Հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման հերթական փորձը
Լոնդոնում կայացած հայ-ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը կրկին վեր հանեց կողմերի հակասությունները:
Երրորդ երկրների տարածքում կազմակերպվող հանդիպումներին մասնակցող երիտասարդ հայերն ու ադրբեջանցիները փորձում են բարելավել երկու ազգերի հարաբերությունները, որոնք խզվել են ղարաբաղյան հակամարտության պատճառով:
Հայ եւ ադրբեջանցի երիտասարդների հանդիպումները տեղի են ունենում Թբիլիսիում, Մոսկվայում եւ անգամ Արեւմտյան Եվրոպայում, սակայն այստեղ էլ են նույն լարվածությամբ անցնում, ինչով էլ բացատրվում է այն փաստը, որ ղարաբաղյան հակամարտությունն առ այսօր չի լուծվել:
«Կյանքումս առաջին անգամ եմ հայերի հանդիպում: Բայց երբ նայում եմ հորս նկարներին, տեսնում եմ, որ խորհրդային տարիներին նա հայ ընկերներ է ունեցել: Ես նրա որդին եմ: Նշանակում է`ես էլ կարող եմ հայ ընկեր ունենալ: Ինչո՞ւ ոչ», - ասում է Ալի Ջաֆարովը:
Նա սովորում է Լոնդոնում ու իր ընկերների հետ եկել է հայ-ադրբեջանական ֆիլմեր դիտելու, որոնք ստեղծվել են հայ եւ ադրբեջանցի երիտասարդ լրագրողների հանդիպումների ու համատեղ աշխատանքի շնորհիվ:
Ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպել է Բրիտանական «Conciliation Resources» կազմակերպությունը, որը փորձում է «Երկխոսություն ֆիլմերի միջոցով» նախագծի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի երիտասարդների համար միմյանց ճանաչելու հնարավորություն ստեղծել:
Խորհրդային տարիներին Ադրբեջանի կազմում ընդգրկված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերն, իրենց ինքնորոշման իրավունքն օգտագործելով, անկախացան Ադրբեջանից ու հռչակեցին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, որը մինչ օրս չի ճանաչվել ոչ մի երկրի կողմից:
1990-ականների սկզբներին սկսված ղարաբաղյան պատերազմը 1994-ից զինադադարի փուլում է, սակայն խնդրի կարգավորման շուրջ մինչ օրս ընթացող բանակցությունները դեռ որեւէ լուրջ արդյունքի չեն հանգել:
«Մենք փորձել ենք երիտասարդ լրագրողներին ֆիլմեր պատրաստելու որոշակի գաղափարներ ներկայացնել եւ տեսնել` արդյո՞ք կկարողանան երիտասարդ ադրբեջանցիները եւ ղարաբաղյան հայերը համագործակցել այդ ֆիլմերը նկարահանելիս եւ, նախեւառաջ, ներկայացնել դրանք իրար», - նշում է «Conciliation Resources» կազմակերպության Կովկասի ծրագրի տնօրեն Ջոնաթան Կոհենը:
Նրա ղեկավարած ծրագրի շրջանակներում հետպատերազմյան Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի մասին պատմող 20 ֆիլմ է նկարահանվել, սակայն տարածաշրջանում դրանց լայն ցուցադրություն այդպես էլ չի կազմակերպվել:
Ադրբեջանցի լրագրող Նաիլիա Բաբաեւան այս ծրագրի շրջանակում ֆիլմ է պատրաստել հայ կնոջ մասին, ով մինչ օրս ապրում է Ադրբեջանում ու չի պատրաստվում տեղափոխվել: Բաբաեւան ասում է, որ նախկինում էլ աշխատել էր համատեղ նախագծերում, բայց անմիջական շփում Հայաստանի կամ Ղարաբաղի հայերի հետ չէր ունեցել:
Լրագրող Լուսինե Մուսայելյանի ֆիլմը խառն ամուսնության մասին է. պատմություն ու հերոսներ գտնելուց հետո նա թեման քննարկել է ադրբեջանցի գործընկերների հետ, հետո միայն նկարահանել: Լուսինեի համար սա առաջին հանդիպումը չէր ադրբեջանցիների հետ: Երկու լրագրողներն էլ ջերմ հիշողություններ ունեն «թշնամական» ազգը ներկայացնող իրենց գործընկերների հետ համատեղ աշխատանքից:
«Իհարկե, հայ գործընկերների հետ աշխատանքի ընթացքում վեճեր լինում են, սակայն դա սովորական երեւույթ է, քանի որ նույն ձեւով էլ աշխատում եմ իմ ադրբեջանցի գործընկեների հետ: Մենք բոլոր խնդիրները լուծում ենք` ազնիվ լինելով եւ իրար ասելով, թե ինչն է մեզ դուր գալիս, իսկ ինչը` ոչ», - ասում է Բաբաեւան:
Սակայն ֆիլմերի ցուցադրության ժամանակ ի հայտ եկան հայերի եւ ադրբեջանցիների տարաձայնությունները, որոնք ակնառու են նույնիսկ Բրիտանիայում ապրող երիտասարդների շրջանում:
«Ես ապրել եմ Ուզբեկստանում եւ բազմաթիվ հայ ընկերներ ունեի: Նրանց հետ խնդիրներ չեմ ունեցել, բայց երբեք մեր տուն չեմ հրավիրել: Դա ճիշտ չէր լինի: Իմ ծնողները ժամանակին Հայաստանում են ապրել, բայց ստիպված են եղել հեռանալ այնտեղից: Ես կարծում էի, որ նրանց մեր տուն հրավիրելը սխալ կլիներ», - պատմում է Լոնդոնում սովորող մեկ այլ ադրբեջանցի ուսանող Սեյմուր Նիֆտալիեւը:
Խոսելով Հայաստանի մասին` Սեյմուրը հայկական տեղանունների փոխարեն ադրբեջանական անուններ օգտագործեց ու Սեւանա լիճը կոչեց Գյոյչա, ինչը վրդովեցրեց ներկա հայերին: Փոքրիկ վիճաբանություն ծագեց պատմության ու տեղանունների վերաբերյալ` ցույց տալով, թե որքան խորն է կողմերի միջեւ եղած անդունդը:
«Այսօրվա քննարկմանը հիմնականում ադրբեջանցիներն էին հարցեր տալիս ու խոսում: Քննարկման օտարազգի մասնակիցներին կարող է թվալ, թե հայերը համարձակություն չունեն խոսել, բայց խնդիրը համարձակությունը չէ, պարզապես չենք ուզում տեղ տալ նրանց ասածներին ու վեճի մեջ մտնել: Մենք վստահ ենք մեր իրավացիության մեջ», - ասում է Հասմիկ Թամամյանը:
Այս խոսքերն ապացուցում են, որ հայերն ու ադրբեջանցիները դեռ երկար ճանապարհ պետք է անցնեն` իրենց հարաբերությունները բարելավելու համար:
Հրանտ Սարգսյանն աշխատում է իր համալսարանի ուսանողական իրավաբանական բաժնում եւ շփումների այնքան էլ հաջող փորձ չունի. «Մի անգամ մի երիտասարդ զույգ եկավ մեր բաժին, մոտեցան ինձ ու բարեւեցին ժպիտով: Ես էլ հարցրի, թե ինչով կարող եմ օգնել: Այդ պահին տղան տեսավ ազգանունս` հագուստիս ամրացված: Նրա դեմքի արտահայտությունը փոխվեց ու հարցրեց, թե որտեղից եմ: Ասացի` Հայաստանից: Նրանք ինչ-որ բան խոսեցին ադրբեջաներեն, շրջվեցին ու գնացին»:
Հայազգի լրագրող Մարկ Գրիգորյանը, ով Լոնդոնում աշխատում է BBC-ի ռուսական ծառայությունում, հաճախ է մասնակցում նման միջոցառումների: Նա վստահ է, որ հայերն ու ադրբեջանցիները ընդհանուր շատ բան ունեն ու կարող են ընկերներ լինել:
«Ես բազմիցս մասնակցել եմ նման միջոցառումների: Եվ ամեն անգամ ուշադիր նայում եմ մասնակիցների դեմքերին` փորձելով գուշակել, թե նրանցից ով է հայ, ով` ադրբեջանցի: Հաշվի առնելով նրանց, ում արդեն ճանաչում եմ, երբեք չեմ կարողացել տարբերել հայերին մյուսներից: Իսկ սա նշանակում է, որ նման բաները քաղաքականությունից դուրս են», - ասում է նա:
Քննարկման ժամանակ Ադրբեջանական Եվրոպական միության նախագահ Թալեհ Հեյդարովը պատրաստակամություն հայտնեց համագործակցել հայ ուսանողների հետ, թեեւ նշեց, որ նախկինում իր շփումները հայերի հետ առանձնապես արդյունավետ չեն եղել: Երիտասարդներն այս անգամ էլ որոշեցին փորձել ու տվյալներ փոխանակեցին, այն հույսով, թե կկարողանան համատեղ նախագծեր իրականացնել:
Լուսինե Գրիգորյան, Կովկաս
Կովկասյան լրատու # 572
24-ը դեկտեմբերի, 2010թ.
Լուսինե Գրիգորյանն ազատ լրագրող է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել