առկա իրավիճակների մասին: 
Եվ երբ իմ տպավորությունները քվեարկության օրը հաստատվեցին, ես ներկայացրի դիմումս: Մարտի 1-ի դեպքերից հետո էլ հասկացա, որ շատ ճիշտ բան եմ արել, որովհետեւ այլեւս տեղ չկար: Եվ միակ սխալս երեւի այն էր, որ ավելի շուտ դուրս չեկա այդ համակարգից:

- Ինչու՞ գլխավոր խմբագիրը միանգամից չմակագրեց ազատվելու դիմումդ:

- Իմ կարծիքով` առաջին հանգամանքն այն էր, որ մենք բավականին երկար աշխատել էինք իրար հետ եւ մեր` գործատուի ու աշխատակցի միջեւ ձեւավորվել էին շատ վստահելի հարաբերություններ: Բացի այդ` ինձ թվում է, որ մարդկայնորեն ու պրոֆեսիոնալ իմաստով ինձնից հրաժարվելն այդքան հեշտ չէր. սա ասում եմ առանց ավելորդ համեստության: 

- Հիմա չե՞ս աշխատում:

- Այս պահին` ոչ: Վերջին մեկ տարում ֆիզիկական հոգնածության հետ նաեւ բարոյական հոգնածություն կար, ու աշխատել գրեթե չէի ուզում, բայց այլ կերպ էլ հնարավոր չէր: Երբ սեպտեմբերին Տեր-Պետրոսյանն ասպարեզ եկավ, ու իրավիճակն արդեն պարզ դարձավ, ես է՛լ ավելի դժկամությամբ էի ինձ ստիպում աշխատել:

- Տեր-Պետրոսյանին սատարող թերթերը քեզ աշխատանքի առաջարկ արե՞լ են:

- Ոչ, չեն արել:

- Իսկ եթե անեին, կընդունեի՞ր:

- Բանն այն է, որ խնդիրը «Հայաստանի Հանրապետության» խմբագրության հետ չէր, խնդիրը կամ պետական իշխանության հետ լինելն էր, որի գործողություններին ես համաձայն չէի, կամ հեռանալը: Այսինքն` ինձ ուղղակի դադարել էր դուր գալ ոչ թե թերթը, այլ իշխանությունը: Ինձ համար իդեալականը ազատ լրագրողի կարգավիճակն է, երբ դու ազատ ես գրածդ հրապարակել ցանկացած թերթում: Այժմ մեր թերթերի քաղաքական բեւեռացվածությունն ինձ չի ոգեւորում դրանցում աշխատելու համար, բայց, իհարկե, որոշում ընդունել պետք է, ինչը ես դեռ կանեմ: 

Ինձ համար երանելի կլիներ, եթե բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ լինեին, ու այդ դեպքում դու քեզ ազատ կզգայիր` քո ուզածը գրելու համար: Շատ կուզեի գրել Տեր-Պետրոսյանի քարոզարշավի նկատմամբ ունեցած իմ վերապահումների մասին, բայց չգրեցի` հենց միայն իշխանություններին չօգնելու համար, որովհետեւ դա կդառնար նրանց վարած հակաքարոզչության հսկայական ծավալի մի մասը: Այսինքն` խնդիրը ոչ թե անվերապահորեն մեկին սիրելն ու մյուսին ատելն է, այլ այն, որ դու ուզում ես գրել ազատ, բայց տեսնում ես, որ պետք է դառնաս քաղաքականության պտուտակներից մեկը, ընդ որում` ամենաանկիրթ, ամենաբիրտ, ամենագռեհիկ քաղաքականության:

Մամուլը պետք է խնդիրներ բարձրացնի, ներկայացնի հասարակական պահանջները, որի շուրջ բանավեճ ձեւավորի թեկնածուների միջեւ: Այդ դեպքում լրագրողը նույնիսկ իր համար քիչ թե շատ ընդունելի թեկնածուին, խնդիրների առաջ կանգնեցնելով, հարցադրումներ անելով, կարող է օգնել` ստիպելով նրան հասկանալ սոցիալական պահանջարկը: Լրագրողը կօգնի նաեւ հասարակությանը` վերջինիս պահանջմունքները ձեւակերպելով եւ այդ ամբողջ բեռը դնելով թեկնածուի ուսերին: 

Եթե թեկնածուների միջեւ պայմանները հավասար լինեին, ես հաճույքով վերլուծություններ կգրեի Տեր-Պետրոսյանի մասին` փորձելով ցույց տալ նրան, որ իր նկատմամբ մեծ աջակցությունը նաեւ «պահանջատիրական» է, ու նա այդ պարտավորվածությամբ պետք է գնա իշխանության, ինչպես յուրաքանչյուր թեկնածու: Բայց ինչպես ասում են` ցանկանում էինք ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter