Էրդողանը հրամայել է քանդել Հայաստանի ու Թուրքիայի միջև բարեկամություն խորհրդանշող հուշարձանը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատվիրել է քանդել Կարսում գտնվող, Թուրքիայի և Հայաստանի միջև բարեկամություն խորհրդանշող հուշարձանը: Էրդողանը սրանով ցանկացել է ցույց տալ, թե որքան սառած են Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը բացելու և հարաբերությունները բարելավելու ջանքերը:
Շաբաթ օրը Կարսում ելույթ ունենալով` Էրդողանը հուշարձանն անվանել է «այլանդակ»: Նա Կարսի քաղաքապետին, ով հենց իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից է, կոչ է արել քանդել հուշարձանը մինչ իր հաջորդ այցելությունը Կարս և տեղում այգի կառուցել:
Էրդողանն ասել է. «Նրանք այլանդակություն են տեղադրել… Անհնար է մտածել, որ այդպիսի բանը կարող է գոյություն ունենալ արվեստի հիմնարար գործերի կողքին»: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը` վկայակոչելով թուրքական Անադոլու գործակալության տվյալները:
Հուշարձանը, որը 3 մետր բարձրություն ունի, կանգնեցվել է 2008 թ. ՀՀ-ի սահմանից 40 կմ հեռու: Հուշարձանի տեղադրման ծախսերը հոգացել է Կարսի նախկին քաղաքապետը, որը մեծ ջանքեր էր գործադրում Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, քանի որ հույս ուներ, որ սահմանի բացումից Կարսը կշահի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել