Հարձակման է ենթարկվել իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի աշխատասենյակը
2010թ. հունվարի 10-ին պարզ դարձավ, որ հարձակման է ենթարկվել իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի աշխատասենյակը: Վերջին 2 ամսվա մեջ սա 2-րդ հարձակումն է իրավապաշտպանի գրասենյակի վրա: Այս պահի դրությամբ իրավապաշտպանը դեռևս չի հայտնաբերել որևէ կորած իր աշխատասենյակից:
Նախորդ անգամ` 2010թ. դեկտեմբերի 6-ին, անհայտ անձինք ներխուժել էին գրասենյակ, կոտրել փաստաթղթերը պահելու համար նախատեսված պահարանների դռների կողպեքները, տարել համակարգչի մոնիտորը և արբանյակային հեռուստաալիքների կոդազերծող սարքը: Իսկ գրասենյակում գտնվող գումարը «գողերը» չեն վերցրել: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Հելսինկյան ասոցիացիան համոզված է, որ նախկինում կատարված նմանատիպ դեպքը չի բացահայտվում ոստիկանության անգործության պատճառով, և վստահ է, որ այս վերջին նմանատիպ դեպքն էլ չի բացահայտվելու: Հելսինկյան ասոցիացիան հայտարարում է, որ վերոհիշյալ հարձակումները իշխանության պատվերն է, որն ուղղված է միմիայն Արտակ Զեյնալյանի իրավապաշտպան գործունեության դեմ: Այս տեսակ քայլերը նպատակ են հետապնդում խոչընդոտել իրավապաշտպանի գործունեությանը: Արտակ Զեյնալյանը «Իրավաբաններն ընդդեմ բռնությունների» հասարակական կազմակերպության համակարգողն է, «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայության անգործությունը դատական կարգով վիճարկող իրավահաջորդների, ինչպես նաև 2010թ. ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում մահացած Վահան Խալաֆյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը: Ա. Զեյնալյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է մի շարք գործեր, այդ թվում նաև` «Մելտեքս ՍՊԸ» և Մ. Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը «Ա1+» հեռուստաընկերության վերաբերյալ:
Հելսինկյան ասոցիացիա, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 10 Հունվարի, 2011թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել