HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդան և Չարենցավան քաղաքներում

Ամանորի նախօրյակին սննդամթերքի գների աճը կպահպանվի մինչեւ Տրնդեզ: Նման կարծիք էին հայտնում Էջմիածնի շուկայի առեւտրականները: Թեեւ դեկտեմբերի 29-31-ի համեմատ հատկապես մրգի գները 50-100 դրամով էժանացել էին, սակայն վաճառողներն ասում էին, որ գնանկում չի լինի: Օրինակ` նարինջը Ամանորի նախօրեին 700 դրամ էր, այսօր` 650, մանդարին հնարավոր էր գնել 350 դրամով, մինչդեռ դեկտեմբերի 31-ին 450 դրամից պակաս հնարավոր չէր գտնել: Էջմիածնի շուկայում գրեթե մեկը չգտնվեց, որ վաճառեր իր աճեցրած բերքը, բոլորը վերավաճառողներ էին: «Հեսա տրնդեզ ա գալիս, Նոր տարվա նման մարդիկ առեւտուր են անում, գները ո՞նց կիջնեն»,- ասում է վերավաճառող Աստղիկ Հարությունյանը: Նա Արմավիրի մարզի Արշալույս գյուղից է եւ, իր ասելով, արդեն 10 տարի է շուկայում առեւտուր է անում: Աստղիկը գյուղում հող ունի, սակայն չի մշակում` պատճառաբանելով, որ եկամուտ չի ստանում: «Շուկայում վերավաճառություն անելով կարողանում եմ տուն պահել, բայց հող մշակելով պարտքերի տակից դուրս չէինք գալիս: Մեկ կարկուտից էինք տուժում, մեկ ջուր չէր լինում, ես էլ որոշեցի թողնել հողն ու առեւտրով զբաղվել: Գոհ եմ, կարողանում եմ տունս պահել»,- ասում է նա: Վերավաճառողներն ասում էին, որ վերջին օրերի գնաճի պատճառները այլ տեղ փնտրենք, քանի որ իրենք կիլոգրամի մեջ 50-100 դրամ են օգուտ ստանում: «Մեզ ինչ գնով տալիս են, գրեթե նույն գնով էլ վաճառում ենք»,- նշում էին նրանք: Այն, որ գնաճ կա, փաստում է նաեւ վիճակագրական ծառայությունը: 2010թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1.8% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների գների 3.4 % գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով: Իսկ 2010թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.8%, ինչը 0.3 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.5%): Վիճակագրական ծառայությունը դիտարկել է հանրապետության բոլոր քաղաքները եւ պարզել, որ 2010թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.0-2.5%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդան, Չարենցավան քաղաքներում: Երեւանում սպառողական գներն աճել են 1.8%-ով: 2010թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 3.7% գնաճ, ինչը հիմնականում ձվի, մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի 8.4-18.8% գնաճի արդյունք է: Բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբում 2010թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 30.7%, իսկ 2010թ. նոյեմբերի համեմատ`18.8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է լոլիկի 1.7 անգամ, վարունգի 2.0 անգամ, կանաչ պղպեղի 2.1 անգամ, սմբուկի 3.3 անգամ գնաճով: 2010թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է գլուխ սոխի 0.9%, սխտորի 2.8%, կարտոֆիլի 3.1%, ճակնդեղի 6.3%, ծաղկակաղամբի 7.2%, կաղամբի 8.5%, խառը կանաչեղենի 7.9%, գազարի 9.1%, կանաչ սոխի 10.7% գնաճ: Դիտարկվող բոլոր քաղաքներում բանջարեղեն եւ կարտոֆիլ ապրանքախմբի գներն աճել են 8.3-24.0%-ով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երեւանում: 2010թ. դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ մրգի շուկայում արձանագրվել է 19.0%, իսկ 2010թ. նոյեմբերի համեմատ` 16.6% գնաճ: Խաղողը թանկացել է 22.5%, նուռը` 24.5, խնձորը` 42.1, իսկ տանձը 47.8%-ով: Նվազել են միայն մանդարինի, նարնջի, եւ կիտրոնի գները` 14.0 -3.3%-ով: Մրգի գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդան, Չարենցավան քաղաքներում, իսկ Երեւանում գներն աճել են 18.2%-ով: Օրինակ` Արագածոտնի մարզի Կարբիի գյուղապետ Ֆրունզիկ Նազարեթյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս տարի մոտ 520 հեկտար խնձորի այգիներից գյուղացիները ստացել են 20 տոննա խնձոր: Նախորդ տարիներին ստանում էին 4-5 հազար տոննա բերք: Բերքի պակասի հիմնական պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են եղել: Դեկտեմբերին իրարանցում առաջացրեց նաեւ ձվի գինը: Եթե ամռանը ձուն վաճառվում էր 25-30 դրամով, ապա դեկտեմբերին մարզերում ձվի գինը անցնում էր նույնիսկ 150 դրամը: Ըստ վիճակագրական ծառայության 2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ ձվի միջին գինն աճել է 25.7%-ով, իսկ 2010թ. նոյեմբերի համեմատ` 8.4%-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter