HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Հրանուշ Խառատյան. «Ամանորյա մեր ճոխ սեղանի պատճառը մեր աղքատությունն է»

Այսօր մեզանում կա 10 պաշտոնական եւ 20 տաղավար տոն, մինչդեռ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքերով` հայերը տոնական մշակույթ չունեն եւ ամբողջ ուշադրությունը սեւեռում ենք սեղանի վրա. «Մենք տոների հետ կապված պրոբլեմ ունենք: Տոնը հասարակական կարեւորագույն արժեք է, իսկ այսօրվա Նոր տարվա տոնը որեւէ արժեք մեր հասարակության մեջ չի ապահովում. բովանդակազուրկ է»: Ըստ ազգագրագետի` այսօր տոն եւ սեղան հասկացությունները ձուլված են, եւ Նոր տարին դրա գագաթնակետն է, այնինչ նախկինում այդպես չի եղել. «Մեզ ներքին ուրախությունն է պակասում, որը կոմպեսացնում ենք առատ սեղաններով»: Սիմոն Երեւանցի կաթողիկոսի կողմից հաստատված օրացույցի համաձայն` նոր կյանքի սկիզբ է համարվել Քրիստոսի ծննդյան օրը, հետեւաբար, Նոր տարին պետք է լինի հունվարի 6-ին, բայց գործնականում երբեք այդպես չի նշվել: Հնում երկու տարբեր Նոր տարի են նշել` Նավասարդ կամ Կաղանդ եւ Նոր Տարի: Հունվարի 1-ը` որպես Նոր տարի նշելու ավանդույթից 100 տարի էլ դեռ չի անցել: Նոր տարին բոլոր ժողովուրդների մոտ ունի յուրահատուկ դրսեւորումներ, որոնք հենց բովանադակության հետ է առնչվում: Օրինակ` ավարտվածը դառնում է անցյալ, պետք է սկսվի նորը, անցյալի հետ բոլոր բացասական կապերն անհրաժեշտ է խզել եւ փորձել բոլոր դրական երեւույթները «տեղափոխել» նոր տարի: Շատ արժեքավոր է նաեւ նորոգել ազգակցական կապերը: Երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոանը դեռ մանկուց շատ է սիրել Ամանորը, հատկապես` Ամանորյա նվերները: Ամանորը նրա համար միշտ ժամանակի հետ հարաբերվելու նշանակություն է ունեցել: Երգահանի խոսքերով` տխուր է, որ այս տոնը մեզանում իր մեջ շարժում չունի, այսինքն` մենք հավաքվում ենք միասին, բայց չենք երգում, չենք պարում, չենք շարժվում: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի համար էլ տոնը միասին գործ անելու, միավորվելու խորհուրդ ունի: Նա համոզված է, որ ինչպիսին մեր հանրային կյանքն է, այնպիսին էլ մեր տոներն են, եւ վիճակը անմխիթար է բոլոր ծեսերի առումով: Նա էլ խոսեց տոնական մշակույթի բացակայության մասին, որի հիմնական մեղավորը համարեց կրթությունը. «Միայն երեխաների մոտ չկա ուրախության պակասը»: Նան նշում է, որ իրենք 200 ուսուցիչներով եւ ծնողներով որոշել են, որ հաջորդ տարի դեկտեմբերի վերջը սկսեն պասի սեղանով: Ազգագրագետը դիտարկմամբ` աղքատ եւ ոչ բարեկեցիկ հասարակությանն է բնորոշ առատ եւ ճոխ սեղանները, այսինքն` Ամանորյա մեր ճոխ սեղանի պատճառը մեր աղքատությունն է, բացի այդ` կա մրցակցության խնդիր: «Սեղանի առատության մեջ չէ ուրախությունը»,- ասում է նա եւ նշում, թե ելքը լուրջ մշակված կրթամշակութային քաղաքականությունն է: Լիլիթ Պիպոյանը համոզված է, որ ծեսերով չես ավելացնի ուրախությունը, փոխարենը նա առաջարկում է չստել, լինել բարի եւ ազնիվ: Երգահանի խոսքերով` մենք մեր ավանդույթների 90 տոկոսն արդեն կորցրել ենք, իսկ դրանց իմաստներն էլ`վաղուց մոռացել: Նա դեմ է «թանգարանային ազգագրությունը 21-րդ դարի մեջ մտցնելուն», քանի որ մենք այժմ ուրիշ մարդիկ ենք եւ չենք կարող անել նախկինում արածները: Ազգագրագետն էլ հիմնական խնդիր համարում է այն, որ մենք չգիտենք` ինչպես ուրախանալ եւ ինչ անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter