2010 թ. ՀՀ քաղաքացիություն է ստացել 284 փախստական
1996թ.-ից ի վեր ՀՀ քաղաքացիություն է ստացել 82.884 փախստական
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունում, որի ընթացքում ներկայացվեցին կառույցի կողմից 2010թ-ին կատարված աշխատանքները եւ 2011 թ-ի ծրագրերը:
Ծառայության պետ Գագիկ Եգանյանը 2010-ը համարեց ինտենսիվ աշխատանքի տարի` տեղեկացնելով, որ առանձին ոլորտներում արձանագրվել են որոշակի ձեռքբերումներ:
Աշխատանքներ են կատարվել ինչպես ոլորտի օրենսդրության բարելավման, այնպես էլ միջպետական պայմանագրերի կնքման ուղղությամբ: Մասնավորապես մշակվել է «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը», որն արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: Տարվա ընթացքում մշակվել են նաեւ «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք ենթաօրենսդրական ակտեր` ամբողջացնելով ոլորտը կարգավորող իրավական դաշտը:
Կառավարությունը հավանության է արժանացրել նաեւ նշված օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը, որի նպատակը օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած բացթողումների վերացումն է: Այն ուղարկվել է Ազգային ժողով:
Ընդլայնվել է նաեւ միջազգային համագործակցությունը: Մասնավորապես` վավերացվել է ոլորտին վերաբերող 3 միջազգային պայմանագիր: Երկու երկրի` Ռուսաստանի Դաշնության եւ Չեխիայի հետ կնքվել են ռեադմիսիոն համաձայնագրեր: Հայաստանը ներկայումս այդպիսի համաձայնագրեր ունի 13 պետության հետ, եւս չորս երկրի հետ շարունակվում են բանակցությունները` նմանատիպ փաստաթղթերի ստորագրման ուղղությամբ:
Միգրացիոն ոլորտում առավել ընդլայնված համագործակցության հաստատման վերաբերյալ բանակցություններ են վարվում Ֆրանսիայի եւ Քաթարի հետ: Ոլորտում 2011թ. երկկողմ գործակցություն կծավալվի Շվեդիայի, Լիխտենշտեյնի հետ:
Ծառայությունն ակտիվորեն ներգրավված է ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրով նախատեսված գործընթացներում: Աշխատանքներ են իրականացվում միգրացիոն կառավարման համակարգը օրենսդրական եւ ինստիտուցիոնալ առումներով ԵՄ համակարգին համարժեք դարձնելու ուղղությամբ: Այդ նպատակին է ուղղված «Աջակցություն միգրացիոն մարմնի կարողությունների հզորացմանը» ծրագիրը, որի իրականացումը նախատեսվում է 2012թ-ից եւ տեւելու է 27 ամիս:
Տեղեկացվեց, որ տարվա ընթացքում Հայաստանում ապաստան ստանալու համար ծառայություն է դիմել 50 օտարերկրյա քաղաքացի, որից 14-ի դիմումը բավարարվել է, 23-ինը մերժվել, 5-ինը կասեցվել, իսկ 8 դիմում գտնվում է քննարկման փուլում: Վերջնական մերժում ստացած 6 անձանց Հայաստանից արտաքսելու համար ծառայությունը դիմել է ՀՀ ոստիկանություն, մերժում ստացած 8 օտարերկրացի դիմել է դատարան: Ապաստանի հայցով դիմողները եղել են Իրանից, Իրաքից, Աֆղանստանից, Չինաստանից, Թուրքիայից, Վրաստանից, Նիգերիայից, Կոտ դ'Իվուարից, Մալիից, Սիրիայից:
Փախստականներից 2010թ. ստացվել է հանրակացարանով ապահովման վերաբերյալ 264 դիմում, համապատասխան ուսումնասիրություններից հետո բավարարվել է 50-ը: Ներկայումս ՏԿՆ ենթակայության տակ գտնվող հանրակացարանային ֆոնդը գրեթե սպառված է: Խորհրդակցության ընթացքում միաժամանակ առաջնահերթ համարվեց Երեւանում փախստականներով բնակեցված մի շարք հանրակացարանների շենքային պայմանների բարելավման խնդիրը:
Նշվեց, որ ծառայության նախաձեռնությամբ 2010թ. հարուցված վարչական վարույթի արդյունքում դադարեցվել է 95 անձի փախստականի կարգավիճակը: Շարունակվել է փախստականներին ճամփորդական փաստաթղթերի տրամադրման գործընթացը. անցած տարի տրվել է 1173 վկայական: Ադրբեջանից բռնագաղթված փախստականների աշխատանքային ստաժը սահմանելու համար համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովը քննել է շուրջ 200 գործ, որից դրական լուծում է ստացել 84-ը:
Տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն է ստացել 284 փախստական: Այսպիսով, 1996թ. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականների ընդհանուր թիվը կազմում է 82.884:
Միաժամանակ նշվեց, որ դեռեւս ամբողջությամբ լուծված չէ Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակարանային ապահովման խնդիրը, եւ այդ նպատակով 2011թ. պետական բյուջեում գումարներ չեն նախատեսվել: Ներկայումս բնակարանային խնդիր ունի 1169 ընտանիք, որից 860-ը` Երեւանում:
Սակայն քայլեր ձեռնարկվում են այլ միջոցներ ներգրավելու ճանապարհով խնդիրը լուծելու ուղղությամբ: Մասնավորապես` այդ նպատակով 2011թ. նախատեսվում է Երեւանում անցկացնել միջազգային դոնոր կազմակերպությունների հանդիպում-քննարկում:
2011թ. անելիքներից առանձնացվեց նաեւ «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգ»-ի իրականացումն ապահովող գործողության ծրագրի, Հայաստանից անկանոն միգրացիոն հոսքերի ծավալների կրճատման վերաբերյալ առաջարկությունների մշակումն ու ներկայացումը ՀՀ կառավարություն եւ այլն:
Ա.Գեւորգյանը նկատեց, որ ծառայությունը հիմնականում իրականացրել է 2010-ին իր առջեւ դրված խնդիրները եւ կարեւոր համարեց, որ տարվա ընթացքում գործակալությունից ծառայության կարգավիճակի անցումը եղել է սահուն, չի խաթարվել կառույցի բնականոն աշխատանքը:
Նա միաժամանակ նշեց, որ ծառայությունը լուրջ անելիքներ ունի` հատկապես միգրացիոն կառավարման համակարգը ԵՄ համակարգին համապատասխանեցնելու ուղղությամբ եւ կարեւորեց համագործակցությունը միջազգային կազմակերպությունների ու, հատկապես, Եվրամիության հետ:
Փոխվարչապետը նաեւ հանձնարարեց ուսումնասիրել եւ տեղեկություններ ներկայացնել աշխատանքային միգրացիայի ոլորտում իրավիճակի եւ միջնորդ կազմակերպությունների գործունեության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել