HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արեւադաշտում ընտրություններ են

Հունվարի 9-ին Արմավիրի մարզի Արեւադաշտ գյուղում համայնքապետի արտահերթ ընտրություններ են: 2010թ. հոկտեմբերին մահացել է գյուղապետ Վաչիկ Ասատրյանը, եւ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարն է վերջինիս տեղակալը` Հովսեփ Օհանյանը: Հենց նա էլ հավակնում է կիրակի օրն ընտրվել համայնքապետի պաշտոնում: Արեւադաշտում պայքարը հեշտ չի լինելու, քանի որ Հովսեփ Օհանյանի հետ պայքարելու է նաեւ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության աշխատակից Արամ Ղազարյանը: Վերջինս ՀՀԿ խմբակցության անդամ է: Պաշտոնապես Հովսեփ Օհանյանն անկուսակցական է, սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ, նա խոստացել է համայնքապետ ընտրվելու դեպքում անդամակցել ՀՀԿ-ին: Արեւադաշտի ընտրությունները կարեւոր են իշխանությունների համար, քանի որ եկող տարի խորհրդարանական ընտրություններ են լինելու եւ հենց գյուղապետերն են ձայներ բերում կուսակցություններին: Այն, որ Հովսեփ Օհանյանն է լինելու Արեւադաշտի համայնքապետը, գյուղում գրեթե ոչ ոք չի կասկածում: Նա ջերմ հարաբերությունների մեջ է թիվ 15 ընտրատարածքից մեծամասնականով ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանի հետ (Արեւադաշտը թիվ 15 ընտրատարածքի մեջ է): Հենց նա էլ զբաղվում է թեկնածուի PR-ով: Արամ Ղազարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ինքն է վայելում Հանրապետականի աջակցությունը: Ինչ վերաբերում է Խաչիկ Մանուկյանի աջակցությանը մրցակից թեկնածուին, ապա Ա. Ղազարյանն ասաց, թե այդ մասին տեղեկություն չունի: «Խաչիկ Մանուկյանի հետ աշխատանքային լավ ընկերներ ենք, դժվար թե նա նման որոշում կայացներ: Բացի դա` ՀՀԿ-ն ինձ  է սատարում, դժվար թե պատգամավորն այլ թեկնածուի սատարի»,- ավելացրեց Ա. Ղազարյանը: Նա դժգոհություններ չհայտնեց նախընտրական քարոզարշավից` ասելով, որ ամեն ինչ անցել է «կոռեկտության սահմաններում»: Միակ դժգոհությունն այն է, որ Կառավարությունն ուշ է որոշում կայացրել գյուղում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Արամ Ղազարյանի ասելով` ընտրությունները պետք է անցկացվեր ամանաուշը դեկտեմբերի 26-ին, սակայն անհասկանալիորեն ընտրությունների օր է նշանակվել հունվարի 9-ը: Քանի որ ընտրություններն արտահերթ են, քարոզարշավի ժամանակ չի եղել: Այն պաշտոնապես մեկնարկել է դեկտեմբերի 28-ին եւ կավարտվի այսօր: «Քարոզարշավը համընկավ տոնական օրերի հետ եւ պատշաճ չենք կարողացել պատրաստվել: Սակայն մեր շտաբերի միջոցով հանդիպումներ եղել են ընտրողների հետ»,- ասում է Ա. Ղազարյանը: Նշենք, որ Արեւադաշտն ունի ընդամենը 313 ընտրող: Այս համայնքում ընտրությունները կազմակերպում է թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովը: Հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը «Հետքին» փոխանցեց, որ քարոզարշավն անցել է օրենքի շրջանակներում եւ որեւէ դժգոհություն թեկնածուներից չի ստացել: Երբ Գայանե Սուքիասյանից խնդրեցինք տրամադրել թեկնածուների հեռախոսահամարները, նախ զարմացավ, թե ինչու պետք է նրանց հեռախոսահամարներն ունենա, այնուհետեւ փոխանցեց, որ իրավունք չունի խառնվել քարոզարշավի դուրս եկած թեկնածուների գործերին: «Ես ոչ մի իրավունք, այդ թվում բարոյական իրավունք չունեմ խառնվել նրանց գործերին: Հեռախոսահամարներն ինչի՞ս են պետք, որ ունենամ: Երբ պետք է լինում այցելում եմ գյուղ, հաճախ եմ այնտեղ լինում»,- ավելացրեց Գ. Սուքիասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter