Կապանի կողոպտված վերելակներն այս տարի էլ նորով չեն փոխարինվի
Կապան քաղաքի Դավիթ-Բեկ թաղամասի 7-րդ շենքի բնակիչներն արդեն 20 տարուց ավելի է, վերելակից օգտվելու հնարավորություն չունեն: 13 հարկանի շենքի բնակիչներն այս տարի էլ ստիպված կլինեն ոտքով բարձրանալ իրենց բնակարաններ, քանի որ շենքի 2 վերելակն այս տարի էլ չի գործի: Դրանք նորերով փոխարինելու համար մեծ գումար է անհրաժեշտ, որը, ըստ ոլորտի պատասխանատուների, չկա:
80-ականների վերջերին 13 հարկանի շենքի երկու` մարդատար և բեռնատար վերելակները փչանալուց հետո ժամանակի ընթացքում ամբողջովին կողոպտվեցին: Մեծ չափեր ունեցող վերելակները կրկին շահագործելու համար նոր պահեստամասեր էին պետք, իսկ հիմա արդեն խորհրդային տարիներին արտադրված վերելակների պահեստամասեր ձեռք բերելն անհնար է:
Հարցի միակ լուծումն այս շենքի` արտադրությունից դուրս մնացած հին վերելակները նորերով փոխարինելն է, ինչը ծախսատար է, և այս տարվա ընթացքում դեռևս նախատեսված չէ:
Կապանի վերելակային տնտեսության տնօրեն Հուսիկ Հայրապետյանը հաճախ է բողոքներ ստանում շենքի բնակիչներից, բայց իր խոսքերով` հնարավոր չի լինում բնակիչների բողոքներին դրական արձագանքել, քանի որ համակարգում շատ խնդիրներ կան:
«Դավիթ-Բեկի 7 շենքը միակը չէ քաղաքում, որտեղ վերելակը չի աշխատում: Կապանում այս պահին կա 156 վերակ, որից 117-ն է աշխատում, իսկ մնացած 38-ը պատերազմի տարիներից լիովին թալանված է, որոնց փոխարեն պետք է տեղադրվեն նորերը: Սակայն 2011թ. համայնքային բյուջեով դրանց համար գումարներ չեն նախատեսվել: Առաջին իսկ վերելակի ձեռքբերման դեպքում տեղադրելու ենք հենց այս շենքում, որովհետև այս շենքի բնակիչներից շատ ենք բողոքներ ստանում»,- ասում է Հուսիկ Հայրապետյանը:
Նրա խոսքով` վերելակները նորոգելը միայն իրենց խնդիրը չէ, և բնակիչներն ու համատիրությունը ևս պետք է աջակցեն, քանի որ վերելակները համարվում են նրանց սեփականությունը: Սակայն Դավիթ-Բեկ համատիրության նախագահ Էդիկ Սիմոնյանը բազմիցս է ասել, որ համատիրությունն ի զորու չէ աջակցել այս գործում, քանի որ բնակիչները համապատասխան գումար չեն վճարում համատիրությանը: Բնակիչներն էլ իրենց հերթին համատիրությանն են մեղադրում, թե շենքի համար ոչ մի գործ չի անում:
Տիկին Մարինեն Դավիթ-Բեկի 7 շենքի հին բնակիչներից է, ով 20 տարուց ավելի է, ամեն օր ոտքով է 6 հարկ բարձրանում և իջնում: «Ամեն անգամ դիմում ենք համապատասխան կառույցին` վերելակային տնտեսությանը, ասում են` փող չկա, պիտի նոր վերելակ դնենք, դա էլ շատ թանկ արժե»,- ասում է բնակչուհին:
«Կապանի վերելակային տնտեսություն» ՀՈԱԿ-ում չեն ուզում սուտ խոստումներ տալ բարձրահարկ շենքերի բնակիչներին և ասել, թե նոր սկսված տարում չգործող վերելակներ այլևս չեն լինի քաղաքում: 2011թ. համայնքային բյուջեով ընդամենը 10 մլն դրամ է նախատեսվում տրամադրել վերելակային տնտեսությանը: Այս գումարը կբավականացնի միայն գործող 117 վերելակի անխափան աշխատանքն ապահովելուն: Իսկ առկա խնդիրների լուծման համար 10 մլն դրամը, ըստ Հուսիկ Հայրապետյանի, չնչին գումար է: Անցած տարի քաղաքապետարանը հատկացրել էր 26 մլն դրամ, որով բարձրահարկ շենքերում մասնակի նորոգվել է 20 ու հիմնանորոգել 4 վերելակ:
«Բնակիչների կողմից բողոքներ միշտ էլ կան: Պատահում է` անգամ նորոգված վերելակն է փչանում: Բնակիչները աջակցում են նորոգման գործում: Հաճախ էլեկտրաէներգիայի խափանման պատճառով շարքից դուր են գալիս տրանսֆորմատորները: Շատ ցավոտ հարց է վերելակների պահպանումը»,- ասում է Կապանի վերելակային տնտեսության տնօրենը:
Նա նշում է, որ վերելակները տարեկան մեկ անգամ մասնակի նորոգելը, հետազոտելը, եզրակացություն տալը պարտադիր է: Սակայն այս ամենը չի արվում, քանի որ համապատասխան թվով աշխատողներ չկան: Եթե ամեն թաղամասում Կապանի վերելակային տնտեսությունը կարողանա ունենալ համապատասխան թվով էլեկտրամեխանիկներ, հերթապահներ, ապա շահագործվող վերելակների աշխատանքը հնարավոր կլինի անվտանգ դարձնել:
«Այսօրվա դրությամբ դա չկա, քանի որ դրա համար մենք չենք ֆինանսավորվում ոչ քաղաքապետարանի, ոչ էլ բնակչության կողմից: Ունենք ընդամենը 7 աշխատող: Այս տարվանից նոր ձևով ենք աշխատելու: Քանի որ վերելակները բնակիչների սեփականությունն են համարվում, ուրեմն պետք է աջակցեն մեզ դրանց անխափան աշխատանքն ապահովելու համար: Որոշել ենք յուրաքանչյուր մուտքի բնակիչներից ամեն ամիս 5 հազարական դրամ հավաքել, որպեսզի կարողանանք ունենալ աշխատող` վերելակի անխափան աշխատանքն ապահովելու և ժամանակին էլեկտրաէներգիայի համար վճարելու նպատակով»,- հավելում է Հուսիկ Հայրապետյանը:
Ռաֆայել Մինասյան 14 շենքի վերելակը հաճախակի է խափանվում, և բնակիչներն իրենք են հոգում վերելակի պահպանման ծախսերը. ամեն ընտանիք ամսական 550 դրամ է վճարում: Վերելակի պահեստամասերը հին են, հաճախակի են փչանում, ինչի հետևանքով հաճախ վերելակում մարդ է մնում: Նման դեպքերի համար շենքի բնակիչները, բացի ամսական 550 դրամից, հավելյալ գումար են հավաքում:
«Նախատեսված քաշից ավելի շատ են ծանրաբեռնում, դրա համար էլ շուտ-շուտ է փչանում: Հիմա վերելակի մոտ թղթի վրա գրել կախել ենք, որ բարձրանալիս 4 հոգուց ավել չնստեն, իսկ իջնելիս միայն 2 հոգով իջնեն: Մատոռը որ փչանում է, գումար ենք հավաքում, սարքել տալիս, մինչև սարքելն էլ ստիպված ոտքով ենք բարձրանում», -ասում է 9 հարկանի շենքի բնակչուհի տիկին Դիանան:
Հավաքված գումարից 2500 դրամը բնակիչները վճարում են վերելակի աշխատողին, իսկ մնացած գումարով վճարում էլեկտրաէներգիայի համար:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել