Վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանին։ Վարչապետն ասել է, որ 2010 թվականի ցուցանիշները իրենց չգոհացրին, և դրանք էական ազդեցություն թողեցին հանրապետության բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների վրա։
«Գյուղատնտեսության ոլորտում աննախադեպ բարձր անկումը բերեց բազմաթիվ բացասական հետևանքների` գյուղմթերքների գների աննախադեպ տատանողականության աճ, գների բարձր մակարդակ։ Այն ունեցավ բավական լուրջ սոցիալական ազդեցություն մեր գյուղացիների կենսամակարդակի վրա։ Միևնույն ժամանակ նախարարությունում շատ անելիք կա բարեփոխումների, ինստիտուցիոնալ կառույցների ձևավորման տեսանկյունից»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Վարչապետի խոսքով` նորանշանակ նախարարին շատերն են ճանաչում, քանի որ նա մշտապես առնչվել է գյուղատնտեսության ոլորտին, ծանոթ է առկա խնդիրներին։ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ նախարարը արագ կմտնի աշխատանքային հունի մեջ և կկարողանա իրականացնել ակնկալվող բարեփոխումները: Տիգրան Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանին` կատարած աշխատանքի համար։
Սերգո Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և վարչապետին` նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահեցրել, որ կներդնի իր բոլոր ուժերն ու կարողությունները` ակնկալվող արդյունքներին հասնելու և ՀՀ կառավարության գործունեության ծրագրում նախանշված հիմնախնդիրները լուծելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել