
Այսօր՝ Սուրբ ծննդյան առավոտյան, երկարատև հիվանդությունից հետո` ժամը 7:45-ին, կյանքից հեռացավ XXդ.-ի մեծագույն դիրիժորներից մեկը՝ Օհան Դուրյանը: Իր վերջին խոսքերն իր հանգուցյալ մորն էին ուղղված, մտքերն իր հայրենիքի հետ էին:
Մաեստրոն հեռացավ խաղաղ՝ հանգելով Մոցարտի երաժշտության հնչյունների ներքո, որ խնդրեց միացնել իր համար և որոնց հոգեվարքի պահին անգամ չափ տվեց ... մի վերջին անգամ: Նրա մահճի մոտ էին իր հարազատներն ու ամենամերձավոր բարեկամները:
Օհան Դուրյանն ապրեց քաղաքացու և մտավորականի անբասիր կյանքով և երբեք զիջումների չգնաց իր խղճի հաշվին: Մնաց իր սկզբունքների հավատարիմ, որ կոչված էին ծառայելու իր ժողովրդին: Ժամանակներն ու մարդիկ անցողիկ են, արժեքները՝ մնայուն: Եվ Օհան Դուրյանն այդ մնայուն արժեքներից է:
Նա գնաց, բայց շարունակում է ապրել իր մշակութային անգնահատելի ժառանգությամբ և իր հայրենիքի արժանավոր քաղաքացիների հոգիներում: Այն ամենն, ինչ ուներ, Դուրյանը տվեց իր ժողովրդին: Եվ ժողովուրդն անշուշտ կհատուցի նրա հիշատակին:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ հայությանն՝ այն անսահման և անկեղծ սիրո համար, որ ցուցաբերեց մաեստրոյին այս ողջ ընթացքում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեր կողքին էին այս դժվար ու ծանր օրերին: Աստված Ձեզ պահապան
Աղոթենք միասնաբար մաեստրոյի հոգու հանգստության համար:
Ալիս Դուրյան-Շամիրամ
Օհան Դուրյանի Այրին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել